Հանրաքվեն՝ առանց ռեժիմի

Հանրաքվեն՝ առանց ռեժիմի

Ժողովրդին ոտքի հանելը հեշտ գործ չէ: Նույնիսկ Երվանդ Օտյանի հանճարեղ հերոսին դա չհաջողվեց, թեեւ նա բոլոր տվյալներն ուներ հայ ժողովրդի պատմության մեջ «հեղափոխական մը» ճանաչվելու եւ այդ կարգավիճակով անմահանալու:



Կարծում եմ՝ շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմավորած փրկության ճակատում միանգամից մի քանի Փանջունի է հայտնվել, որոնց սկզբունքը հետեւյալն է՝ ինչքան շատ փրկիչ, այնքան լավ: Սեֆիլյանը, ահա, դիմել է գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչներին, որ գան-միանան ու միասին առաջ գնան: Սակայն գործիչները ոգեւորություն հանդես չեն բերում: Պատճառը, ըստ իս, մեկն է՝ նրանցից շատերն իրենց փանջունիությունն արել-վերջացրել են եւ հասարակության առջեւ այլեւս մասխարա դառնալ չեն ուզում: Ահավասիկ, Սեֆիլյանը «Նոր Փանջունի» խմբակի առջեւ ռեժիմի հեռացման խնդիր է դրել, իսկ դա արդեն մտածելու տեղիք է տալիս բազմափորձ նախկին Փանջունիներին: Նրանք իրենց ժամանակին հասկացել են, որ ժողովրդին ոտքի հանելու եւ ռեժիմը հեռացնելու համար բազմաթիվ նախադրյալներ են պետք, որոնք այսօր չկան: «Նոր փանջունիները», սակայն, խիստ ոգեւորված են իրենց նախաձեռնությամբ եւ նույնիսկ օրինակ են բերում Մուսալեռն ու Սարդարապատը, թե այսպես ու այսպես, ժողովուրդը, տեսնելով, որ էլ տեղ չկա, կանգնեց ու հաղթեց: Կարծեմ՝ Արմեն Մարտիրոսյանն է այս մտքի հեղինակը: Բալամ, ժողովուրդն այդ ժամանակ կանգնել է թուրքի դեմ, եւ, բացի այդ, ժողովրդին այն ժամանակ կազմակերպել են եւ ոչ թե նրա առաջ մայմունություն արել: Իսկ տարբերությունը, կազմակերպելու եւ մայմունություն անելու միջեւ, ակնհայտ է:



Ես երբեք կողմնակից չեմ եղել նոր բանի վրա քար գցելուն: Դե հիմա մարդիկ են հավաքվել, բան են խոսում, ինչո՞ւ քար գցել: Ինձ ուրիշ բան է մտահոգում: «Նոր փանջունիների» վերեւի հարկի հետ կապված ամեն ինչ նորմա՞լ է արդյոք: Սրանք հակառակ կողմից են մոտենում ամեն ինչին: Ասես ժողովուրդն այնտեղ սպասում է եւ մնում է այդ ժողովրդին առաջնորդել: Օտյանի մեծությունը նաեւ սրա մեջ է: Նա հրաշալի է զգացել իր Փանջունու այդ մարտավարական սխալը եւ կարողացել է հերոսին դնել ամենազավեշտալի իրավիճակների մեջ: Բացի այդ, Օտյանի Փանջունին ոչնչից չէր ընկճվում, դաս չէր քաղում, հետեւություններ չէր անում: Ճիշտ՝ Ժիրայր Սեֆիլյան, ով այդպես էլ չհասկացավ, որ ձիուն գավակի կողմից չեն մոտենում: Համեմատեք՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» եւ «Հանրաքվեն՝ առանց ռեժիմի»: Ես արդեն մտածում եմ, որ նա վաղն ավտոշարասյունը քշելու է դեպի Արցախ, որպեսզի ռեժիմը հեռանա, եւ հանրաքվեն տապալվի: Ի՞նչ, ասում եք՝ Արցախն այստեղ կապ չունի՞: Այո, Արցախը կապ չունի, այն ժամանակ էլ կապ չուներ:



Փոխարենը այս նոր շարժումը Ժիրայր Սեֆիլյանի հետ կապ ունի: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը միշտ այդպես է անում:



Րաֆֆի Հովհաննիսյանը «թռավ» ժողովից, Հայրիկյանը դիտորդի կարգավիճակը նախընտրեց, «Քաղաքացիական պայմանագիրը» մերժեց, իսկ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ մյուսներն ուղղակի ապուշ կտրած հետեւում են, թե ինչ է լինելու սրա վերջը, որի սկիզբը բարեփոխումներին «ոչ» ասելն էր: «Նոր փանջունիները» կամ չեն նկատում այս ամենը, կամ էլ արդեն ճանապարհ են ելել ու կանգնել չեն կարողանում, որովհետեւ վստահ են, որ ժողովուրդն այնտեղ իրենց է սպասում՝ ոտքի կանգնելու համար:



Ոչինչ, Երեւանից դուրս կգան, կհասնեն առաջին գյուղը ու մի շինական, նայելով նրանց, կհարցնի՝ կտո՞ էտըտ պատերպեւշի՜, չտո՞ օն խոչե՜տ… Խեղճ շինական, նա ախր ի՞նչ իմանա, որ Երեւանում մի քանի հոգի հավաքվել, իր վրա խաղադրույք են կատարել, որ ինքը ոտքի կկանգնի:



Չգիտեմ, կարողացա՞ տողերիս տակից հասկացնել, թե ինչքան դժվար է Հայաստանում ժողովրդին ոտքի հանելը, եւ ինչ է պետք դրա համար: Եթե ոչ, ապա խորհուրդ կտամ դասընթացների գնալ Գագիկ Ծառուկյանի մոտ: Մեզանում վերջինը նա է ժողովուրդ դուրս հանել: Ի պատիվ իրեն ասեմ՝ լավ էլ հանել էր: Իսկ թե ինչու այդ ժամանակ հեղափոխություն տեղի չունեցավ, արդեն այլ հարց է:



Եվ մի վերջին խորհուրդ «նոր փանջունիներին»: Տղերք, Հայաստանում հիմար մարդ արդեն քիչ կա, եւ գրեթե բոլորն են հասկանում, որ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու համար ամենեւին էլ կարիք չկա հեղափոխություն անելու: Ճիշտ նույնկերպ էլ մարդիկ հասկանում էին, որ Ցեղասպանության 100-ամյակը չի կարող հեղափոխության նախադրյալ հանդիսանալ: Այլ խոսքով ասեմ՝ Ցեղասպանության 100-ամյակ կամ հանրաքվե տապալելը ոչ թե հեղափոխություն է, ոչ թե քաղաքական պայքար, այլ՝ խուլիգանություն: Այդ պատճառով էլ ոմանց բախտը երբեմն չի բերում, եւ նրանք մնում են առանց փայծաղի: Հեղափոխությունն էլ, հասկանալի է, ավարտվում է շտապօգնության մեքենայի մոտենալուն պես:



Խորհուրդս հետեւյալն է. եթե ուզում եք «ոչ» ասել բարեփոխումներին, ապա բոլոր պայմաններն ստեղծված են, եւ «ոչ» ասողների պակաս էլ չկա: Միավորվեք: Իսկ եթե, այնուամենայնիվ, այս լուսավոր դարում որոշել եք արատավոր ռեժիմի վերջը տալ եղանով ու բահով, ապա շտապելու եւ հատուկ դատաներ նշելու կարիք չկա: Դա կարելի է նաեւ հանրաքվեից հետո անել՝ սպասելով հեղափոխական իրավիճակի հասունացմանը եւ ժամանակից շուտ Փանջունու կերպարի մեջ չմտնելով: