Առանց մեր էլեմենտի դժվար կլինի կուսակցությունների համար. Տիգրան Արզաքանցյան

Առանց մեր էլեմենտի դժվար կլինի կուսակցությունների համար. Տիգրան Արզաքանցյան

Մեզ լուրեր էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, եւ նա գտնվում է հիվանդանոցում: Կապվեցինք նրա հետ։ Արզաքանցյանը սկզբում հերքեց այդ լուրերը, սակայն հետո պարզվեց, որ «լուրջ բան չի եղել», այսինքն՝ այդ լուրերն այնքան էլ անհիմն չեն: Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ այժմ գտնվում է Արգենտինայում, սակայն օրեր առաջ Մոսկվայում էր, որտեղ իրեն զգուշացրել էին, թե պետք է մահափորձ լինի իր նկատմամբ.«Մենք էլ դեմն առել ենք, «безопасность»-ը ինչ պետք է, արել է»։ Ի դեպ, սա առաջին անգամ չէ, երբ Արզաքանցյանը հայտնվում է «ռազբորկաների» կիզակետում, նախկինում նա Մոսկվայի կազինոներում երկու անգամ ավազակային հարձակման է ենթարկվել: Ներկայացնում ենք Արզաքանցյանի հետ մեր հարցազրույցը:



-Պարոն Արզաքանցյան, մեզ լուրեր են հասել, որ Ձեզ Մոսկվայում ծեծի են ենթարկել եւ հիվանդանոցում եք:



Ինչ ասես ասում են, նման բան չկա, ես նոր եմ լսում այդ մասին: Ես հիմա կնոջս հետ նստած եմ «ուժինի», Արգենտինայում եմ:



-Հնարավո՞ր է դեպքը մի քանի օր առաջ է եղել, ե՞րբ եք գնացել Արգենտինա:



Երեք օր առաջ եմ եկել, Մոսկվայում էի, բայց դրանք հին պատմություններ են, ինչի՞ են բարձրացրել, չեմ հասկանում, ես հիմա նման բաների մեջ չկամ:



-Ամեն դեպքում, ծուխն առանց կրակ չի լինում, դժվար մեզ հասած լուրերը պատահականություն լինեն: Գուցե փորձեք հիշե՞լ՝ ինչ է եղել Մոսկվայում



Վիճաբանություն Մոսկվայում սաղ օր էլ կա, Մոսկվա բառը արդեն վիճաբանություն է, դուք չգիտե՞ք, որ դա արյունի վրա ստեղծված քաղաք է:



-Հիմա ի՞նչ միջադեպ է եղել Մոսկվայում, գուցե թեթեւ վիճաբանություն, քաշքշուկ, լեզվակռիվ է եղել:



Միջադեպ չէ, տենց լուրջ բան չի եղել, որ ասեմ: Զգուշացում է եղել, որ պետք է մահափորձ լինի, էս լինի, էն լինի, մենք էլ դրա դեմը առել ենք:



-Իսկ ո՞նց եք առել «դրա դեմը»:



Ոնց էին իրենք ուզում մեզ անել, նենց էլ իրենց:



-Գուցե Ձեզ չեն ծեծել, դո՞ւք եք ծեծել: 



«Безопасность»-ի մարդիկ են զբաղվել էդ հարցերով, ինչ պետք է, արել են խոչընդոտները վերացնելու համար:



-Բայց դուք ողջ, առո՞ղջ եք:



Նորմալ է ամեն ինչ:



-Իսկ ո՞նց են ձեր բիզնես գործերը:



Թարմացնում ենք: Ուզում եմ Հայաստան բերել խոշոր օպերատոր, որ աշխարհի տարբեր անկյուններում կարողանա վաճառել հայկական պրադուկցիան: Հիմա եկել եմ «պերեգավորների»: 



-Իսկ Հայաստանի ձեր բիզնեսները մնո՞ւմ են, ինչ-որ մի շրջան կար, երբ ասում էին, թե բիզնեսները հանում եք:



Չկա նման բան, ամեն ինչի մեջ էլ կանք, կոնյակի արտադրության էլ, ոսկու արտադրության էլ, ոչ մի բիզնես արտերկիր չեմ տեղափոխել, էդ բառադի խոսակցություններին ասեք վերջ տան, հակառակը՝ ում կարողացել եմ, համոզել եմ, բերել է, գումարները, ներդրել են Հայաստանում:



-Չե՞ք ցանկանում մշտական վերադառնալ Հայաստան:



Ես միշտ էլ գալիս, գնում եմ, երկու շաբաթից նորից կվերադառնամ Երեւան:



-Այստեղ պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին, տեղյա՞կ եք:



Հա, գիտեմ, բարեփոխում են, լավ բանի համար են բարեփոխում: Կարդացել եմ այդ ամեն ինչը, ուսումնասիրել եմ, վատ բան չեմ տեսնում դրա մեջ:



-Մասնակցելո՞ւ եք հանրաքվեին, հնարավո՞ր է գաք, ձեր համաքաղաքացիներին համոզեք, որ այո ասեն:



Հնարավոր է: Ես իմ կողմից կմասնակցեմ:



-Իսկ հնարավո՞ր է սահմանադրական հանրաքվեից հետո վերադառնաք իշխանության կամ գուցե Ձեզ խոստացել են, որ հանրաքվեին լուրջ ներդրում ունենալու դեպքում պաշտոն կտան:



Հնարավոր է վերադառնամ, բայց ես նման պայմաններով ընկերներ չունեմ:



-Փաստորեն, քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունեք:



Տեսնեմ, խի չէ՞ որ, ես քանի՞ տարեկան եմ, երիտասարդ եմ էլի, եթե մի բանով կարամ երկրին պետք գամ, խի չէ՞:



-Փաստորեն, դեկտեմբերի 6-ին այո եք ասելու:



Եթե Հայաստանում լինեմ, այո:



-Իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակ ունե՞ք:



Ինձ թվում է՝ 90 տկոսով՝ հա:



-Բայց գիտեք այն սահմանադրությանը, որին դուք այո եք ասում, հանում է մեծամասնական ընտրակարգը, որով դուք 2007թ ընտրվել եք:



Հանվո՞ւմ է մեծամասնականը, դե կտեսնենք էլի, կերեւա, մեկը մեր կարիքը կունենա:



-Պետք է որեւէ կուսակցության ցուցա՞կ մտնեք:



Առանց մեր էլեմենտի դժվար կլինի կուսակցությունների համար, որովհետեւ մենք «էլեկտորատ» ենք:



-Դուք հիմա պաշտոնապես կուսակցակա՞ն եք, չենք տեսնում Ձեզ կուսակցական գործունեությաբ զբաղվելիս, նիստերին մասնակցելիս:



Ես ՀՀԿ-ական եմ, խորհրդի անդամ եմ, երբ հրավիրում են նիստերի, մասնակցում եմ, երբ չեն հրավիրում՝ չէ:



-Իսկ ինչո՞ւ չեն հրավիրում:



Չգիտեմ, դե հիմա գործերով եմ խառը, ծանր բաների մեջ եմ մտել:



-Իսկ աստղերի հետ շփումներ կա՞ն, Հայաստանում Ձեզ նախանձում էին չէ՞ Մոնիկա Բելուչիի, Վոլոչկովայի հետ ունեցած կապերի համար:



Հիմա ես էդ ամենի ժամանակը չունեմ, հիմա էլ են նախանձում, կապեր բոլորի հետ ունեմ, բայց շփումներ չունեմ, որովհետեւ ժամանակները փոխվել են, հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքով եւ գործերով:



Ինգա Մարտինյան