Ադրբեջանը՝ ԵՏՄ անդա՞մ

Ադրբեջանը՝ ԵՏՄ անդա՞մ

Մինչ հայրենական մամուլի ուշադրությունը սեւեռված էր ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի երեւանյան մամուլի ասուլիսին, Բաքվում խորհրդանշական հայտարարություն է արել Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սեւինջ Հասանովան: Պատասխանելով Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության մասին հարցին, նա ասել է, որ դա հավանական է:



Փոխնախարարի խոսքերով՝ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել այնպիսի միությունների, որոնք երկրին օգտակար են եւ ներկայումս քննարկվում են ԵՏՄ անդամակցության հնարավոր օգուտները եւ վնասները, անցկացվում է անդամակցության մանրակրկիտ գնահատում:



Սա Ադրբեջանում առաջին պաշտոնական տեսակետն է, որը հավանական է համարում ԵՏՄ-ին այդ երկրի անդամակցությունը: Եւ, ըստ երեւույթին, պատահական չէ, որ այն հնչեցվում է ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին զուգահեռ: Կարելի է ենթադրել, որ դրանով Ալիեւի ռեժիմն ինչ-որ ակնարկ է անում միջնորդներին այն դեպքում, երբ նրանք մտադիր են մինչեւ տարեվերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:



Վերլուծաբանական հանրությունը քննարկում է խնդիրը, թե ու՞մ հովանու ներքո կկազմակերպվի Սարգսյան-Ալիեւ բանակցությունների հերթական փուլը: ԵՏՄ-ին անդամակցելու հավանականությունը չհերքելու մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունը, կարծես, ինչ-որ ենթատեքստ պարունակում է:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ