Ի՞նչ է, սո՞ւրբ եք գտել․ Զուրաբյանը՝ Գագիկ Հարությունյանի մասին

Ի՞նչ է, սո՞ւրբ եք գտել․ Զուրաբյանը՝ Գագիկ Հարությունյանի մասին

Այսօր «Անի պլազայում» սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ելույթից առաջ նախ ողջունեց այն ակցիան, որ տեղի ունեցավ դահլիճում Վարդան Պողոսյանի ելույթի ժամանակ։ Դա, ըստ Զուրաբյանի, յուրահատուկ հանրաքվե էր՝ ոչ-ի արտահայտմամբ նոր Սահմանադրությանը։



Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի ելույթի ժամանակ «ՈՉ»-ի ճակատի մի խումբ երիտասարդներ «ՈՉ» գրությամբ պաստառներ բարձրացրին՝ ի նշան բողոքի։



Անցնելով իր ելույթին՝ Լևոն Զուրաբյանը նախ հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Հայաստանը պետք է փոխի կառավարման ձևը, քանի որ ցանկացած դեմոկրատական երկիր գիտի, որ կառավարման ձևը փոխել չի կարելի․ «Բոլորդ շատ լավ գիտեք, որ կառավարման մոդելի պահպանումը նաև ծառայում է դեմոկրատական ավանդույթների պապանմանը։ ԱՄՆ-ում ստեղծվել է Սահմանադրություն, որտեղ եղել են 27 փոփոխություններ, բայց ոչ մեկը չի անդրադարձել կառավարման մոդելի փոփոխությանը»։ Ապա նա հիշեց, որ Սերժ Սարգսյանը այն մարդն էր, ով մշտապես կողմ է եղել կիսանախագահական մոդելին, և զարամացավ․ «Ի՞նչ պատահեց, որ Սերժ Սարգսյանը, լինելով այդ մոդելի կողմնակից, իր նախագահության երկրորդ ժամկետում հանկարծ որոշեց փոխել կառավարման մոդելը»։



Զուրաբյանը հիշեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովը երեք մոդելում էլ՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, որևէ տարբերություն չի տեսել դեմոկրատիայի տեսանկյունից։ Դեմոկրատիայից խոսելիս Զուրաբյանը հիշեց նաև, թե ինչ տեղի ունեցավ այս տարվա փետրվարին ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ, և ինչպես կտրուկ փոփոխվեց քաղաքական դաշտի դասավորությունը։ Նա նաև հիշեց իր հայտարարությունը, որը քննում է դատախազությունը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարույթւոնյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։ «Հիմա շատ է քննարկվում իմ հայտարարությունը Գագիկ Հարությունյանի մասին։ Ի՞նչ է, սո՞ւրբ եք գտել։ Գագիկ Հարությունյանն էն մարդն է, ում խոստացել են, որ նոր Սահմանադրությամբ կունենա նախագահի պաշտոն»,-ասաց Լևոն Զուրաբյանը



Զուրաբյանի ելույթից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ։ Իսկ երբ ելույթ ունեցավ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, «ՈՉ»-ի ճամբարի երիտասարդները կրկին ակտիվացան՝ բարձրացնելով իրենց պաստառները։ Մինասյանն էլ ասաց, որ լավ է, որ դահլիճում ակտիվություն կա, բայց լավ կլինի, որ այդ երիտասարդները մինչև վերջ մնան իրենց կարծիքին, չփոխեն այն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ