«Որոգայթն» աշնանը կցուցադրվի՝ արդեն գեղարվեստական ֆիլմի տեսքով

«Որոգայթն» աշնանը կցուցադրվի՝ արդեն գեղարվեստական ֆիլմի տեսքով

Սերիալ արտադրող հայաստանյան երկու ամենահայտնի հեռուստաընկերությունները՝ «Շանթն» ու «Արմենիան», վերջին շրջանում որոշել են իրենց որոշ հեռուստասերիալներ գեղարվեստական ֆիլմ դարձնել, նորովի նկարահանել ու արտասահմանյան շուկա դուրս բերել։ Մասնավորապես, խոսքն «Արմենիա» TV-ով հեռարձակված «Կյանքի գինը» եւ «Շանթով» հեռարձակված «Որոգայթ» հեռուստասերիալների մասին է, որոնք բավականին մեծ լսարան ունեին։ Թե ինչ վիճակում են ֆիլմի նկարահանման աշխատանքները, «Արմենիա» հեռուստաընկերությունից մեզ չկարողացան պատասխանել. մեզ հետ խոսող աշխատակցուհին տեղեկություն չուներ, իսկ կոմերցիոն, գովազդային բաժնի աշխատողներն էլ արձակուրդում էին։ Թեեւ մեզ ասացին, որ «Արմենիան» ավելի վաղ հերքել է այդ լուրերը։



Իսկ «Որոգայթը», պարզվեց, շուտով էկրան դուրս կգա։ Ֆիլմի PR բաժնի պատասխանատու Ծովինար Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք գեղարվեստական ֆիլմ են նկարում հայտնի սերիալի մոտիվներով, նկարահանումներն արդեն ավարտվել են։ Ըստ նրա՝ նոր «Որոգայթը» ոչ թե համանուն սերիալի խտացրած տարբերակն է, այլ «ընդհանուր սերիալական գծերը պահպանվել են, սյուժետային որոշ բաներ կան, սակայն, ընդհանուր առմամբ, շատ փոփոխությունների է ենթարկվել»։ «Այսինքն՝ զուտ սերիալը եթե դարձնեին գեղարվեստական ֆիլմ, էդ դեպքում, որակի առումով, գուցե շատ լավը չլիներ։ Կերպարներ են փոխվել, ֆիլմում նոր կերպարներ են ավելացել, ասենք՝ սերիալային կերպարներ կային, որոնք գեղարվեստական ֆիլմում արդեն չկան, փոխարինվել են»,- ասաց նա։



Ո՞րն է ֆիլմի ստեղծման նպատակը, Կարապետյանն ասաց․ «Քանի որ սերիալը լավն էր եւ ժամանակին բավականին մեծ ռեյտինգ ուներ, եթե հիշում եք, եւ, ըստ էության, բավականին լուրջ ասելիք, որը գուցե այն ժամանակ այդքան լավ չընկալվեր…»։ Բայց կային նաեւ դժգոհություններ, որ մեր երեխաները «գողական դաստիարակություն» են ստանում այդ սերիալով։ «Հենց դա է խնդիրը, որ ուղղակի էդպես «գողականների» մասին ֆիլմ չէր, ֆիլմի հիմքում ընկերության, մարդասիրության մասին լուրջ գաղափարներ կային, որոնք հիմա՝ գեղարվեստական ֆիլմում, ավելի ընդգծված են, ավելի լավ են երեւում ռեժիսորական, սցենարական աշխատանքի շնորհիվ»։ Ինչ վերաբերում է դերասանական անձնակազմին, ապա գլխավոր դերում կրկին Հարություն Մովսիսյանն է՝ Հովոն, մասնակցում են նաեւ Գրիշա Աղախանյանը, Ստեփան Ղամբարյանը, Սոս Ջանիբեկյանը, Արփինե Գաբրիելյանը, Ելենա Բորիսենկոն, Սոֆյա Պողոսյանը։ Նրանցից ոմանք, ի դեպ, հայտնի են դարձել հատկապես «Արմենիայի» «Կյանքի գինը» սերիալում նկարահանվելու շնորհիվ։ Ֆիլմի հետ կապված այլ մանրամասներ Ծովինարը խնդրեց իմանալ «Որոգայթի» ռեժիսոր Ռոման Մուշեղյանից։



Վերջինս մեզ ասաց, որ այս պահին ընթանում են ֆիլմի մոնտաժային աշխատանքները, որոնք, ինչպես նաեւ գունային ձեւավորումը, տեղի են ունենում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, եւ ինքն էլ վերջերս է վերադարձել Կիեւից։ Ֆիլմի պրեմիերայի հստակ օրը դեռ որոշված չէ, սակայն, հավանաբար, կցուցադրվի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Ինչ վերաբերում է փոփոխություններին, Ռոման Մուշեղյանն ասաց․ «Ինքը հիմա ավելի շատ գեղարվեստական ֆիլմի տեսքով է, աշխատել ենք սերիալի ամբողջ դրամատուրգիան պահպանել, բայց սյուժետային՝ ինքն ավելի հագեցած, լուրջ պատմություն ա»։



«Որոգայթի» ցուցադրման ընթացքում շատ էր խոսվում այն մասին, որ «գողական» բարքեր է քարոզում, այդ առումով որեւէ փոփոխություն եղե՞լ է։ «Բնականաբար։ Էդ ասեկոսեները միշտ էլ պտտվում են, բայց էնտեղ, եթե հետեւել եք դրամատուրգիային, ֆիլմն ինքը ամբողջը պատմում էր էն մասին, որ երիտասարդ, խոստումնալից սպորտսմենը եւ նկարիչը, որ ուզում էր դառնար, ճակատագրի բերումով հայտնվում էր էդ շրջապատում՝ անկախ իր կամքից, ու ստիպված սկսում էր պայքարել էդ ամեն ինչի դեմ, եւ պայքարի ձեւն ընտրում է հենց էդ կրիմինալ ժանրի միջոցով պայքարը՝ հանդիպելով իր ճանապարհին տարբեր փորձությունների։ Հիմա ֆիլմում էդ գիծն ավելի շատ ներկայացված է, այսինքն՝ ռետրո պատմությունը կա, Հովիկի երիտասարդությունը, թե ինչպես է ինքը հայտնվել էդ աշխարհում»։



Այդ դեպքում ի՞նչ դաստիարակչական նշանակություն կարող է ունենալ այդ ֆիլմը մատաղ սերնդի համար, ֆիլմի ռեժիսորն ասաց․ «Դե, դաստիարակչական նշանակություն եւս կարող է ունենալ, որովհետեւ ֆիլմի կոնցեպտն էնպես ա գծված, որ Հովիկը՝ գլխավոր հերոսը, իր խոսակցության ընթացքում մի քանի անգամ կրկնում է, որ ինքն իր ցանկությամբ չի հայտնվել էդ աշխարհում եւ ամեն անգամ ափսոսում է էդ կրիմինալ դաշտի մեջ հայտնվելու համար, որ էդ կյանքն ինքը չի ընտրել, կամ իրեն հաճելի չի եղել հայտնվել դրա մեջ, բայց ստիպված ա եղել հայտնվել եւ փորձել պայքարել»։



Ռոման Մուշեղյանն ասաց, որ ֆիլմն սկզբնական շրջանում կցուցադրվի հայաստանյան շուկայում, սակայն նպատակ ունեն Սփյուռքի մեր խոշոր գաղթօջախներում ցուցադրել՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա․ «Հետագայում նպատակ կա նաեւ միջազգային ասպարեզ դուրս բերել»։ Ֆիլմի բյուջեի մասին Ռոման Մուշեղյանը չցանկացավ որեւէ բան ասել, քանզի լիազորված չէր հրապարակել նման տվյալներ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ