«Երիտասարդականի» գետնանցումը հասու չէ ո՛չ հաշմանդամներին, ո՛չ գրավաճառներին | լուսանկարներ

«Երիտասարդականի» գետնանցումը հասու չէ ո՛չ հաշմանդամներին, ո՛չ գրավաճառներին | լուսանկարներ

Չնայած երկար ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Աբովյան փողոցի գետնանցումի շինարարական աշխատանքները խանգարում են իրենց մաքուր օդ շնչելուն և ազատ տեղաշարժվելու իրավունքին, բայց երբ այդ աշխատանքներն ավարտվեցին, փոշին մաքրվեց ու մարդիկ նկատեցին, որ խախտվել է մի ավելի մեծ իրավունք՝ երկու մեծ գետնանցումների 4 մուտքերն էլ կառուցվել են առանց թեքահարթակի։ Ըստ օրենքի չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումն առանց հաշմանդամների մատչելիության և հարմարեցվածության։



Անցումում գործելու են ժամանցի սրահներ, սննդի կետեր, հագուստի խանութներ: Գետնանցումը շահագործման պետք է հանձնվեր 2015-ի մայիսին, մեզ ընկերությունից տեղեկացրեցին, որ բացումը հնարավոր է լինի սեպտեմբեր ամսին. «Մենք համացանցով անպայման բոլորին բացման մասին տեղյակ կպահենք»: Գետնանցումում առևտրով զբաղվելու համար պետք է մեծ եկամուտներ ունենաս, քանի որ մեկ քառակուսի մետրը 120 դոլար է, ի դեպ 29 քառ.մ-ից փոքր տարածք չեն տրամադրում, ուստի ամենցածր վարձավճարը ամսական կազմում է 3500 դոլար: Պետք է ասենք, որ վարձավճարը իր մեջ չի ներառում հարկային և կոմունալ վարձավճարներ: Ընկերության աշխատակիցը տեղեկացրեց, որ այնտեղ վաճառվող ապրանքներն ուսանողների գրպանին հասու է լինելու:



Այդ գետնանցումը 2013 թվականին դեռևս «պատկանում էր» գրավաճառներին: Ինչպես տարիներ առաջ այսօր էլ գրավաճառները կանգնեցին կոտրված տաշտակի առաջ: «Դեռ տարիներ առաջ, երբ մեզ հանում էին, ասում էին, որ այդ տարածք ենք մենք վերադառնալու, հորս գներն են վրեքը դրել, ինչպես ենք մենք այդտեղ տարածք վարձակալելու»,-ասաց Աբովյան պուրակում գիրք վաճառող Կարեն Հարությունյանը՝ հավելելով, որ «Երիտասարդականի» գետնանցումում իրենք տարածք չեն կարող վարձակալել: