Ներսես Երիցյանի ձեռքից երեկ «շունը հաց չէր վերցնի»

Ներսես Երիցյանի ձեռքից երեկ «շունը հաց չէր վերցնի»

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին ՀՀԿ-ականները երեկ այն օրը գցեցին, որ, պատկերավոր ասած՝ «շունը ձեռքից հաց չէր վերցնի»: Նա ներկայացնում էր Կենտրոնական բանկի 2015 թ. հաշվետվությունը ու իրականությունից այնքան կտրված արտահայտություններ անում ՀՀ ԿԲ դրամավարկային ճիշտ քաղաքականության եւ նման այլ բաների մասին, որ հայտնվեց անգամ իշխանության գովքն անող Արտաշես Գեղամյանի ու Հայկ Բաբուխանյանի ռմբակոծության տակ:



Բանը հասավ նրան, որ Գեղամյանն սկսեց մատ թափ տալ Երիցյանի ուղղությամբ: «Դուք Ձեր ելույթում հպարտացաք, որ դրամավարկային քաղաքականության արդյունքում ապահովել եք տնտեսական աճ, ինչի՞ հաշվին. գնաճի հաշվին... ո՞ւր ա կայուն զարգացումը: Ասում եք՝ 1 միլիարդ 900 միլիոնով ավելի եք վարկավորել տնտեսությունը:



Դա զարգացման չի տարել, եթե զարգացման տաներ, գոնե էդքանի չափով ՀՆԱ-ի աճ պետք է ապահովվեր: Այսինքն՝ հազիվ պարտքերն են փակել, բանկերի տոկոսներն են փակել»,- Երիցյանին նեղել էր Գեղամյանը: ԿԲ փոխնախագահը մի պահ շվարեց, հետո անհասկանալի բառակույտ բաց թողեց. «Եթե շատ խորանանք, կգանք այն եզրահանգումների, որոնք փաստերի վրա են հիմնված: Տարբեր դրվագների համադրումը տնտեսագիտության մեջ հնարավոր չէ եզրահանգումների բերի: Բայց մի բան ակնհայտ կարող եմ հայտարարել, եւ երեւի կփարատի ձեր մտավախությունը. մեր անկախացումից ի վեր բոլոր տարիներին դրամական զանգվածն ավելի արագ է աճել, քան մեր արտադրողականությունը, եւ ավելի արագ է աճել, քան իրական ՀՆԱ-ն: Սա գոնե փաստ է»: Սա էլ ավելի գրգռեց Գեղամյանին, ով սկսեց մատ թափ տալ ու մեղադրել իր խոսքերն աղավաղելու մեջ. «Ձեզ գրել են-տվել են, կարդում եք՝ հասկացանք: Բայց կարդալուց էն կողմ բաներ էլ կան, չէ՞: Գիտություն կա: Սրտներս ցավում ա, չենք ուզում, որ այն վիթխարի աշխատանքը, որ երկրի իշխանությունները կատարում են ցանկացած ոլորտում, սխալ քաղաքականության արդյունքում չտապալվի»: Իսկ Հայկ Բաբուխանյանը, այս ու այն կողմ չընկնելով, հայտարարեց, որ ՀՀ-ում գործող բանկային համակարգը ոչ ոքի պետք չէ: «Հիմա հասկանալի չէ՝ բա՞նկն է ժողովրդի համար, թե՞ ժողովուրդն է բանկի համար: Առեւտրային բանկերին ձգել է պետք, պարո՛ն Երիցյան: Չի կարելի թույլ տալ, որ դրանք մարդու կյանքի հետ խաղան»։ Եվ վկայակոչեց Ռուսաստանի փորձը, որն ընդունել է օրենք «Ֆիզիկական անձանց սնանկության մասին»: Համաձայն այդ օրենքիˋ մարդիկ, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, չեն զրկվում իրենց վերջին կացարանից: Օրենքն արգելում է նաեւ կալանք դնել գույքի վրա, ինչպես, օրինակ, ավտոմեքենայի, եթե վերջինս մարդու ապրուստի միակ միջոցն է: «Պարոն Երիցյան, դուք մարդկանց տանում եք ինքնասպանության: Խնդրում եմ Ձեզ այս խնդիրը լուծել եւ կարգավորել քաղաքացի-առեւտրային բանկ հարաբերությունները: Ամեն օր քաղաքացիներից բողոքներ են ստացվում, որ իրենց հաշիվները սառեցվում են, կամ ինչ-ինչ պատճառով քաղաքացու վրա 50 հազարի տուգանք է գալիս, որի մասին քաղաքացին տեղեկանում է մեկ կամ երկու տարի անց, երբ այդ գումարն արդեն 500 հազարի է հասնում»: Բնականաբար, հոխորտալու առիթը բաց չթողեցին ՕԵԿ-ական պատգամավորները, 5 հոգանոց խմբակցության 4 պատգամավորները գրանցվեցին հարցեր տալու: Առաջին հայացքից տպավորություն էր ստեղծվում, թե ՀՀԿ-ում հրաշք է կատարվել, եւ լծվել են ինքնախարազանման, առողջացման գործին: Սակայն բանն այն է, որ Երիցյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հավատարիմ անձանցից է եւ ըստ էության ներկայացնում էր հենց տիգրանսարգսյանական ժամանակների քաղաքականությունը։ Իսկ ՀՀԿ-ում ընկածին հարվածելու մեծ մասնագետ են, մանավանդ որ այդկերպ կարելի է մի քիչ էլ «հերոս» խաղալ:



ՀԳ. Քննարկումից հետո Ներսես Երիցյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրեն զգում, երբ անգամ ՀՀԿ-ականները չեն հավատում իր ներկայացրած հաշվետվությանը: Բայց Երիցյանն այնքան «մանթո» էր, որ, հավանաբար, հարցը չհասկացավ։ «Հաշվետվությունը կարդացե՞լ եք, որ նման հայտարարություն եք անում»,- ասաց նա ու հեռացավ: