Տեր-Պետրոսյանն ամփոփում է անցած ուղին

Տեր-Պետրոսյանն ամփոփում է անցած ուղին

Գիտական շրջանակներում խոսում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես ամփոփում է իր գիտական ժառանգությունը եւ տպագրում է կյանքի ընթացքում գրած բոլոր աշխատությունները։ Բանը հասել է անգամ 1987 թվականին պաշտպանած դոկտորական ատենախոսությանը, որը տպագրվել է այս տարի՝ «Հայ-ասորական գրական կապերը 4-5-րդ դարերում» վերտառությամբ։ Ռուսերեն գրված աշխատությունն ընդգրկում է ոչ միայն սովետական տարիներին Մատենադարանի գիտաշխատող Տեր-Պետրոսյանի պաշտպանած դոկտորական թեզը, այլեւ այդ թեզի նախապաշտպանության եւ պաշտպանության ողջ գործընթացը՝ ընդհուպ պաշտպանության ժամանակ հնչած կարծիքները եւ դոկտորանտի արձագանքները։



Աշխատությունը Տեր-Պետրոսյանը նվիրել է իր գիտական ղեկավարին եւ սովետահայ հայտնի պատմաբան, բանասեր-աղբյուրագետ Լեւոն Խաչիկյանին։ Գիտնականները կարծում են, որ դոկտորականի ամբողջ ընթացքը հրապարակելու իմաստն այն է, որ Տեր-Պետրոսյանը ցանկացել է թղթին հանձնել սովետական ժամանակներում դոկտորականների պաշտպանության մշակույթը, որը խիստ տարբերվում է այսօրվա ԲՈՀ-ի կայծակնային ու կասկածելի պաշտպանություններից։