ՀՀ բնակիչներն են սուբսիդավորում ՀԷՑ-ի սեփականատիրոջը և ոչ՝ հակառակը

ՀՀ բնակիչներն են սուբսիդավորում ՀԷՑ-ի սեփականատիրոջը և ոչ՝ հակառակը

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այն անձանցից էր, ովքեր հստակ առաջարկներ ունեին կառավարությանը էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում բնակչության բեռը թեթևացնելու, փոխհատուցման արդյունավետ և արդար մեխանիզմներ կիրառելու։ Նա առաջարկել էր, փոխհատուցվի յուրաքանչյուր ամսվա համար 250 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացած հատվածը։ մեկ տարում սա կազմում էր 3000 կիլովատ ժամ։ «Բոլոր սպառողները հնարավորություն կունային նախկին անփոփոխ սակագնով տարեկան 3000 կիլովատ օգտագործելու, որպեսզի ձմռան ամիսներին ավելի շատ վառած էլեկտրաէներգիան կոմպենսացնեն ամռան ամիսների ավելի քչով»։ Բայց նրան, ինչպես և մյուսներին չլսեցին, իսկ ՀԷՑ-ի վաճառքը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին և մինչև օգոստոս տրվող փոխհատուցումները ներկայացվեցին որպես բարեսրտության ժեստ «Տաշիր գրուպի» տիրոջ կողմից։



-Որքանո՞վ է արդար սա։ 



- Նախ, սուբսիդավորման մեխանիզմները պարզ չեն։ Ասենք, թե 250 կիլովատից ավելի սպառողները վճարելու են ամբողջ ծավալով, թ՞ե 250-ը էժան, իսկ դրանից բարձրը թանկ։ Կառավարությունն այս մասով չի պարզաբանում։ Աուդիտով որոշվեց, որ սակագինը հիմնավորված է։ Աուդիտ-խորհրդակցությունները 6,93 դրամներին են վերաբերում, բայց ոչ միայն թանկացած, այլև գործող, այսօրվա սակագինը հիմնավորված չի, ինչի մասին վկայում են պարզ համադրությունները։ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ամբողջական սակագինը ամենաբարձրն է ԱՊՀ տարածքում: Եվ այս ամենը այն ֆոնին, որ մենք ունենք արտադրության համեմատաբար ցածր ինքնարժեք ունեցող սուբյեկտներ` ՀԱԷԿ և Որոտանի ՀԷԿ: Այն, որ սակագինը խիստ բարձր է վկայում են նաև միջազգային համադրությունները: Այսպես, ինչպես վկայում է ԱՎԾ-ն ՀՀ-ում աշխատավարձի մեծությունը մոտ 180000 դրամ է, որով ներկա պայմաններում կարելի է ձեռք բերել մոտ 3600 կվտ/ժ էլ.: Այս ցուցանիշով ՀՀ-ն գտնվում է աշխարհի երկրների կտրվածքով ամենավերջին դիրքերում... ու դեռ չենք խոսում գործազուրկների ու այլ խոցելի խավերի մասին, որոնք զրկված են նույնիսկ 180000 դրամ աշխատավարձից:։ 



-Կառավարությունը ներկայացրեց Սամվել Կարապետյանի նոր բիզնեսը որպես  բարեգործություն, օգնություն հայ ժողովրդին։ Համամի՞տ եք։ 



-Եթե հիշում եք, Նազարյանը ևս պնդում էր, որ 24 մլրդ դրամի պարտք է ՀԷՑ-ը կուտակել։ Չքննարկենք, ինչքանով է սա օբյեկտիվ, սակայն գնի բարձրացումը հիմնավորվում էր դրանով։ Այսինքն, եթե ոչինչ չփոխվի, մենք օգոստոսի մեկին 2016-ի պետք է ունենանք 42 դրամ սակագին, որովհետև 7 դրամ թանկացնելով, մենք ՀԷՑ-ի պարտքն ենք փակում։ Հիմա մենք ունենք երկու կարևոր զարգացում՝ ջրաբեր տարի է, որի հետևանքով մինչև օգոստոս 10 տոկոսով ՀԷԿ-երը և ատոմակայանը ավելի շատ հոսանք են արտադրել։ Սա նշանակում է, որ միջին կշռված սակագինը նվազել է, քանի որ ՋԷԿ-երի թանկ հոսանքը քչացել է արտադրված հոսանքի ծավալում, և միջին ինքնարժեքը նվազել է։ Նազարյանը պետք է փետրվարի մեկից հայտ ներկայացներ և հոսանքի գինն իջեցներ, քանի որ գազի գինն էլ պաշտոնապես իջել է։ Նշանակում է, փետրվարի մեկից այս կողմ մենք 7 դրամով բոլոր նրանք, ովքեր օգտագործում են նույնիսկ 250 կիլովատ ժամ սակագին, սուբսիդավորում են ներկա սեփականատիրոջը։ Այսինքն, նույնիսկ 42 դրամի պարագայում սեփականատերը ստանում է ողջամիտ շահույթ։ Մենք լավագույն դեպքում կարող ենք խոսել, որ 250 կիլովատ ժամ սպառող ընտանիքների և սեփականատիրոջ հարաբերությունները զերոյի վրա են, այսինքն, ոչ ոք ոչ մեկին լավություն չի անում։ Իսկ փետրվարի մեկից նույնիսկ 250 կիլովատ ժամ սպառողը սուբսիդավորում է ներկայիս սեփականատիրոջը։ 



- ՀԷՑ-ում կատարվող ուսումնասիրությունների հիմնական հարցը թանկացման հիմնավորված լինելու հարցն էր, բայց սակագինը համարեցին հիմնավորված, իսկ աուդիտը դեռ շարունակվում է։ Սա ինչպե՞ս հասկանալ։ Էլ ու՞մ է պետք այդ աուդիտը։ 



- Ես ասել եմ 3 ամիս առաջ և կրկնում եմ։ ՀԷՑ-ում աուդիտ ասվածը ներդրողի համար է։ Մենք վճարում ենք մի բանի համար, որը ներդրողը իր գրպանից պետք է վճարեր։ Կա վաճառող և գնորդ։ Երկուսն էլ պետք է հրավիրեին աուդիտ, որով պետք է սահմանվեր շուկայական գինը։ Սա արվել է հարկատուների հաշվին։ Երկրորդը՝ եթե չլիներ իշխանական բուրգի հետ կապակցված ներդրող, ապա նա կսպասեր, որ աուդիտը ավարտվեր։ Մամուլով և ամենուր խոսվում էր ՀԷՑ-ում կատարված չարաշահումներից, որոնց պատկերը կարող էր պարզել աուդիտը։ Եւ ամեն մի բացահայտում նվազեցնելու էր ՀԷՑ-ի գինը, ուստի լուրջ ներդրողը կսպասեր, մինչև աուդիտը ավարտվի, որովհետև դրա գինը մեծ հաշվով նվազելու է։ Իսկ եթե ես արագացված եմ անում, կնշանակի, որ ես տեղյակ եմ, որ չարաշահումներ կան, և գործարքն այս քաղաքական երկխոսությունների արդյունք է, որում տնտեսական կոմպոնենտը նվազեցված է։



- Հիմա այս գործարքը դուք բացասակա՞ն եք գնահատում։  



- Ընդհանուր առմամբ, ես ՀԷՑ-ի վաճառքը դրական եմ գնահատում, որովհետև իշխանություններին սերտաճած կառույց էր սա դարձել, կարծես, և միմյանց բարեգործություններ էին անում։ Առաջին դրական էֆեկտը կարող է լինել տեխնոլոգիական կորուստների նվազումը, ինչը հետագայում կբերի նաև ինքնարժեքի նվազմանը։ Շատ լավ կլինի, եթե թափանցիկությունը, որ հանրության պահանջով ապահովվել էր, ՀԾԿՀ կայքում տեղադրվել էին 2015-16 սակագնային տարվա ցուցանիշները, պահպանվի նաև հետագայում, և մենք կարողանանք վերահսկել Նազարյանի հավաստիացումները, ոչ թե հենվենք դրանց վրա։ Ուղղակի ես չէի ուզի, որ սա համարվեր բարեգործություն։ Հնարավոր է, որ ներդրողը ուղղակի առ ժամանակ զսպել է գերշահույթներ ստանալու իր ախորժակը, ինչն էլ պայմանավորված էր սահմանադրության հանրաքվեից առաջ ցնցումներ չառաջացնելու ցանկությամբ։ Լրացուցիչ ֆրոնտի ստեղծումը կբարդացնի իշխանությունների հարաբերությունները ժողովրդի հետ։ Մենք կարող ենք ասել, որ ՀՀ բնակիչներն են սուբսիդավորում ՀԷՑ-ի սեփականատիրոջը, ոչ թե հակառակը։ 



Սյուզան Սիմոնյան