Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ

Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Սիսիան քաղաքի վերջամասը) շինարարական աշխատանքներն սկսվել են 03.06.2015թ.-ին, ավարտը նախատեսված է 27.10.2016թ.-ին: Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ-ը: Երկրորդ հատվածի (Սիսիանի վերջմասից մինչև Դաստակերտ համայնք) շինարարական աշխատանքներն սկսվել են 11.06.2015թ.-ին, ավարտը նախատեսված է 04.12.2016թ.-ին: երկրորդ հատվածում, որի երկարությունը կազմում է 19.094 կմ, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոպճային ծածկ և 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ: Զեկուցվել է, որ ավազակոպճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է շուրջ 7.8 կմ:



Սերժ Սարգսյանն այնուհետև մեկնել է Գորիս քաղաք, որտեղ «ՔոնթուրԳլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի և Կարլ Շնադտի հետ միասին ներկա է գտնվել «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «ՔոնթուրԳլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթև ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագիրը:



Սերժ Սարգսյանը Սյունիք համայնքից մեկնել է մարզկենտրոն Կապան, որտեղ նախ այցելել է քաղաքի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոց: Նախագահն այս կրթական հաստատություն այցելել էր նաև 2013թ., երբ ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում, որի պատճառով դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում էր քաղաքի այլ դպրոցներում: Հանրապետության Նախագահը շրջել է վերակառուցումից հետո ուսումնական գործընթացն սկսած ավագ դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել տնօրինության և ուսուցիչների հետ: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն դրամ:



Կապանում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ: Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով և սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում: 



Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը մարզկենտրոն Կապանում այցելել է նաև քաղաքի՝ կառուցապատված և բարեկարգված կենտրոնական հրապարակ, որտեղ Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցված, լուսաձայնային լուծումներով շատրվանների բացման արարողությունը: Սերժ Սարգսյանին ներկայացրել են կատարված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 570 մլն ՀՀ դրամ. Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը, Կապանի քաղաքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության միջև 17.05.2013թ.-ին կնքված պայմանագրի համաձայն, 25 տարի ժամկետով բարեկարգման և կառուցապատման նպատակով հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային և կանաչապատ տարածքները կազմում է շուրջ 2600քմ, որը ներառում է շատրվանները, կանաչապատ տարածքները, ժամանցի և զբոսանքի գոտիները:



Նախագահը Կապանում մասնակցել է նաև քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպված տոնակատարություններին: