Վարդան Այվազյանի ծննդավայր Տաբածղուրի գյուղում կրքերը գնալով թեժանում են

Վարդան Այվազյանի ծննդավայր Տաբածղուրի գյուղում կրքերը գնալով թեժանում են

Վրաստանի Բորժոմի շրջանի հայաբնակ Տաբածղուրի գյուղում, որը ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ծննդավայրն է, կրքերը նորից թեժացել են, եւ լարվածության նոր ալիք է հասունացել։ Ամբողջ խնդիրը կապված է գյուղի տարածքում գտնվող համանուն՝ Տաբածղուրի լճի հետ, որը, ըստ գյուղացիների, գնել եւ սեփականացրել է հենց ինքը՝ Այվազյանը։ Այս լճից ձուկ որսալու լիցենզիա ունի միայն Այվազյանի հիմնած «Լճեր» ՍՊԸ-ն։ Այս մասին ժամանակին էլի է գրվել, ասում են՝ Տաբածղուրի գյուղի բնակիչները զայրացած են Այվազյանի վրա ու չգիտեն, թե ինչ կանեն, եթե Այվազյանը հայտնվի գյուղում։ Գյուղացիներից ոմանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ այս ընթացքում իրենք մեծ դժվարությամբ, սակայն կարողացել են ձուկ որսալ լճից, որը, ի դեպ, գյուղի հիմնական ապրուստի միջոցն է։ Երեկ առավոտյան, սակայն, նրանց վրա ոստիկանական «հարձակում» է եղել։ «Գիշերը լճի մոտ դարանակալել էին մի քանի մեքենաներով, առավոտյան եկան, իրենց արագընթաց լոդկաներով կազմակերպված մտան լիճ ու երեք հոգու բռնեցին-տարան, չորս լոդկա էլ բռնագրավեցին։ Ժողովուրդը՝ մանրով, մեծով, կանանցով, ելավ ոտքի, ու փակեցին ճանապարհը, մինչեւ որ ձերբակալվածներին բաց չթողնեն։ Ձերբակալվածներին բաց թողին, բայց լոդկաները հետ չտվին»,- մեզ հետ զրույցում պատմեցին Այվազյանի համագյուղացիները։



Ի դեպ, գյուղացիները մեզ հետ զրույցում չցանկացան անհատապես ներկայանալ՝ նշելով, որ իրենց հանդեպ հետապնդումներ կան, եւ առայժմ չեն ուզում անվանական երեւալ, սակայն խնդրեցին իրենց խոսքերը ներկայացնել ամբողջ գյուղի անունից։
«Մենք պահանջում ենք, որ լիցենզիա տան ժողովրդին, դառնանք լիազորված անձ, մենք էլ օգտվենք, մենք էլ պետության հարկը տանք»,- ասացին նրանք՝ նշելով, որ ձկան հույսին են մնացել, որ սա էլ չլինի, ստիպված են գյուղը լքել, քանզի ուրիշ ապրուստի միջոց չկա։ Հարցին՝ լճից ձուկ որսալու լիցենզիա այս պահին ո՞վ ունի, ասացին․ «Լիցենզիա ունի Այվազյան Վարդանը, բայց չգիտենք, թե ինչքանով է հիմնավորված, ինչքանով՝ չէ, մեկ էլ մի երկու հոգի կան, որ ունեն»։



Հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ են զրուցել Վարդան Այվազյանի հետ, կարգավորել խնդիրը, եւ վերջին անգամ ե՞րբ է նա գյուղ այցելել, ասացին․ «Այվազյանը մի անգամ եկավ, ժողովուրդը համաձայն չէր… մենք ուզում ենք մեր ներկայացուցիչը, որ խելքը գլխին մարդ լինի, որ թողնի ժողովուրդն աշխատի… վերջին անգամ գարնան սկզբներին է գյուղ եկել, էս վերջերս էլ Խանդո էր եկել՝ թաղման, բայց գյուղ չեկավ։ Նույնիսկ գյուղում մահ կար, ինքը չներկայացավ։ Ժողովուրդը չի ընդունում իրեն, ժողովուրդը որ իրեն տեսավ՝ չգիտեմ ինչ կանի»։



Խոսեցինք նաեւ Վարդան Այվազյանի հետ։ Նա հենց սկզբից ասաց, որ ինքը մեզ այս թեմայով բան չունի ասելու․ «Ես էստեղ՝ Հայաստանում նստած, ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ ասեմ…»։
Դիտարկմանը, թե գյուղացիներն իրենից են բողոքում, իր անունն են տալիս, արդյոք պատրաստվո՞ւմ է հանդիպել համագյուղացիների հետ, զրուցել, հասկանալ, թե որն է խնդիրը, պարոն Այվազյանն ասաց․ «Ո՞ւմ հետ հանդիպեմ։ Հանդիպել եմ յոթ անգամ, ասել եմ՝ 100 տոկոս ձուկը… իշխանությունների հետ ա, ես ի՞նչ կապ ունեմ»։ Բայց մեղադրանքները հիմնականում իրեն են ուղղված, Այվազյանը զարմացավ՝ պահ, ո՞վ ա էդ մեղադրողը․ «Անուն-ազգանուն գիտե՞ս… հենց որ անուն-ազգանուն կիմանաս, ինձ կզանգես… մեկի անուն-ազգանունն ինձի կասե՞ս, տենամ ով ա ինձ մեղադրում»։ Նա նաեւ նշեց, որ այսօրինակ լուրերը լրագրողներն են շրջանառում, եւ որ ինքն էլ մամուլից է տեղեկացել այս ամենի մասին։ «Ես լրագրողներից եմ իմացել, որ սենց բան ա եղել, Հայաստանում եմ ու եթե կարողանում եմ Վրաստանում էստեղից էնտեղ, ասենք, էդ ձեւի գործողություններ կատարել, ուրեմն նշանակում ա՝ տես ինչ հզոր տղա եմ ես»։



Հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է օգնել համագյուղացիներին այս հարցում, գնալ գյուղ, փորձել տեղի իշխանությունների հետ կարգավորել այս խնդիրը, թեկուզ հանուն իր համագյուղացիների, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Ե՞ս։ Ես չեմ իմանում ինչ ա եղել, որ կարգավորեմ կամ չկարգավորեմ… եթե ես 100 տոկոս ասել եմ՝ գիտե՞ք ինչ կա, 50 տոկոսը՝ ձեզ, 50 տոկոսն էլ դրեք գյուղի վրա, ո՞նց ես մտածում, դու տենց բան կարա՞ս անես»։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ լճից ձուկ որսալու լիցենզիան իրե՞ն է պատկանում միայն, պատգամավորն ասաց․ «Լիցենզիան պատկանում ա էդ ֆիրմային, որի սեփականատերը ես չեմ»։



Իսկ ո՞վ է սեփականատերը։ Պարզվեց՝ տեղյակ չէ։ «Էդ էլ Դուք ճշտեք»,- ասաց նա։ «Ասում եմ՝ տեղյակ չեմ, շարունակում եք… ես էստեղ՝ Հայաստանում նստած, էնտեղ Վրաստանի իշխանություններն ինչ-որ բան են անում, ասում եք՝ Դուք տեղյա՞կ եք»։
Նշենք, որ Տաբածղուրի գյուղի բնակիչներն ավելի վաղ դատի էին տվել պատգամավորի ընկերությանը, պահանջելով անվավեր ճանաչել ընկերության՝ ձկնորսությամբ զբաղվելու արտոնագիրը, բայց դատարանը վճիռը կայացրել էր հօգուտ «Լճեր» ՍՊԸ-ի։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ