ՀՀ գլխավոր դատախազությունը գործ է նախապատրաստել ոստիկանի կողմից քաղաքացուն ապտակելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունը գործ է նախապատրաստել ոստիկանի կողմից քաղաքացուն ապտակելու դեպքի առթիվ

Ոստիկանության ծառայողի նկատմամբ, ով օգոստոսի 21-ին բողոքի ակցիայի ժամանակ ապտակել է տարեց տղամարդուն, ՀՀ գլխավոր դատախազությունում գործ է նախապատրաստվել:



«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:



«Ծառայողներից մեկը կարող է սխալ անել. կարևորը՝ ոստիկանությունն իր աշխատակցի ոչ իրավաչափ գործողությանն արձագանքում է համարժեք: Մենք հայտարարություն ենք արել ԶԼՄ-ներով, որ նշյալ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են: Քաղաքացին՝ Հակոբ Նազարյանը հաղորդում է տվել Ոստիկանության կենտրոնի բաժնում, ու նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Գլխավոր դատախազություն: Այսինքն` բոլոր իրավական ընթացակարգերն իրականացվել են: Ոչ մի բան բաց չի թողնվել»,- ասել է Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ ներկայում գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության քննության ներքո:



Աշոտ Ահարոնյանն առաջարկել է ցուցարարներին չշտապել և սպասել ծառայողական քննության արդյունքներին: Այնուհետև ցուցարարները պահանջ են ներկայացրել, որ տվյալ ոստիկանը գա ու տարեց տղամարդուց ներողություն խնդրի, քանի որ, անկախ ծառայողական քննության արդյունքներից, նրա արարքը դատապարտելի է:



Նրանց պահանջին ի պատասխան` Աշոտ Ահարոնյանը պարզաբանել է. «Դուք ուզում եք նրան մի իրավական ընթացակարգից կտրել, բերել բարոյականության դաշտ, հետո նորից տանել իրավական դաշտ: Կարևորը իրավական գնահատականն է, որովհետև մեր նպատակը օրենքի կատարումն է: Դա իր իրավ ունքն է՝ ներողություն կխնդրի, թե՝ ոչ: Ոստիկանության որևէ բարձրաստիճան սպա չի կարող ստիպել ծառայողին անել մի բան, որն իր ծառայությունից դուրս է: Նա արել է արարք, որի ապացուցված լինելու դեպքում օրենքով պատասխանատվության կենթարկվի»:



Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ, որպես օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական ծառայության ղեկավար, հասարակությունից ներողություն խնդրեց:




«Այն բանի համար, որ ոստիկանը նման արարք է կատարել, ես հասարակությունից եմ ներողություն խնդրում, ոչ թե տարեց մարդուց: Անկախ այն բանից, թե այդ տարեց մարդն ինչ էր իրեն թույլ տվել, ոստիկանը նման բան իրավունք չուներ անել»,- ավելացրել է Օսիպյանը:



Նա նաև տեղեկացրել է, որ ապտակած ոստիկանը, որը օգոստոսի 21-ին ցուցարարների հետ քաշքշուկի ժամանակ վնասվածքներ է ստացել, ապաքինվում է և չի կարող գալ ցուցարարների մոտ: Վերջիններս հայտարարեցին, որ կսպասեն մինչ երկուշաբթի` պահանջելով, որպեսզի տարեց մարդուն ապտակած ոստիկանը տեսանյութի միջոցով ներողություն խնդրի իր արարքի համար: Նրանք նշեցին, որ այլապես կրկին բողոքի ձայն կբարձրացնեն: