Որտե՞ղ է արձանագրությունը

Որտե՞ղ է արձանագրությունը

Հոկտեմբերի 10-ին մենք գրել էինք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալուց հետո, ԱԺ նախագահին գրություն է ներկայացրել, որ այսուհետ խմբակցության ղեկավարն ինքն է՝ Ռուբիկ Հակոբյանի փոխարեն: Իշխանությունն էլ Գալուստ Սահակյանի միջոցով որոշել է «Ժառանգություն» խմբակցության զավեշտը հրապարակային դարձնել, եւ քանի որ միայն Փոստանջյանն է այդ անունը կրող խմբակցության ներկայացուցիչը, պահանջել է «ըստ կանոնակարգի» ներկայացնել խմբակցության նիստի արձանագրությունը՝ խմբակցության բոլոր պատգամավորների գրավոր համաձայնություններով: Հիշեցնենք, որ «Ժառանգության» ցուցակով ԱԺ մտած պատգամավորներն են Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը։



«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ վստահեցրել էր, թե Զարուհի Փոստանջյանը պահել է բոլոր ընթացակարգերը եւ այն նույն քայլերը, ինչ եղել է մինչ այժմ՝ խմբակցության նախագահ ընտրելիս, եւ զարմանք էր հայտնել, թե ինչու է մերժվել Փոստանջյանի դիմումը։ Նույն հարցն ուղղեցինք ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին։



«Խնդիրը կայանում է նրանում, որ տիկին Փոստանջյանն իր ստորագրությամբ գրություն է հասցեագրել ՀՀ ԱԺ նախագահին, նշելով, թե ինքն է հանդիսանում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Որպես հիմնավորում՝ նշել է այն հանգամանքը, որ Ռուբիկ Հակոբյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի պարտականություններից»: Բաբայանը նկատեց, որ կուսակցական որոշումները, եթե այդպիսին անգամ լինեն, դուրս են ՀՀ ԱԺ գործունեության դաշտից: ԱԺ-ում պաշտոնապես ճանաչվում են ԱԺ խմբակցությունները եւ դրանց ղեկավար մարմինները, այսինքն՝ ղեկավարներն ու քարտուղարները: «ԱԺ խմբակցությունները կոլեգիալ մարմիններ են, եւ որոշումներն ընդունվում են կոլեգիալության սկզբունքով: Դրանցում բացակայում են միատեր կամ սոսկ ցանկությունների արտահայտմամբ համապատասխան գրանցումներ կատարելու դեպքերը: Հակառակ դեպքում, օրինակ՝ կարող են ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մյուս պատգամավորներն էլ նման գրություններ գրեն եւ հայտնեն, թե իրենք են ղեկավարը: Այս պարզ կանոնի հիմքով է, որ տիկին Փոստանջյանին առաջարկվել է ներկայացնել արձանագրություն, որտեղ արտացոլված կլինի խմբակցության որոշումը:



Որպես այդպիսին՝ կբավարարեն, օրինակ, որոշում ընդունելու համար տեղի ունեցած կոլեգիալ նիստի նախագահողի եւ քարտուղարի ստորագրությունները: Սա, թերեւս, կարելի է դիտարկել նվազագույն ապացույց այն հանգամանքի, որ առկա է որոշում եւ ոչ անձի ժառանգական մոտեցում: «Ժառանգական» բառը խնդրում եմ հասկանալ դրա ուղիղ նշանակությամբ»: