ՀՀԿ-ական պատգամավորը սկզբում «մնջախաղ» ցուցադրեց, հետո անցավ ձայնեղ «դրամայի»

ՀՀԿ-ական պատգամավորը սկզբում «մնջախաղ» ցուցադրեց, հետո անցավ ձայնեղ «դրամայի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության կանանց մոտ այս էլ երկրորդ դեպքն է, որ նոր «տաղանդ» է ի հայտ գալիս։ Պարզվում է՝ նրանցից ոմանք մնջախաղի գրեթե «վարպետներ» են։ Թեպետ, պետք է նկատել, որ նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր ամբիոնից առավել քան պերճախոս են՝ հատկապես պետական թշնամուն և ներքաղաքական հակառակորդներին դասեր տալու հարցում։ Որոշներն էլ, թեպետ չեն փայլում հռետորական ձիրքով, սակայն տառերը գիտեն և իրենց օգնականների գրած ելույթները փորձում են հնարավորինս վարժ ընթերցել։ Մարդ էլ կա՝ ո՛չ նրանից է լավ, ո՛չ նրանից, առհասարակ նույնիսկ խորհրդարան չի գալիս, օրինակ՝ ՀՀԿ խմբակցության անկուսակցական անդամ Մարինե Մարաբյանը։



Այս ամենի ֆոնին յուրահատուկ դիրք է բռնել ամբիոնից ոչ այդքան հռետորական պաթոսով, բայց էլի երբեմն ելույթներ ունեցող, հարցեր հնչեցնող ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը։ Նա միջանցքում լրագրողների հետ շփումներում այնքան չխոսկան և «ամաչկոտ է», որ երբ հարց ես տալիս, նախընտրում է ոչ թե ձայն հանել և պատասխան հնչեցնել, այլ ժեստերի լեզվով քեզ ինչ-որ բան հասկացնել, մնջախաղի մինի ներկայացմամբ հարցերիդ պատասխանել՝ որպես հարցազրույցի յուրահատուկ ժանր։



Ահավասիկ, այսօր երբ նրան մոտեցանք՝ հետաքրքրվելու, թե «այո»-ի քարոզարշավին ինքն ինչպե՞ս է մասնակցելու, «այո»-ի կողմնակից տիկին Պողոսյանը սկսեց ձեռքով «ոչ»-ի շարժումներ անել։ Հավանաբար ուզում էր հասկացնել, որ․․․ երևի չի ուզում խոսել այդ թեմայով կամ նման մի բան։



«Ձեր միմիկայից և ժեստերից լավ չենք հասկանում՝ ինչ եք ուզումա ասել, տիկին Պողոսյան։ Հիմա ինչպե՞ս ներկայացննեք Ձեր այս լռությունը»,-հարցրինք մենք։



«Մի՛ ներկայացրեք»,-հանկարծ ինչ-որ կցկտուր ձայն լսվեց նրա կողմից։



Այստեղ նրան հիշեցրինք Մարինե Մարաբյանի հետ մեր «մենազրույցը», երբ հարցերը տվեցինք ու ինքներս էլ պատասխանեցինք, քանզի նա քար լռություն էր «հայտարարել»՝ թողնելով իր պատասխանները մեր հայեցողությանը։ Ուստի ակնարկեցինք Կարինե Պողոսյանին, որ սա կարող է երկրորդ մենազրույցը լինել մեր կողմից՝ այս անգամ իր մասնակցությամբ։



«Միայն այդ հարցի՞ն եմ պատասխանելու։ Բնականաբար՝ այո, մասնակցելու եմ»-մենազրույցի հեռանկարից «վախվորած»՝ որոշեց խախտել «լռության ուխտը» ՀՀԿ-ական պատգամավորը։



Ապա, երբ նա համոզվեց, որ մեր տված հարցերն այդքան էլ «վատ» և «վախենալու» հարցեր չեն, տիկին Պողոսյանի հետ մեր «կիսամնջախաղային» զրույցն ավելի դրամատիկ ընթացք ստացավ․ պատգամավորի մոտ լիարժեք «վերականգնվեց» խոսելու ունակությունն ու «լռության սիմֆոնիան» կամաց-կամաց փոխակերպվեց «վաստակավոր 6/8-ի»։ Նա սկսեց բացվել՝ մանրամասնելով, թե ինչպես է ներգրավվելու քարոզարշավին, իր կողմից ինչ է անելու հանուն «այո»-ի և այլն։



«Ինչպես ամեն քարոզարշավներին, այս անգամ էլ նման գործառույթներ իրականացնելու ենք։ Ես՝ որպես ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, որպես պատգամավոր, բոլոր էդ քարոզիչների հետ այցելելու ենք համայնքներ․․․ Բայց դեռ չենք սկսել, նոր-նոր ձևավորում ենք»,-ասաց Արարատի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար պատգամավորը։ Այցելություներն էլ լինելու են Արարատի մարզի ազգաբնակչության հետ։



Իսկ միայն ի՞նքն է լինելու, թե՞ իր հետ էլի պատգամավորներ կայցելեն տվյալ մարզի բնակչությանը, տիկին Պողոսյանն ասաց․ «Կլինեն, ինձ թվում է՝ էլի խմբեր կկցվեն մեզ։ Չգիտեմ, էլի, Երևանից ինչ պատգամավորներ, ովքեր կընդգրկվեն, բայց, բնականաբար, կարծում եմ՝ կլինեն»։



Իսկ կա՞ հատուկ պլան՝ իրենց վրա դրված, որ պետք է այնպես անել, որ «այո»-ի տոկոսը բարձր լինի։



«Ոչ, չկա էդպիսի պլան, բնականաբար բոլորիս պարտքն է՝ աշխատել այնպես, որ «այո»-ի չափաբաժինը զգալիորեն մեծ լինի»,-արդեն հունի մեջ ընկած՝ ինքնավստահ կերպով հայտարարեց «լռակյաց» ՀՀԿ-ականը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ