Համերգ Օպերայում, բայց ոչ Օպերայի համար

Համերգ Օպերայում, բայց ոչ Օպերայի համար

Սեպտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օպերային մեներգիչներ Գեղամ Գրիգորյանի եւ Լյուբով Կազարնովսկայայի մասնակցությամբ տեղի կունենա բարեգործական համերգ, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Համերգի հյուրերի թվում են լինելու Վիշնիա Ռադոսավը՝ Սերբիայից, Մարինա Պոլուխինան, Ալեքսանդր Չերնովը՝ Ռուսաստանից, Նիկոլա Ուլիվերը՝ Իտալիայից, եւ Գոշ Սարգսյանը՝ Հայաստանից։ Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Երեւանում Օպերային արվեստի միջազգային ակադեմիայի կառուցմանը։ Այդ առիթով Լյուբով Կազարնովսկայան նաեւ տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին՝ կոչ անելով մասնակցել բարեգործական համերգին։



Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանն ամիսներ առաջ նշանակվեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, եւ խոսքը, ըստ էության, Գեղամ Գրիգորյանի վաղեմի երազանքի մասին է, ինչի առիթով նա նշանակումից անմիջապես հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր՝ ասելով, որ ակադեմիայի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, նա զբաղվել եւ շարունակելու է զբաղվել դրանով, իսկ ակադեմիայի գաղափարն իր սեփական նախաձեռնությունն է, եւ կառուցվում է միայն իր միջոցներով, պետությունից, սկզբունքորեն, գումար չի վերցնելու։ Իսկ երաժշտական ակադեմիան, որի կառուցման ժամկետները դեռ հստակ չեն, կլինի Քանաքեռում։ Փաստորեն, կրկին նշանակվելով օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Գեղամ Գրիգորյանը նախեւառաջ ձեռնամուխ է եղել իր ակադեմիայի կառուցման գործին։