ՀՀ կառավարության նոր գործընկերը՝ Գիները, մեղադրվում է խարդախության մեջ

ՀՀ կառավարության նոր գործընկերը՝ Գիները, մեղադրվում է խարդախության մեջ

Հոկտեմբերի 16-ին կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Հայաստանի նոր բարեկամի եւ խոշոր ներդրողի մասին՝ Եվգենի Գիների, որը ռուսական հայտնի ֆուտբոլային ակումբի՝ ЦСКА-ի նախագահն է։ Ռուսաստանի, կարելի է ասել, ամենահաջողակ ֆուտբոլային մենեջերը Հայաստանում ֆինանսավորելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության ընթացքում կուտակված ապարների մշակումը։ Խոսքը Ողջի, Փոխրուտ եւ Արծվանիկ համայնքների հողերում գոյացած լցակույտերի մասին է։ Ըստ ՀՀ կառավարության եւ կոմբինատի ղեկավարության հետ ստորագրած հուշագրի, Գիները 200 մլն. դոլար է տրամադրելու ինչ-որ «Ալյոտիգ» ընկերության, որը, կարծես թե, օգտակար գործ է կատարելու՝ պոչհանքի վերամշակման գործարան է կառուցելու։ Տարօրինակ այս գործարքի երկու հերոսները՝ Գիները եւ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, արժանի են մեր հատուկ անդրադարձին։ Սկսենք «Ալյոտիգից», հասկանալու համար, թե ինչ է անելու այս ընկերությունը։



«Ալյոտիգն» ստացավ կարգավիճակ՝ առանց ունենալու տեխնոլոգիա




«Ալյոտիգ» ընկերության մասին ԱԺ-ն մայիսին նույնիսկ հատուկ օրենք ընդունեց, որը կառավարությունը ներկայացրեց որպես էկոլոգիական աղետը բուժող բալասան։ Զանգեզուրի կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն. տոննա՝ տարեկան ավելանալով 18-20 մլն. տոննայով, եւ «Ալյոտիգը» գործարան է կառուցելու՝ տարեկան 12.5 մլն. տոննա արտադրողականությամբ, որտեղ կվերամշակեն այդ լցակույտերը, ինչպես նաեւ այլ գործարան, որտեղ որպես հումք օգտագործելով պոչամբարի խյուսը, տարեկան 10 հազար տոննա կոմպոզիտային նյութեր է ստանալու։ Մայիսին կառավարությունն արագընթաց տեմպով, առանց աուդիտ եւ բնապահպանների հետ քննարկում անցկացնելու, այս օրենքն ընդունեց, իսկ մեկ շաբաթ առաջ ստորագրեց հուշագիրը, որում ներկայացվում է, որ «Ալյոտիգն» ունի «տեխնոլոգիական մշակումներ, ապարների արդյունավետ մշակմանը վերաբերող»։ Մինչդեռ բնապահպանները վստահեցնում են, որ դա այդպես չէ։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, որը հանդիպել եւ զրուցել է «Ալյոտիգի» ներկայացուցիչների հետ, դեռ անցյալ տարի, երբ առաջին անգամ խոսվեց այս ծրագրի մասին, պնդում էր, որ այս ընկերությունն իրականում չունի հստակ ծրագիր, մետաղների արդյունահանման արդյունքում առաջացած ապարների մշակման փորձ, տեխնոլոգիա, եւ կառավարությունն ու ԱԺ-ն չպետք է աչքերը փակ վստահեին ՍՊԸ-ին։ ԱԺ-ն այն ժամանակ հատուկ օրենք ընդունեց «Ալյոտիգ» ընկերության ապագա գործունեության վերաբերյալ եւ անցկացրեց այն արագորեն եւ անաղմուկ։ «Սա մի բացարձակ անհասկանալի ծրագիր է,- ասում է Հակոբ Սանասարյանը,- ԱԺ-ն իրեն պատիվ չբերող գործ կատարեց, երբ հատուկ օրենք ընդունեց այս ընկերության հետ կապված։ Գրում են, որ անվտանգ տեխնոլոգիա են կիրառում, թափոններ չեն առաջանալու, բայց իրականում նման բան չկա։ Ասում են՝ մենք ստանալու ենք միջազգային շուկա հանելու արտադրանք, բայց հարցին, թե ունե՞ն գոնե մեկ պայմանագիր, որով կարող են պոչհանք հանել, պատասխանում են, որ հետագայում կկնքեն։ Այս հուշագիրը, որ կա, ամբողջությամբ խոսքի վրա է։ Տպավորություն է ստեղծվում, որ սա կիսաբլեֆային գործարք է»։ Ունի՞ արդյոք «Ալյոտիգ» ընկերությունը պոչհանքի մշակման տեխնոլոգիա։ Եթե այո, ապա ինչո՞ւ այն չի դրվել մասնագետների եւ բնապահպանների քննարկմանը։ Ո՞վ գոհ չի լինի, եթե պոչհանքերից կորզեն օգտակար նյութեր։ «Սա շատ ցանկալի է,- ասում է Հակոբ Սանասարյանը,- բայց եթե դա միջավայրի կայուն աղտոտման հետ է կապված, ապա մենք դեմ ենք։ Եթե նրանք պետք է դատարկեն պոչամբարները, ուրեմն այդ պարունակությունը պետք է լցնեն մեկ այլ տարածք, բայց միայն Արծվանիկով մենք արդեն 1000 հեկտարից ավելի փչացրած, առհավետ ոչնչացված հող ունենք։ Հիմա եթե պոչհանքը մշակեն, թափոններով էլ մեկ այլ տարածք աղտոտեն, մենք կտրականապես դեմ ենք»։



Այժմ Եվգենի Գիների մասին



Ներդրումը նա կատարում է որպես VSEI ձեռնարկությունների խմբի ղեկավար։ Բացի ЦСКА-ի նախագահ եւ մենեջեր լինելուց, նա նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի անդամ է եւ այս կազմակերպության ֆինանսական կոմիտեի նախագահը։ Սակայն վերջին երկու տարում ֆուտբոլային միության գործերը շատ վատ են։ Այն լրիվ սնանկացել է եւ նույնիսկ իր մարզիչների աշխատավարձերը չի կարողանում ժամանակին վճարել։ Գիներն ինքն էր վերջերս հայտարարել, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատավարձն ինքն է վճարում, պայմանով, որ ֆուտբոլային միությունը կփոխհատուցի այս պարտքը։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը 700 մլն. ռուբլու պարտքի մասին էր խոսում, իսկ ըստ ՌԴ սպորտի նախարար Մուտկոյի, այս կազմակերպության պարտքը կազմում է 1.2 մլրդ. ռուբլի։ Փաստորեն, իր «ֆուտբոլային» գործերը կարգավորելու փոխարեն, հաջողակ բիզնեսմեն Գիները հեռուներում է կասկածելի եկամուտներ փնտրում։ Ի դեպ, նրան պատկանող VS Energy ընկերությունը, որն «Ալյոտիգի» ներդրողն է եւ ստորագրել է մեր կառավարության հետ հուշագիրը, ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Այդ երկրի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է էներգետիկայի բնագավառում աշխատող այս ընկերության գործունեությունը։ Հոկտեմբերի 20-ին միանգամից 2 քրեական գործ է հարուցվել։ Ընկերության Կիեւի գրասենյակը խուզարկել են, փաստաթղթեր են առգրավել։ Իրավապահները հայտնաբերել են, որ Գիների կազմակերպությունը տենդերներ է «գնել», գնումների գործընթացում խարդախություններ է կատարել, նաեւ հարկերից խուսափելու բազմաթիվ փաստեր են հայտնաբերվել։ Այս ամենի մասին գրել է ուկրաինական մամուլը։ Առհասարակ, այս գործչի եւ հանցագործ աշխարհի միջեւ կապերի մասին ԶԼՄ-ները հաճախ են գրում։



Արկածախնդրությունը՝ գործելաոճ



Զարմանալի է, որ մեր իշխանությունները չեն խորշում նման գործիչների հետ խոշոր գործարքներ իրականացնել, նրանց ձեռքը տալ մեր հանքերը, մարդկանց առողջությունը նրանց կասկածելի արկածախնդրության թիրախը դարձնելով։ Մարզահամերգային համալիրի նոր տիրոջ՝ ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանի անունը շրջանառվում է ֆինանսական խարդախությունների եւ մեքենայությունների համատեքստում։ Համալիրի վաճառքի գործարքը թաքուն եւ փակ ձեւով կատարվեց, առանց հանրությանն անհրաժեշտ բացատրություններ տալու։ «Էյր Արմենիայի» նոր ներդրողի մասին հայտնի դարձավ, որ նա օֆշորային հերթական ընկերությունն է։ Խոշոր գործարքներում արկածախնդրությունը ոճ եւ գործելակերպ է դարձել, որի դեմը ոչ ոք չի կտրում։



Սյուզան Սիմանյան