Քամին է պոկել արձանի պղնձյա թիթեղները

Քամին է պոկել արձանի պղնձյա թիթեղները

Նախօրեին քանդակագործ Դավիթ Բեջանյանի դուստրը՝ երգչուհի Էմմին, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ երեւում էր Երեւան-Սեւան մայրուղու ճանապարհին՝ Չարենցավանի հատվածում տեղադրված Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանը, ապա թողել հետեւյալ գրառումը․ «Գողեր։ Ոչ մի վայրկյան չվայելեք ձեր գողացածը։ Դուք ի՞նչ գիտեք ինչպես է ստեղծվում արձանը։ Դուք ի՞նչ գիտեք ընդհանրապես։ Ո՞վ է ձեզ դաստիարակել։ Իսկ որտե՞ղ է մշակույթի նախարարությունը։ Ո՞ւմ կարելի է էլ դիմել... միայն թե չասեք «վանդալիզմ», դա մենք բազմիցս լսել ենք»։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք մշակույթի նախարարություն, հասկանալու համար՝ կատարված դեպքի մասին տեղյա՞կ է նախարարությունը եւ ի՞նչ միջոցներ է ձեռք առնում նմանատիպ երեւույթները կանխելու համար։ Բացի այդ, քանդակն ընդգրկվա՞ծ է պետական հուշարձանների ցանկում, եթե անգամ՝ ոչ, նախարարությունը, այնուամենայնիվ, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, հատկապես որ ամիսներ առաջ Երեւան-Սեւան մայրուղու վրա վանդալիզմի էր ենթարկվել մեկ այլ քանդակ՝ Հակոբ Խաչատրյանի «Արձագանք» արձանը։ Ի վերջո, նմանատիպ դեպքերը բացառելու համար նախարարությունն այսօր ի՞նչ քայլեր է իրականացնում։



«Արձանը վնասելու վերջին դեպքը գրանցվել է 2012 թվականին, ինչի կապակցությամբ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը դիմել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային ծառայության Չարենցավանի բաժին: Բաժինը տեղեկացրել է, որ արձանի շրջակայքում գիշերային հսկողությունն ուժեղացվել է: 2015թ. արձանը վնասելու նոր դեպք չի գրանցվել:2015թ. հուլիսի 12-ի երեկոյան ուժեղ քամու հետեւանքով պոկվել են արձանի պղնձյա որոշ թիթեղներ, ինչի վերաբերյալ տեղեկացվել է ՀՀ ոստիկանության հիշյալ բաժինը: Ոստիկանության աշխատակիցների կողմից փաստը տեղում արձանագրվելուց հետո արձանից պոկված թիթեղյա հատվածները տեղափոխվել եւ պահեստավորվել են Չարենցավանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տարածքում՝ ժամանակավոր պահպանության համար:



Արձանն ընդգրկված չէ ՀՀ Կոտայքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, այդուհանդերձ, նախարարությունը մտահոգված է դրա անվնաս պահպանության խնդրով: Այդ կապակցությամբ բազմաթիվ անգամ դիմել ենք ՀՀ Կոտայքի մարզպետարանին եւ Ալափարսի համայնքին՝ արձանի անխաթարությունն ապահովելու համար: Նախարարությունը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները քանդելու, վնասելու կամ խաթարելու յուրաքանչյուր դեպքի համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն»,- գրված էր մշակույթի նախարարության պատասխան նամակում:



Այնուամենայնիվ, մնում է անորոշ, թե խնդիրը բարձրաձայնելուց բացի, գործնական մակարդակում, օրենքի դրույթների համաձայն, ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը, եւ եթե արձանն ընդգրկված չէ ՀՀ Կոտայքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, նշանակում է, որ քանդակի ճակատագրի համար ոչ ոք պատասխանատվություն չի՞ կրելու։ Ու եթե այս անգամ քամին է պոկել արձանի պղնձյա թիթեղները, ապա դրանից առաջ ովքե՞ր եւ ինչպե՞ս են վնասել քանդակը, հատկապես, երբ գիշերային հսկողություն է սահմանված եղել։ Սրանք հարցեր են, որ անպատասխան են մնում թե Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» արձանի եւ թե մյուս արձանների դեպքում։