Լոզունգներ փոխելը բարեփոխում չէ

Լոզունգներ փոխելը բարեփոխում չէ

Արդեն քանի օր է՝ տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ ասուլիսներում, տարաբնույթ քննարկումներում ու բանավեճերում խոսում ու խոսում են սահմանադրական բարեփոխումների նախագծի դրական կողմերի ու թերությունների, ինչ-որ իրավունքների եւ դրանց սահմանափակման մասին: Բայց անտեսվում է մի կարեւորագույն հարց՝ այդ բարեփոխված սահմանադրությունը գործելո՞ւ է: Ներկայիս սահմանադրությունն էլ վատը չէ, բայց իրականության հետ որեւէ կապ չունի: Մեջբերենք գործող (ներողություն բառիս համար) սահմանադրության առանցքային հոդվածներից մեկը.



«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Սա այնքան հեռու է իրականությունից, որ անեկդոտի տպավորություն է թողնում: Ցանկացած նորմալ երկրում այս հոդվածով կարգավորվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով երկրի բարձրագույն իշխանության ձեւավորումը: Վերջին 20 տարում Հայաստանում արդար ընտրությունների միջոցով ընտրված նախագահ ունեցե՞լ ենք. չենք ունեցել: Այսինքն, իսպառ բացակայում են բարեփոխված սահմանադրության կիրարկման երաշխիքներն ու երաշխավորողները, եւ բոլոր քննարկումները դառնում են անիմաստ: Ի՞նչ ընտրիչ-մտրիչներ, ի՞նչ անգլիական թագուհու կարգավիճակ, երբ այսօրվա օլիգարխ իշխանավորների գերակշիռ մեծամասնությունն իր կարողությունը քառապատկել-հնգապատկել է ներկայիս նախագահի օրոք:



Մի քանի քննարկումներում լսել եմ, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը շուտով դառնալու է ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության, այսպես ասած, կոնսուլտացիաների առարկա: Թող կոպիտ չհնչի, բայց Հայաստանում ոչ ընդդիմադիր կուսակցություններ կան, ոչ էլ քաղաքացիական հասարակություն: Ո՞վ է այսօր հետաքրքրվում իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունների քաղաքական քննարկումներով, բացի իրենցից ու լրատվամիջոցներից: Հայաստանում դասական իմաստով իշխանական կուսակցություն էլ չկա: ՀՀԿ-ն զբաղված է Հայաստանը բաժան-բաժան անելու, իր պաշտոնավոր անդամների կարողությունը բազմապատկելու, ունեցած միահեծան իշխանությունն անսասան պահելու անհնազանդ անհատներին հեռացնելու գործով: Նման քաղաքական կուսակցություն չի լինում:
Պետության քաղաքացու գիտակցության աղոտացումը հանգեցրել է ներքաղաքական իրողությունների հանդեպ բացարձակ անտարբերության: Ներքաղաքական շուկան գործում է ինքն իր համար` մոռացած, որ մարդկային «ռեսուրս», բառի դասական իմաստով, չունի:
Պատճառն այն է, որ երկրի ներքաղաքական կյանքում այդպես էլ չձեւավորվեցին ազգային ու ազատ քաղաքացիների շահերն արտահայտող քաղաքական լուրջ ուժեր, որոնք կարողանային նաեւ իրենց գաղափարախոսությունը համատեղել «պետական» քաղաքացու պահանջների հետ:



Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ընդդիմադիր դաշտում լուրջ գաղափարախոսություն տեսնելն էլ դժվար է: Ուրեմն ո՞ւմ եւ ինչո՞ւ պիտի հավատան մարդիկ, որոնց աչքի առաջ քաղաքական առեւտուր է տեղի ունենում, ոչ թե գաղափարախոսական պայքար:
Ոչ առճակատ բախումների տանելու նրանց կոչերը, ոչ վարչախմբի դեմ պայքարի մեծ վաստակի հիշեցումները ժողովրդի մեջ ցանկալի արձագանք չեն գտնում:
Մեկ անգամ եւս հաստատվում է այն փաստը, որ քանի դեռ մեզանում չեն ավարտվել տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական գործընթացները, քաղաքական կուսակցությունները չեն կարող ունենալ հուսալի եւ կայուն սոցիալական բազա:
Առավել եւս, որ գործող կուսակցությունների մեծ մասը, հավակնելով ազգի անունից խոսելու եւ գործելու մենաշնորհին, այդպես էլ չի ուզում հասկանալ, թե կոնկրետ որ սոցիալական խավը որ կուսակցությունից ինչ պահանջ ու ակնկալիք ունի:
Հիմա էլ՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Ինքնանպատակ փոփոխությունները, որոնք արդյունքի չեն հանգեցնում, դառնում են մարդկանց աչքին «թոզ փչելու» նման մի բան:



Հիմա դառնանք քաղաքացիական հասարակությանը, մի երեւույթ, որի գոյության մասին առայսօր խոսվում է: Կամ՝ քաղաքացիական հասարակությունը ո՞նց է մասնակցելու բարեփոխումների նախագծի քննարկումներին: Քաղաքացիական հասարակության ձեւավորումը տասնամյակների խնդիր է, այն էլ՝ օրենքի բացարձակ գերակայություն ունեցող երկրի պարագայում, երբ հասարակության անդամը դառնում է երկրի քաղաքացի եւ ընտրությունների է գնում ոչ թե ստացած 5-10 հազար դրամը գրպանը խոթելով, այլ իր ձայնի կարեւորության գիտակցումով: Սա է քաղաքացիական հասարակությունը:
Բայց բանից պարզվում է, որ քաղաքացիական հասարակություն ասելով` մերօրյա գործիչները նկատի ունեն հասարակական կազմակերպություններին: Այսինքն, եթե այդ կազմակերպություններից, ավելի ճիշտ, դրանց ներկայացուցիչներից մասնակցեն բարեփոխումների քննարկումներին, ժողովրդավարությունն ապահովված կլինի:
Բայց ո՞ւմ հայտնի չէ մեր հասարակական կազմակերպությունների ընդհանուր վիճակը, իսկ եթե ոչ, ասենք` դրանց զգալի մասն ունի մեկ նախագահ-անդամ: Նման կազմակերպություննե՞րն են քաղաքացիական հասարակությունը:



Մեր տեղեկացմամբ, որ ունենք, հասարակական կազմակերպությունների մեծ մասն զբաղված է ինչ-ինչ միջոցառումներ անցկացնելու համար գումար հայթայթելով: Նրանց չեմ մեղադրում. ուրիշ ելք չունեն: Ավելի հաջողակներն էլ ինչ-որ տեղից «գրանտ» են ստանում կամ, ինչպես ասում են, «կպցնում» եւ ինչ-որ ծրագիր իրականացնում:
Սա է իրականությունը:
Ուրեմն, հասարակական կազմակերպություն ներկայացնող մի քանի մարդու ընդգրկումն այդ քննարկումներում ի՞նչ կարող է տալ, թեկուզ մի քանիսն էլ լինեն ընդդիմադիր:
Դե, եկեք քրեական օրենսգիրքն էլ բարեփոխենք եւ հասարակությանը հայտարարենք, որ դրանով վերացնում ենք քննիչների, դատավորների, դատախազների կաշառակերությունը:
Ոչ մի տարբերություն:



Ավիկ  ՄԱՐՈՒԹՅԱՆ