Ռուբեն Հայրապետյան․ «Սմբատը կարմիր սնդիկ էր ծախում»

Ռուբեն Հայրապետյան․ «Սմբատը կարմիր սնդիկ էր ծախում»

Ծեծված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանը գտնվում է տանը, ապաքինվում է։ Նրա անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը։ Հատուկ աշխատակիցը հսկում է նրան օր ու գիշեր։ Հիշեցնենք, որ ազատամարտիկը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին, Աբովյան փողոցում, 5 անձանց կոցմից։ Այդ օրը նա մասնակցում էր «Հայազն» կուսակցության կազմակերպած ինքնիշխանության երթին և վստահ է, որ իրեն քաղաքական դրդումներով են ծեծել, իսկ պատվիրատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Հակոբյանին ծեծի ենթարկող 5 անձնացից երեքը՝ Երևանի բնակիչներ Արարատ Գրիգորյանը, Հակոբ Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանը նույն օրը ձեռբակալվել են դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ հարուցված գործի շրջանակներում, հետո նրանցից մեկին գրավով ազատել են։ Ինքը՝ ազատամարտիկը նաև Տիգրան անունով անձնավորության անուն է տալիս, որը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է։ Ի ապացույց, Սմբատ Հակոբյանը հրապարակել է հունիսին արված ինչ-որ ձայնագրության սղագրություն, որում հայտնի գործարարը, իբր հորդորում է իրեն չմասնակցել Բաղրամյան պողոտայի ցույցներին, որոնք տեղի էին ունենում «Ոչ թալանին» կարգախոսի ներքո։ Ըստ Հակոբյանի, հայրապետյանն իրեն զանգել է և ի թիվ այլ հորդորների, ասել է․ «Սմբո, էս ի՞նչ թատրոն ես սարքել, մարդիկ ես հավաքել ըտեղ, կապիկություն ես անում»։ Սա ամենաթույլ կետն է ազատամարտիկի փաստարկներում։ Ի՞նչ ձայնագրություն է սա, ո՞վ է այն արել մինչև Սմբատի ծեծվելը, ինչ՞ու է Սմբատ Հակոբյանը ձայնագրել իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցը, ի՞նչ նպատակով, գուցե բոլոր իրեն զանգողների հետ զրույցները ձայնագրու՞մ էր։ Կամ, ուզում էր «սարքե՞լ» գործարարի գլխին և փող պոկել նրանից։ Չէ, որ մամուլում արդեն շրջանառվեց, որ ազատամարտիկը մեծ պարտքեր ուներ, որոնց պատճառով էլ ծեծվել է։ Ոչ մի հարցի նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը չի պատասխանում, ասելով, որ միայն Սմբատ Հակոբյանի թույլտվությամբ կարող է խոսել։ Մեր տեղեկություններով, Հակոբյանը մինչ այս պահը ոչ մի ձայնագրություն քննիչներին չի ներկայացրել։ Ռուբեն Հայրապետյանն այս ամենը շանտաժ է համարում, իսկ իր թիկնապահի մասնակցությունը ծեծին ժխտում է։ «Հրապարակի» հարցերին ի պատասխան, նա հայտնեց, որ ճանաչում է Սմբատ Հակոբյանին որպեսը Ավանի բնակիչ։ «Մի բան ասեմ, որ հասկանաք, թե ով է սա ու փակենք թեման։ 1996 թվականին սա սնդիկ էր վաճառում՝ կարմիր սնդիկ։ Սնդիկ ծախելուց բռնվեց ու ցուցմուքն տվեց ինձ վրա։ Ասել էր, իբր ես անօրինական զենք եմ պահում։ Տենց էլ ասում էր ոստիկանների մոտ․ «էն զենքերը բեր, հանձնի»։ Ստուգեցին, տեսան, ոչ մի զենք էլ չկա», - ասաց ՀՖՖ նախագահը։ Ռուբեն Հայրապետյանը նաև հայտնեց, որ իրեն հարցաքննության, կամ առերեսման չեն հրավիրել և ինքը վստահ է, որ շուտով ամեն ինչ կպարզվի։ Իսկ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց․ «Կարող եմ ասել միայն, որ Սմբատ Հակոբյանի հրապարակայնորեն հնչեցրած հայտարարությունները դարձել են քննության առարկա և նա հրավիրվել է հարցաքննության»։ 



Սյուզան Սիմոնյան