Հակոբ պապիկը հանդես կգա հայտարարությամբ

Հակոբ պապիկը հանդես կգա հայտարարությամբ

Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հ. Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար: Ոստիկանություն հաղորդում ներկայացրել է Հակոբ Նազարյանը, ով ակտիվորեն մասնակցում էր «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքներին: Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանն ապտակել էր 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին: Հաջորդ օրը Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Նշանակվել է ծառայողական քննություն:



Իսկ նախօրեին լրատվամիջոցներին են ուղարկվել անստորագիր գրություններ՝ «Ո՞վ է իրականում Հակոբ «պապիկը»» վերնագրով, որտեղ գրված է․ «Միանգամից ասեմ, ես այդ «պապիկի» քաշվածն եմ, եւ իմ նման շատերը կան, որոնց ժամանակին նա միլիցեքի ձեռն է տվել ամենատարբեր պրովոկացիաներով ու սուտ մատնություններով: Երեկ հայտարարեցին անուն-ազգանունը՝ Հակոբ Նազարյան, բայց իրականում նա Հակոբ Դեխնավին է (սո՞ւտ եմ ասում, Հակոբ, հապա անձնագիրդ ցույց տուր մարդկանց): Ուրեմն, այս Դեխնավին, որ Օսիպյանի մոտ իրեն երեւանցի է հռչակում, ժամանակին Հայաստան է եկել Պարսկաստանից, եւ, իմ ունեցած տվյալներով, ադրբեջանական ծագում ունի: Իրեն արդարության համար պայքարի առաջամարտիկ հորջորջող, մի քանի երես ունեցող այս մարդը հանցավոր հակումներով, վերին աստիճանի բանսարկու, ծախող, ստոր անձնավորություն է եւ միլիցեքի գործակալը: Պարսկաստանից եկած քանի՞-քանի մարդկանց մասին է սուտ մատնություններ արել, նրանց փուռը տվել, բանտ ուղարկել կամ արտաքսել Հայաստանից՝ այսօր դժվար է հաշվել: Ինձ էլ, մի քանի կոպեկ ավել ստանալու համար, ծախեց, մատնագիր գրեց եւ միլիցիային հանձնեց»:



«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը Հակոբ պապիկից պահանջել է բաց նամակով հանդես գալ եւ հանրությանը ներկայացնել, թե ով է ինքն իրականում: «Սպառիչ պատասխանով պետք է հանդես գա, թե երբ է ինքը եկել Հայաստան, ինչով է զբաղվել, ինչում են իրեն մեղադրում: Այս ամենը դարձրել է դիսկուրսի առարկա, մենք հորդորեցինք իրեն, որպեսզի իր մասին հստակ տեղեկություններ տրամադրի»,-ասաց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Նրա կարծիքով, այս ամենը մեկ անձի էմոցիոնալ իրավիճակի հետեւանք չէ, այլ ոստիկանության այդ ստորաբաժանման խնդրի մասին վկայող իրավիճակ. «Ինչո՞ւ է այդ մարդը նման քայլ արել, ինչո՞ւ է ապտակել: Ինչ արեց ոստիկանը՝ բոլորը տեսան, թե ինչ դրդապատճառներից ելնելով ոստիկանն այդ քայլն արեց, պետք է այդ ամենը բացահայտվի»:



Շաբաթ օրը երեկոյան տեղի ունեցավ շտապ հավաք, որը կազմակերպել էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության համակարգողներից Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, թե ոստիկանությանը տալիս են 4 աշխատանքային օր՝ ծառայողական քննությունն ավարտելու համար: «Հայտարարվեց, որ ծառայողական քննությունը շատ սեղմ ժամկետներում է ավարտվելու, ու հարցին, թե արդյոք կտեւի՞ մի ամիս, պատասխան եղավ՝ ո՛չ: Տալիս ենք մինչեւ ուրբաթ օրը ժամանակ, այսինքն՝ 4 աշխատանքային օր՝ ծառայողական քննությունն ավարտելու համար: Չավարտելու դեպքում ուրբաթ օրը հավաքվում ենք, բայց թե որտեղ եւ ինչ պլանով, դա, բնականաբար, այստեղ, այս պահին չենք հայտարարի: Հավաքվում ենք ու պահանջ ենք դնում ոստիկանությանը, որ երկուշաբթի օրը տեսանյութ տարածեն, որտեղ նա ներողություն կխնդրի իր արարքի համար»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնության անդամներն ասում են՝ իրենց համար միեւնույն է, թե ով է իրականում Հակոբ պապիկը, այստեղ խնդիրը ոստիկանի հետ է կապված: Ի զարմանս բոլորի, ապտակած ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց: Չի բացառվում, որ, ի վերջո, պատասխանատվության ենթարկեն ոչ թե ապտակողին, այլ ապտակ ստացողին: