Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսին հայտնեց, որ նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպել մինչև տարեվերջ:



«Ակնկալում ենք, որ կլինի գագաթնաժողով, հանդիպում տարեվերջին երկու նախագահների միջև՝ Սարգսյանի և Ալիևի, փորձում ենք ժամկետի վերաբերյալ համաձայնեցման գալ: Երկու նախագահներն էլ համաձայնել են ավելի ինտեսիվ երկխոսության մասնակից լինել, և մենք կուզենք օգտագործել այս այցը, որպեսզի կարողանանք նախանշել հնարավոր ժամկետները և նախապատրաստել բարձր մակարդակի այդ հանդիպումը».- նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, այցի շրջանակներում համանախագահը խմբով հատելու է նաև շփման գիծը, բայց մինչ այդ այսօր հանդիպում է ունենալու Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ:



«Ամենակարևոր հարցը, որ մենք զբաղվելու ենք այստեղ և Բաքվում, բռնություններն ու լարվածությունն է հայ-ադրբեջանական սահմանում, մենք շատ մտահոգված ենք այդ հարցով: Մասնավորապես ծանր զենքի օգտագործման հարցերով, զենքն օգտագործում են երկու կողմերն էլ, սա հանգեցնում է լարվածության և բռնությունների մեծացմանը և քաղաքացիական կյանքեր է խլում: Մենք այստեղ ենք գտնվում որպես միջնորդներ, որպեսզի խոսենք, թե ինչպես մենք կարող ենք համընդգրկուն լուծում ապահովել: Մենք խոսում ենք վստահության ձևավորման կարևորության մասին, հարգանքն անվտանգության նկատմամբ: Մենք որոշ գաղափարներ ենք առաջ քաշելու, ժողովրդական մակարդակում շփումների, վստահության ձևավորման միջոցների առումով, որը կարող է տևական կարգավորման համար հիմք հանդիսանալ».- նշեց Ջեյմս Ուորլիքը: