Մեր երկիրը հայկական երկիր է ու պետք է հայկական օրենքներով առաջնորդվի

Մեր երկիրը հայկական երկիր է ու պետք է հայկական օրենքներով առաջնորդվի

Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգի դեմ միասնական ճակատով որոշել են պայքարել նաեւ մտավորականները, մասնավորապես՝ երեկ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության մտավորականների խորհուրդը հայտարարություն էր տարածել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ․ «Այս գործընթացի կրողը երկրի ներսում մարդկանց խումբն է, որն արտասահմանյան տերերի սատարմամբ ձեռք է գցում իշխանության լծակները եւ, անպատիժ խախտելով ու շրջանցելով օրենքները, տիրանում է երկրի ունեցվածքին, յուրացնում է համախառն արտադրանքից ստացվող եկամտի մեծ մասն ու անխուսափելիորեն հայտնվում ստրկական կախման մեջ այդ ուժերից»: Սահմանադրական փոփոխություններին «օրինական» թալան անվանումը տված մտավորականների խորհուրդը կարծում է, որ փաթեթը, իր մեջ պարունակած արժեհամակարգի փիլիսոփայությամբ, հայկական ինքնության հետ ոչ մի աղերս չունի, ապա եզրահանգում է․ «Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք հայտարարում ենք, որ համազգային վտանգներով հղի «բարեփոխումների փաթեթը» կարող է կործանարար ազդեցություն ունենալ մեր պետականության համար եւ չպետք է դրվի հանրաքվեի»:
Մտավորականների խորհրդի անդամ Գառնիկ Սարկիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խորհրդի մեջ են մտնում Վարդան Պետրոսյանը, Սոս Գիմիշյանը, Վարդան Խաչատրյանը, Աշոտ Գրիգորյանը, Կառլեն Ալեքսանյանը, Էդուարդ Մամիկոնյանը՝ մոտ 15 հոգի։ Արդեն 2 տարի ձեւավորված խորհուրդը սահմանադրական փոփոխությունների շուրջ նոր թափով է ակտիվացել եւ միասնական պայքարի կոչ է անում, ընդգծելով, որ իրենց հետաքրքրում է երկրի իրավիճակը՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում․ «Համախմբող ուժ ենք, հանդիպել ենք տարբեր ուժերի հետ՝ քաղաքական, ազգային, մտավորական այլ խմբերի հետ, փորձում ենք համախմբել երկրի ժողովրդական ներուժը, կառուցողական գործունեություն ենք վարում»։



Տարեսկզբին եւս մի մտավորական խորհուրդ ձեւավորվեց, որտեղ ներգրավված են հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, ովքեր նույնպես մտահոգված են երկրի վիճակով։ Ու քանի որ մտահոգությունը նույնն է՝ երկրի վիճակը, ապա տարօրինակ է, որ մտավորականների խորհուրդները որոշել են առանձին գործել, ինչո՞ւ չեք միավորում ձեր ջանքերը։ Գառնիկ Սարկիսյանը նշեց․ «Մենք որեւէ արգելք չունենք, եթե իրենց ուղղությունը մեկ է՝ մի տեղ կհանդիպենք ու կմիանանք, այսինքն՝ երկիրը մեկ է, խնդիրը մեկ է։ Մենք միշտ համախմբվելու կոչ ենք անում բոլորին, նույնիսկ տարբեր քաղաքական ուղղություններ ունեցող ուժեր կարող են համախմբվել երկրի հարցերով, թող քաղաքական տարբեր կեցվածքներ ունենան, բայց երկրի պարագայում պետք է բոլորը համախմբվեն»։



Գառնիկ Սարկիսյանն ընդգծում է, որ «սահմանադրական բարեփոխումներ» կոչվածը հանրաքվեի չպետք է հասցնել, քանի որ սա քայքայիչ գործընթաց է։ Ի՞նչ վտանգներ են տեսնում նոր հայեցակարգի մեջ։ Սարկիսյանը թվարկեց մի քանիսը․ «Հողի սեփականությունն օտարելը, երբ նոր սահմանադրության դեպքում ցանկացած երկրի քաղաքացի կարող է գալ եւ մեր երկրում սեփականություն ունենալ։ Այդպես կարող են Սեւանը, Մեղրին, Երեւանը վաճառել, արգելք չկա։ 2-րդ․ երեխաների օտարացումը, այսինքն՝ սրանից անդին ծնողները ոչ մի վերահսկողություն չունեն իրենց երեխաների վրա, երբ ՀՀ կառավարությունը որեւիցե մի պատճառով կարող է երեխային վերցնել իր ծնողներից․ մեր երկիրը հայկական երկիր է ու պետք է հայկական օրենքներով առաջնորդվի։ Հետո՝ մեր սովորությունների հետ լրիվ կապ չունի նաեւ այն, որ կանայք եւ տղամարդիկ կարող են ընտանիք կազմել, որովհետեւ չեն կարող տղամարդիկ միասին ընտանիք կազմել, կանայք՝ միասին։ Սա հայկական չէ ու այլասերում է մեր երկիրն ու ապագան, սա հայկական սահմանադրություն չէ։ Ամեն ինչ անելու ենք, որ այս սահմանադրական փոփոխությունները չանցնեն, եւ հանրաքվե տեղի չունենա»։



Ի՞նչ քայլեր եք անելու՝ անհնազանդության ակցիանե՞ր, երթե՞ր, քննարկումնե՞ր։ Անելու են ամեն բան՝ ժողովրդի աչքը բացելու համար, եւ տարածեն, թե ինչ վտանգներ կան այդ սահմանադրական փոփոխությունների մեջ․ «Այդտեղ գրված է պառլամենտական կամ նախագահական ընտրությունների մասին, դա խեղկատակություն է․ երբ երկիրը քանդվել է, ի՞նչ իմաստ ունի՝ համակարգը նախագահակա՞ն է, թե՞ պառլամենտական»։