Հակադիր դիտանկյուններից

Հակադիր դիտանկյուններից

Նույն երեւույթին կարելի է միանգամայն տարբեր դիտանկյուններից նայել։ Նայած թե դու «բարիկադի» որ կողմում ես։ Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում կատարվող դեպքերի մասին պատմող աշխատակիցը վրդովված ասում էր․ «Քանդում են մեր տարիների սարքածը, կտեսնեք, թե գործը ոնց է տուժելու, հազար խնդիր են ունենալու՝ հին կադրերին հանում են, անփորձ մարդկանց բերում»։



Հավանաբար, մարդը վտանգ էր տեսնում, որ շուտով իրեն էլ են ազատելու, եւ այս մռայլ կանխատեսումներն ու քննադատությունը նաեւ դրանով էր պայմանավորված։ Իսկ ՀԷՑ-ի փոփոխություններին ավելի դրական տրամադրված անձի հետ զրույցը բոլորովին այլ շեշտադրումով ընթացավ․ «Մարդիկ ուզում են մաքրել ՀԷՑ-ը կոռումպացված տզրուկներից, որոնք ամսական հսկայական գումարներ էին աշխատում։ Իրենց առաջ խնդիր են դրել գոնե 2 տոկոսով նվազեցնել կորուստները։ Նորոգել ցանցերը, բարելավել աշխատանքի որակը։ Վա՞տ է»։ Անշուշտ, լավ է, եթե խնդրին նայենք հասարակության շահերի տեսանկյունից։ Բայց պարզվում է՝ այլ տեսանկյուն էլ կա․ «Ի՞նչ էին այդ կորուստները․ դա նշանակում էր, որ փոքր ու միջին բիզնես ունեցողը, ասենք՝ հացի փուռ պահող մարդը, պայմանավորվում էր տեսուչի հետ՝ մի փոքր գումար նրան էր տալիս, մի փոքր մաս իր պարտքից էին զիջում, եւ կարողանում էր փուռը, խանութը, վարսավիրանոցն աշխատեցնել, ընտանիքը պահել։ Հիմա էդ մարդկանց կստիպեն վճարել հոսանքի ամբողջ գումարը, բիզնեսը կփակվի։ Կթողնեն կգնան երկրից։ Ո՞վ է շահելու դրանից»,- ասում է վատատես զրուցակիցս, հավելելով, որ արտագաղթողների քարավանները լրացնելու են նաեւ ՀԷՑ-ից կրճատվածները։ Երկու դիտանկյունն էլ, այսպես ասած, ապրելու իրավունք ունի։ Պետք է հասկանալ միայն, թե դրանցից որն է երկրի, պետության շահերից բխում։