Կեցցե այն Մակինցյանը, որ վաղն է գալու

Կեցցե այն Մակինցյանը, որ վաղն է գալու

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Հրապարակ» օրաթերթում որոշել է անդրադառնալ իմ «Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր» մենագրությանը, սակայն, ցավոք, չի հասկացել, որ դա մենագրություն է՝ իր երկու հավելվածներով: Ամեն դեպքում՝ հաճելի է, որ գիրքն ընթերցվում է, ինչպես նաեւ՝ գրավոր կարծիք է հնչում: Ցավալի է, իհարկե, որ կարծիք գրողը կամ լավ չի կարդացել, կամ մինչեւ վերջ չի կարդացել, կամ Մակինցյանի հանդեպ այնպիսի ուժգին զգացմունք ունի, որ գրքում եղած բացահայտումներից կորցրել է կարդացածն ադեկվատ ընկալելու ունակությունը:



Հոդվածն սկսվում է «սենսացիոն բացահայտումով». «Անտիպ եւ անհայտ էջեր» գրքում, բացի մի քանի նյութից եւ նամակների հատվածներից, մնացածը տարբեր ժամանակներում տպագրված է եղել: Պարոն Աթանեսյանին երեւի ծանոթ չէ գրական հայերենում խիստ տարածված ԱՆՀԱՅՏ բառը. եթե մի հոդված տպագրվել է անցած դարի 10-ականներին, ապա 20-ականներին, եթե այդ երկու հրատարակությունները դժվարհասանելի են, եթե տերյանագիտության հարյուրամյա պատմության ընթացքում ՈՉ ՄԻ տերյանագետ ԵՐԲԵՎԷ չի անդրադարձել այդ հոդվածին, ուրեմն այդ հոդվածը կարելի է ԱՆՀԱՅՏ անվանել:



Պարոն Աթանեսյանը վստահ է, որ գիրքը մեկ նպատակ ունի. նսեմացնել Պողոս Մակինցյանին: Այն, որ վերոնշյալ անձը, ով Կարսի պայմանագիրն ստորագրած երկրորդ հայն է, ով միակ հայն է, որ փորձել է հրաժարվել մաշտոցյան այբուբենից եւ միջնադարյան մեր ԲՈԼՈՐ մատյանները նվիրել ռուսական թանգարանին (եւ բազում այլ աններելի մեղքեր հայ ժողովրդի ու իր «ընկերոջ»՝ Վահան Տերյանի հանդեպ), այսօր պաշտպան ունի, միանշանակորեն նշանակում է, որ Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը եւս ԱՆՀԱՅՏ է (ոչ թե անտիպ, պարոն Աթանեսյան):



Ես հասկանում եմ, որ իմ մենագրությունը խիստ վիրավորական է մակինցյանասեր ինչ-որ խմբակների համար: Մի կողմ թողնենք այս հարցի քաղաքական կողմը, թեեւ կարծիք հայտնողը քաղաքական գործիչ է: Վիրավորական է, քանի որ իր ազգությունն ուրացած «Պաոլոն» իր համար հրաշալի հիմնավորում էր գտել՝ ինչպես մնալ հայոց պատմության մեջ՝ առանց այն արյան ու կեղտի, որ ուղեկցում էին նրան վերջին երկու տասնամյակներում: Մակինցյանը վերջին խուլիգանի պես հարձակվել էր Տերյանի այրու՝ Անահիտ Տերյանի վրա, զենքով ու սպառնալիքներով խլել էր ողջ ժառանգությունը, ապա հալածում էր Անահիտին, տպագրում էր Տերյանի բանաստեղծությունները, իսկ հոնորարը, ի դեպ, յուրացնում էր: Գրքում ես շատ մատչելի (ցավում եմ, որ ոչ բոլորն են հասկացել) ցույց եմ տվել այն բոլոր սխալներն ու կեղծարարությունները, որ արել է Մակինցյանը՝ որպես տեքստաբան եւ գրականագետ:



Եթե Մակինցյանը տերյանասեր էր, ինչո՞ւ է նրա ընտանիքը թալանված ձեռագրերը մինչ այսօր պահում իրենց տանը: Մի քանի ամիս առաջ Մակինցյանի թոռնուհին ինձ ասաց, որ Մակինցյանի աղջկա՝ Անահիտի վերջին ցանկությունն այն է եղել, որ Տերյանի արխիվը սառեցվի: Չեն պատրաստվում վաճառել, նվիրել, տալ ինչ-որ թանգարանի, նրանք արխիվը սառեցրել են: Պարզ է, չէ՞, տերյանասիրության աստիճանը եւ այն, թե ինչքան ուշադիր են հայ ժողովրդի հարստության հանդեպ:



Պետք է նշեմ, որ Աթանեսյանի հոդվածից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը կարդացել է գրքի միայն ներածությունը, առաջին գլխի առաջին ենթագլուխը, ինչպես նաեւ Տերյանի դիմումի բնագիրը (մոտ 50 էջ՝ 740-ից), բայց դա էլ քիչ չէ:
Ինչ վերաբերում է Վահան Տերյանի «բոլշեւիկացմանը», ապա պարոն Աթանեսյանը կրկին չի հասկացել, որ ես ոչ թե անիծում կամ ջնջում եմ անցյալը, այլ փաստերն եմ արձանագրում. դա արվել է եւ ի շահ Տերյանի, եւ ի շահ խորհրդային իշխանության լեգիտիմացման: Այժմ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու: Զարմանալի է, իհարկե, որ ազատագրված, այսինքն՝ ստալինյան որոշումը բեկանած Արցախի պատգամավորին թվում է, որ եթե խորհրդային իշխանությունը Վահան Տերյանին չընդուներ, ապա պոետը կմոռացվեր. հիշեցնեմ, որ Ստալինի մահից անմիջապես հետո եւ աստիճանաբար մի քանի տասնյակ հեղինակներ թույլատրվեցին ու հրատարակվեցին. այնպես որ, խիստ վիճելի է՝ բոլշեւիկացումը Տերյանի՞ն էր ավելի շատ «ձեռնտու», թե՞ խորհրդային իշխանությանը:



Բազում փաստաթղթեր կան, որոնք առաջիկայում կհրապարակվեն, բազումներն էլ հետագայում ի հայտ կգան, որոնք նորից ու նորից կբացահայտեն Մակինցյանի տարբեր դիրքորոշումները հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ, ու բացի նրանից, որ քաղաքական-հասարակական գործիչ Մակինցյանի տեղը պատմության աղբանոցում է, նա նաեւ շատ վատ տեքստաբան է, քննադատ ու գրականագետ: Ցավում եմ ու հասկանում եմ մակինցյանասերներին, բայց դա փաստ է:



ՀԳ. Շատ ափսոս, որ գրքիս առաջին գրախոսությունը նվիրված էր այնպիսի նվաստ մարդու պաշտպանությանը, ինչպիսին Մակինցյանն էր: Հուսամ, որ հետայսու բանավեճը կլինի ավելի առարկայական:



Գեւորգ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ