Կսմիթներով քննարկում՝ «ի բարօրություն» եւ «ի տապալումն» Սահմանադրության

Կսմիթներով քննարկում՝ «ի բարօրություն» եւ «ի տապալումն» Սահմանադրության

Երեկ «Անի պլազա» հյուրանոցում, «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի» նախաձեռնությամբ, քննարկում էին սահմանադրական փոփոխությունները։ Մասնակցում էին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ Դավիթ Շահնազարյանը՝ «Համաձայնություն» կենտրոնից։ Ներկա էին նաեւ հասարակական սեկտորի, «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներ։ Առաջին հայացքից ձանձրալի թվացող քննարկումն աշխուժացավ ամենաձանձրալի ելույթներից մեկի ժամանակ, երբ Վարդան Պողոսյանն սկսեց խոսել։ Նրա ելույթը «ծաղկացրին» դահլիճում ներկա «Ոչ»-ական երիտասարդները՝ բարձրացնելով «Ոչ» գրությամբ պաստառները։ Իր դեմ ուղղված ֆլեշմոբը, սակայն, Վարդան Պողոսյանին չխանգարեց կարդալ այն ստանդարտ տեքստը, որ միշտ կարդում է հօգուտ սահմանադրական փոփոխությունների։ 



Պողոսյանից հետո ելույթի հերթը ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանինն էր, ով պահը չկորցրեց՝ ողջունելով «Ոչ»-ի պաստառ պարզած երիտասարդներին եւ նշելով, որ սա էլ իր ձեւի մեջ յուրահատուկ հանրաքվե է՝ «ոչ»-ի արտահայտմամբ։ Ապա Զուրաբյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Հայաստանը պետք է փոխի կառավարման ձեւը․ «Բոլորդ շատ լավ գիտեք, որ կառավարման մոդելի պահպանումը նաեւ ծառայում է դեմոկրատական ավանդույթների պահպանմանը։ ԱՄՆ-ում ստեղծվել է Սահմանադրություն, որտեղ եղել են 27 փոփոխություններ, բայց ոչ մեկը չի անդրադարձել կառավարման մոդելի փոփոխությանը»։



Ապա հիշեց, որ Սերժ Սարգսյանն այն մարդն էր, ով մշտապես կողմ է եղել կիսանախագահական մոդելին, եւ զարմացավ․ «Ի՞նչ պատահեց, որ Սերժ Սարգսյանը, լինելով այդ մոդելի կողմնակից, իր նախագահության երկրորդ ժամկետում հանկարծ որոշեց փոխել կառավարման մոդելը»։ Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը 3 մոդելում էլ՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, որեւէ տարբերություն չի տեսել դեմոկրատիայի տեսանկյունից։ Նա նաեւ անդրադարձավ իր հայտարարությոնը, որը քննում է դատախազությունը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։ «Հիմա շատ է քննարկվում իմ հայտարարությունը Գագիկ Հարությունյանի մասին։ Ինչ է, սո՞ւրբ եք գտել։ Գագիկ Հարությունյանն էն մարդն է, ում խոստացել են, որ նոր Սահմանադրությամբ կունենա նախագահի պաշտոն»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։ Զուրաբյանի ելույթից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։ Իսկ երբ ելույթ ունեցավ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, «Ոչ»-ի ճակատի երիտասարդները կրկին ակտիվացան՝ բարձրացնելով պաստառները։ Մինասյանն ասաց. լավ է, որ դահլիճում ակտիվություն կա, բայց լավ կլինի, որ այդ երիտասարդները մինչեւ վերջ մնան իրենց կարծիքին, չփոխեն այն։ Ապա գովերգեց Սահմանադրությունը՝ մեջբերումներ անելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին հայտարարություններից եւ հակասություններ մատնանշելով ՀԱԿ-ի այժմյան դիրքորոշման եւ առաջին նախագահի ասածների միջեւ։



Դրան անդրադառնալով՝ Զուրաբյանը հեգնեց․ «Ինձ համար հուզիչ տեսարան էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոխերիմ հակառակորդներն զբաղվում են տերպետրոսյանական ընթերցումներով»։



Դավիթ Շահնազարյանն էլ ասաց, թե ինքը երբեք չի թաքցրել, որ կողմ է կառավարման պառլամենտական համակարգին, ապա հավելեց, որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս փոխել իշխանությունը. «Սահմանադրության փոփոխությունը բացառում է ժողովրդավարության էվոլյուցիան: Ըստ այս Սահմանադրության՝ գործողի մասին է խոսքը, ընդդիմությունը, մեկ ընտրություն հաղթելով, իշխանափոխություն չի իրականացնում, անհրաժեշտ է հաղթել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում»։



Այստեղ նրան հակադրվեց Լեւոն Զուրաբյանը. «Կներեք, ավելի աբսուրդ պնդում դժվար էր պատկերացնել: ՀՀ-ում իշխանություն չի փոխվում ընտրությունները կեղծելու պատճառով:



Ե՛վ 1995-ի Սահմանադրությամբ, ե՛ւ 2005-ի Սահմանադրությամբ, ե՛ւ գալիք Սահմանադրությամբ, եթե ընտրությունները չկեղծեն, իշխանությունը հանգիստ կարելի է փոխել»:



Անդրադառնալով «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարներին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ սխալ բան է կատարվում, երբ «այո»-ի ու «ոչ»-ի ճամբարները փորձում են արհեստականորեն գծեր գծել` տարանջատելով ընդդիմությանն իշխանությունից. «Բայց այս գիծը որեւէ կապ չունի իրականության հետ, որովհետեւ այսօրվա «այո»-ի մեջ ավելի շատ ընդդիմադիրներ կան, եւ ավելի շատ իշխանություն կա «ոչ»-երի մեջ»։



Տեսնելով, որ իր հասցեին քննադատական արձագանքները շատ են, Շահնազարյանը փորձեց մեղմել ստեղծված տպավորությունը. «Չգիտես ինչու, համարեցին, որ ես «այո»-ի կողմնակից եմ: Պետք չի ինձ խեղաթյուրել: Ըստ էության, հասարակության լայն զանգվածներին չի հետաքրքրում այս Սահմանադրությունը: Շատ ավելի էր հետաքրքրում մշակութային ինչ-որ գործիչների կոչումներ տալը: Հասարակության մոտ կա անվստահություն թե՛ իշխանության, թե՛ ոչ իշխանական ուժերի հանդեպ»: Քննարկումից հետո փորձեցինք հստակ ճշտել Դավիթ Շահնազարյանից, թե հիմա ինքն «այո՞»-ի կողմնակից է, թե՞ «ոչ»-ի։ Վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ ինքն իր ելույթներում հստակ ասել է։



ՀԳ․ Մեր կողմից ավելացնենք․ վաղուց էր խոսվում, որ Դավիթ Շահնազարյանը սահմանադրական փոփոխությունների մասով լռում է, որովհետեւ կան պայմանավորվածություններ, որ «ոչ» չի ասելու եւ հետագայում ընդգրկվելու է կիսատ «այո» ասողներից մեկի նավակում։ Խոսքը Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներին» անդամակցելու եւ նրանց ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ