Ագրարային համալսարանի կալանավորված աշխատակցի իրավունքները խախտվում են

Ագրարային համալսարանի կալանավորված աշխատակցի իրավունքները խախտվում են

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում օրորս բացահայտված կոռուպցիոն սկանդալի հերոսուհին՝ հեռակա ուսուցման դեպարտամենտի գործավար, 59-ամյա Հասմիկ Ա-n, որին սեպտեմբերի 18-ին կալանավորել են և տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, ընկճված վիճակում է։ Ձեռբակալման առաջին իսկ օրից, նախաքննության մարմինը խախտել է նրա իրավունքները։ Այս մասին մեզ հայտնեց Հասմիկ Ա-ի հարևանը՝ բանաստեղծ Հրանտ Շավասպը։ Նա իր կնոջ հետ ներկա է եղել Հասմիկի խուզարկությանը։ Այն իրականացրել են ԱԱԾ երեք աշխատակիցներն ու քննիչ Մատինյանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի թույլտվությամբ։ «Կարդացի այդ փաստաթուղթը, որի մեջ գրված էր, որ ապացուցված է Հասմիկ Ա-ի մեղքը։ Ինքը ազատության մեջ` աշխատավայրում, արդեն ապացուցված է։ Ինչպե՞ս։ Դա արդեն կալանավորելու հրաման էր։ Համալսարանից էլ Հասմիկին տանում ԱԱԾ-ի մեկուսարան։ Հաջորդ օրը դատավորը փակ նիստ է անում և ձերբակալվածին տանում են Աբովյանի կանանց գաղութ: Որոշումը տալիս են Հասմիկի երեք աղջիկների ձեռքը։ Դրա մեջ նույն բանն էր գրված, ինչ որ կարդացի սեպտեմբերի 18-ին։ Երբ ես Մատինյանին հարցրեցի (փաստաթուղթը կարդալուց հետո)` ձերբակալելո՞ւ են, նա ասաց․ «Չէ, ի՞նչ եք ասում, դեռ չէ»… Պետք է ասեմ, որ երիտասարդ խուզարկուները շատ քաղաքավարի էին, այնպիսի տպավորություն էր, որ նրան ձևական մի բան են անում. տարան ընդամենը թղթերի մի կապոց, ինչ որ ցանկացան գտնել», - պատմում է Հրանտ Շավասպը։ Հասմիկ Ա-ն 59 տարեկան է, շաքարախտ ունի։ Կալանավորված կնոջ բարեկամները, նրա ընտանիքը մտավախություն ունեն, որ իրավապահներն ուզում են Հասմիկ Ա-ի գլխին «կոտրեն» այս գործը։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա չէր կարող մենակ կատարել պաշտոնական կեղծիքներ։ Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի հեռակա բաժնի ուսանողների ցուցակներում «մեռյալ հոգիներ» են հայտնաբերվել, որոնք առանց քննություների ներկայանալու գնահատականներ են ստացել և կուրսից կուրս են փոխադրվել։ Հասմիկ Ա-ն բացի, կալանավորված է նաև տնտեսագիտական ֆակուլտետի «ֆինանսներ և վարկ» ամբիոնի դոցենտ Գարեգին Շմավոնյանը։ Տեղեկությունն այս ԱԱԾ-ն ոչ հաստատում է, ոչ հերքում։ Այս օրերին ագրարային համալսարանի նախկին աշխատակցուհուն առերես հարցաքննում են նույն համալսարանի այլ աշխատակիցների հետ։ «Քննիչը ուզում է կոծկել համալսարանի հեռակա ֆակուլտետում բուն դրած ահռելի չափերի հասնող կաշառակերությունը և «պատժել» ստորին օղակում գտնվող ընդամենը մի աշխատակցի, - ասում է Հասմիկ Ա-ի հարևանը, - Հիմա դուրս է գալիս, որ կաշառակերը մեկն է, իսկ համալսարանը մաքուր է՝այն, ինչ ուզում են անել քննիչները։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ են Լևոն Սարգսյանը, Արշալույս Թարվերդյանը, Արմեն Աշոտյանը, որոնք պետք է պատասխանեն հարցերի։ Այլապես ԱԱԾ-ի գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը և իր համակարգը դահճի դեր կկատարեն մի թույլ կնոջ հանդեպ»։ Այս գործը քննվում է գերգաղտնի պայմաններում։ ԱԱԾ-ն ոչ կալանավորված անձանց թիվն է հրապարակում, ոչ անգամ մեղադրանքը։ Ընդամենը հաղորդվում է, որ նախաքննություն է իրականացվում։ Կրթության նախարարությունից դեռ արձագանք չկա, թեև երեք օր առաջ մեզ խոստացել էին, որ կպատասխանեն քրեական այս դեպքի վերաբերյալ հարցերին։ Նախարար Աշոտյանի խոսնակը խոստացավ, որ նախարարության արձագանքը կլինի վաղը։




Հ․Գ․ Երկու տարի առաջ կաշառք ստանալու պահին ձեռբակալեցին ագրարային համալսարանի դասախոս Արամ Մուրադյանին։ Նա ընդամենը 6 ամիս անցկացրեց կալանավայրում, իսկ ազատվելուց հետո ընտանիքի հետ հեռացավ Հայաստանից։



Սյուզան Սիմոնյան