Նախաձեռնությունները միանում են

Նախաձեռնությունները միանում են

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունն իր պայքարի 40 օրերի ընթացքում 3 անգամ դիմել է «Ոչ թալանին» նախաձեռնությանը՝ առաջարկելով միանալ իրենց, սակայն ստացել է բացասական պատասխան: «Անկեղծ ասած՝ դեռ չենք միացել, բայց մենք ասել ենք, որ ինչ-որ փուլի հնարավոր է միանալ եւ նրանց հետ միասին շարունակել պայքարը: Երեկ մենք ցույց տվեցինք, որ մեր միջեւ որեւէ խնդիր չկա, որ մենք կոնֆլիկտ չունենք, այստեղ պայքարի ու մեխանիզմների տարբերություն է: Երեկ մենք աջակցեցինք նրանց, նրանք էլ աջակցեցին մեզ: Իսկ հետագա զարգացումները ժամանակը ցույց կտա»,- ասում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրենք երեկվանից սկիզբ են դրել փողոցային պայքարին, ունեն հստակ ծրագիր, որով առաջ են շարժվում եւ վստահ են, որ այդ ծրագրի իրականացմանն «ընդամենը մի քանի րոպե է միացել»: «Կառավարությունն իրեն բնորոշ կերպով է առաջ գնում, երեւի թե փողոցային ժարգոն է, բայց իրենց քայլերին բնորոշ է՝ «կռուտիտ» են անում, այսինքն՝ այն հայտարարությունը, որ արեց Սերժ Սարգսյանը, այնտեղ ասվում էր, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա կվերցնի կառավարությունը, հետո կառավարությունն սկսեց ասել, որ ո՛չ, մեծ ձեռնարկատերերինը չենք վերցնելու։ Մեր առաջին կարեւոր պահանջը չեղարկումն է, որով կլուծվեն այս բոլոր խնդիրները։ Եթե չեղարկվի այդ ապօրինի որոշումը, չի լինի սուբսիդավորման կարիք, էլ չի լինի ինչ-որ անհրաժեշտություն մտածել՝ ում, ոնց սուբսիդավորել, ինչ մասով, խնդիրը կլուծվի, ու հարցը կփակվի։ Այ, դրա համար պահանջի առաջին կետը դրված է՝ չեղարկել այդ որոշումը», - ասում է Մաքսիմ Սարգսյանը։ Նախաձեռնությունը մինչեւ սեպտեմբերի 11-ի հանրահավաքը իշխանություններին էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու վերջնաժամկետ է սահմանել։