Ի՞նչ Ամերիկա է փոխանցելու իր իրավահաջորդին Օբաման

Ի՞նչ Ամերիկա է փոխանցելու իր իրավահաջորդին Օբաման

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մի առթով խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին, ասել էր, որ ԱՄՆ-ը երբեք մինչև վերջ չի հաշվարկում իր քայլերի հնարավոր հետևանքները, և դա է պատճառը, որ հետագա գործընթացները միշտ էլ դուրս են գալիս այդ երկրի վերահսկողությունից: Լավրովը համոզմունք էր հայտնել նաև, որ նույնը արդեն իսկ կրկնվում է Ուկրաինայում:



Լավրովը, կարծես, շատ էլ հեռու չէ ճշմարտությունից: Ավաղ միայն, որ նա չի շարունակել միտքը և չի մանրամասնել, թե, սովորաբար, ինչ է անում ԱՄՆ-ը, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:



Եկեք մի պահ իրար կողքի շարենք այն երկրների ղեկավարներին, որոնցում ԱՄՆ-ը, այսպես կոչված, դեմոկրատիա հիմնադրեց՝ Իրաք, Եգիպտոս, Թունիս, Լիբիա: Իրաքի նախագահին կախեցին, Թունիսի նախագահից լուր չկա ընդհանրապես, Եգիպտոսի նախագահը խելքը թռցրեց, նույն Եգիպտոսում մահմեդական եղբայրները դատապարտված են ցմահ բանտարկության, Լիբիայի նախագահը ծվեն-ծվեն արվեց գազազած ամբոխի կողմից: Նկատենք, որ սրանք բոլորը ԱՄՆ-ի մարդիկ էին, դրածոները, որոնք, բացի մահմեդական եղբայրներից, տասնամյակներ շարունակ իշխել էին իրենց երկրներում:



Մեր կարծիքով այս հերթում են նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ինչպես ասում են՝ ժամանակի հարց է և, բավական է, որ Վրաստանում և Ուկրաինայում իրավիճակը վերջնականապես դուրս գա ԱՄՆ վերահսկողությունից:



Նշված ու չնշված դեմքերը, ովքեր հետագայում վերացվում են, ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք տիրապետում են որոշակի ինֆորմացիայի և նրանց տրված չէ այդ ինֆորմացիայով հանդերձ հայտնվել այլ ճամբարում կամ կորցնել իշխանությունը: Բավական է Պորոշենկոն տապալվի և նա դիակ է: Սրա մասին է խոսքը: Եթե այնպես ստացվի, որ ԱՄՆ-ը Սիրիայում իշխանության բերի ահաբեկիչների հետ համագործակցող սիրիական որևէ ընդդիմադիր գործչի, միևնույն է, նրան մահվան կդատապարտի, եթե սիրիայի ժողովուրդը մի կարճ ժամանակ անց ոտքի կանգնի այդ դրածոյի դեմ:



ՄԱԿ-ի 70-րդ հոբելյանական նստաշրջանում Պուտինը մի հարց հնչեցրեց, որ ուղղված էր Արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ-ին. "Դուք գոնե հասկացե՞լ եք, թե ինչ եք արել Մերձավոր Արևելքում": Լավ կլիներ, իհարկե, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ը ուժ գտնեին իրենց մեջ վերանայելու այս խայտառակ քաղաքականությունը, որն, այո, հաշվարկված չէ մինչև վերջ: Միլիոնավոր մարդիկ են փախստական դարձել, կյանքն անասելի դժվարացել է բոլոր հիշատակված երկրներում, Լիբիայում այսօր իշխանության ղեկին են ահաբեկիչները, նույնը սպառնում է Սիրիային, Լիբանանին, Եմենին: Եվ սա հանուն այն բանի՞, որ Օբաման հայտարարի, թե ամերիկյան դեմոկրատիան է ամենաճիշտը:



Պուտին-Օբամա հանդիպումը գուցե ոչինչ էլ չփոխի աշխարհում: Այս առաջնորդները պարզապես վստահություն չունեն միմյանց նկատմամբ: Սիրիայում նրանց համագործակցության շանսերը հավասար են զրոյի, որովհետև ցանկացած համագործակցություն և Ասադի ռեժիմի պահպանում կնշանակի ԱՄՆ երկրորդ խայտառակ պարտությունը Սիրիայում (առաջինը Ասադի քիմիական զենքի շուրջ ծագած հակամարտության մեջ կրած պարտությունն է): Եթե հիշում եք՝ խաղաղ բանակցությունների ավարտից հետո քիմիական թափոնները հանվեցին Սիրիայից, իսկ նախագահական ընտրություններում դարձյալ հաղթեց Ասադը: Ռուսաստանն այս անգամ, կարծես, հակված չէ խնդիրը հասցնել խաղաղ բանակցությունների փուլ և լրջորեն պատրաստվում է հակահարված տալ արևմտյան գրոհին: ԱՄՆ-ը երկու ճանապարհ ունի՝ կամ գնալ ուղղակի առճակատման Ռուսաստանի հետ և կամ շարունակել ահաբեկիչներին զինել և գրգռել այդ երկրի և Ասադի իշխանության դեմ: Նկատենք, որ թե մեկ և թե մյուս տարբերակը անհեռանկար է հեռանալ պատրաստվող Օբամայի համար: Հիմա արդեն նա ստիպված է իր իրավահաջորդին թողնել մի երկիր, որ պետք է ընտրություն կատարի խայտառակությունների խորացման կամ Միջին Արևելքից արժանապատիվ հեռանալու միջև: ԱՄՆ արտաքին քաղաքականության չվերանայելը բերելու է աշխարհում նորանոր և ավելի մեծ մասշտաբներ ընդգրկող կատակլիզմների: Սիրիան պետք է դաս լինի:



Էդիկ Անդրեասյան