«Զվարթնոցի» ամրակայումը կարող է արժենալ 8-12 մլն. դոլար

«Զվարթնոցի» ամրակայումը կարող է արժենալ 8-12 մլն. դոլար

Մոտ երկու ամիս առաջ Հանրային խորհրդում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղեւորային համալիրի վերաբերյալ տեղի ունեցավ մեծ քննարկում, որին ներկա էր նաեւ կոնցեսիոների ներկայացուցիչը։ Քննարկումից հետո Հանրային խորհուրդը դրական գնահատեց կոնցեսիոների կողմից «Զվարթնոցի» հին շենքի կենտրոնական աշտարակը պահպանելու փորձերը, բայց նաեւ որոշեց դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի կոնցեսիոներին առաջարկի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման խնդրի լուծմանը ներգրավել նաեւ կառույցի հեղինակներին:



Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ որեւէ պատասխան, արձագանք չի եղել կոնցեսիոների կողմից։ Նա նշեց, որ կոնցեսիոներից է կախված հարցը՝ կրկին կմտնի՞ Հանրային խորհուրդ, թե՞ ոչ, եթե ինչ-որ առաջարկներ արվեն, ապա կմտնի Հանրային խորհուրդ։ Թե ինչքանով է վերջին քննարկումից հետո կոնցեսիոների կողմից «Զվարթնոցի» հին շենքի կենտրոնական աշտարակը պահպանելու փորձերն իրենց՝ ճարտարապետներին գոհացնում, ապա, ըստ Մինասյանի, եթե գոհացնող լիներ, իրենք հարցին այդքան հետամուտ չէին լինի․ «Իրենք շենքը ներկայացրել են ներքին շրջագծով աշտարակի հետ միասին, բայց մենք ասում ենք, որ այդ ժամանակ պետք է պահել շենքի արտաքին կոնտուրը, արտաքին շրջանագիծը՝ եղած ծավալով, եւ դա ներառել այսօրվա գործող օդանավակայանի գործողությունների մեջ։ Խնդիրը դրա մեջ է, թե չէ նրանք առաջին տարբերակով ընդհանրապես չէին գա, հետո գնացել են նրան, որ աշտարակը եւ ներքին օղակը պահում են։ Հիմա մենք ասում ենք, որ դա նորից մեծ աղավաղում է ծավալի, եւ հիմա պետք է նորից ձեր կողմից նայվի, բայց ուրիշ տեսանկյունով, որպեսզի կարողանանք պահել նաեւ արտաքին շրջանագիծը։ Մեր առաջարկով հնարավորինս կպահպանվի շենքի կոնֆիգուրացիան»։



Մինասյանը նշեց, որ նոր իրադրություն է ստեղծվել, ու տարօրինակ բան չկա, որ հակառակ կողմի պատասխանն ուշանում է, բայց հույս ունեն, որ գոնե կառույցի հեղինակներին կներգրավեն աշխատանքների մեջ եւ արդյունքում կպահպանեն շենքն այնպես, ինչպես կա՝ կատարելով մի քանի ամրակայման աշխատանքներ, որոնք լուծելի խնդիր են։ Ըստ Մինասյանի, հաշվարկների շենքի ամրակայումը չի անցնի 10 մլն․ դոլարը, բայց դրանք կոշտ հաշվարկներ են, կարող է աշխատանքային գծագրերի եւ կատարված աշխատանքների ժամանակ դա դառնա 8 կամ 12 մլն․, արդյունքում հաշվարկներն ուրիշ բան են ցույց տալիս։ Մինասյանը նաեւ կարծում է, որ, վերականգնելով հին շենքը, տալով դրան տարբեր գործառույթներ, շենքը կարող է արդարացնել իր վրա արված ծախսերը։