Ադրբեջանում իսլամական հեղափոխությո՞ւն է

Ադրբեջանում իսլամական հեղափոխությո՞ւն է

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում եւ Գյանջայում ձերբակալել են մի քանի տասնյակ անձանց: Նրանք կասկածվում են արմատական իսլամի հետեւորդներ լինելու մեջ: Առանձնակի դաժանություն է ցուցաբերվել Գյանջայի հավատացյալների դեմ, որոնց ձերբակալել են ուղղակի մզկիթում՝ ուրբաթօրյա ավանդական նամազից առաջ: Գյանջայի «Շահ Աբաս» մզկիթը փակվել է: Տեղեկություններ կան, որ հավատացյալների եւ իրավապահների միջեւ զանգվածային բախումներ են եղել:



Նախկինում էլ Ադրբեջանի իրավապահները պարբերաբար տեղեկացնում էին այս կամ այն շրջանում կրոնական ծայրահեղականության կասկածանքով ձերբակալությունների մասին: Այս վերջին զանգվածային գործողությունները, կարծես, ընդգծվում են, քանի որ տեղի են ունենում ԱԱ նախարարությունում կադրային ջարդին զուգահեռ:



Դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱԱ նախարարության ավելի քան տասը բարձրաստիճան աշխատակիցների նկատմամբ, չորս գեներալ հեռացվել է համակարգից: Ոչինչ հայտնի չէ էքս-նախարար Մահմուդովի ճակատագրից: Որոշ տեղեկություններով՝ նա գտնվում է տնային կալանքում:



Ակնհայտ է, որ արմատական իսլամականների եւ ԱԱ նախարարության բարձրաստիճան սպաների ձերբակալության միջեւ որոշակի առնչություն կա: Ռուսաստանցի փորձագետներից մեկը Մահմուդովի պաշտոնանկությունն ուղղակիորեն կապել է խորհրդարանական ընտրություններից հետո «իրավիճակը վերահսկողության տակ պահելու անհրաժեշտության» հետ, ինչից ենթադրվում է, որ Ադրբեջանում, հնարավոր է, «իսլամական հեղափոխության» ծածկաքողի տակ ինչ-որ ներքաղաքական սրացումներ էին կանխածրագրվել, որոնց մասին Ալիեւին տեղեկացրել է Մոսկվան:



Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ է մնացել: Ալիեւի ռեժիմը, ինչպես երեւում է, կանխարգելիչ քայլերի է դիմում: Գյանջայից «Թուրան» գործակալության աղբյուրները, մինչդեռ, հայտնել են, որ «հավատացյալների դեմ բռնությունները գրգռել են մարդկանց, քաղաքում համարյա արտակարգ դրություն է»:



Բացառված չէ, որ բռնությունները կարող են հակառակ էֆեկտ տալ:



Վահրամ
ԱԹԱՆԵՍՅԱՆ