Հովիկ Աբրահամյանն էլ նախագահի ընկերն է, մենք էլ իրա հետ միասին աշխատելու ենք

Հովիկ Աբրահամյանն էլ նախագահի ընկերն է, մենք էլ իրա հետ միասին աշխատելու ենք

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կենտրոնական շտաբի պետի տեղակալների «վեցնյակում» է, երեկ վստահեցրեց, որ ինքն օրենք չի խախտում եւ նոր Սահմանադրության քարոզչության գործին լծվում է աշխատանքից հետո՝ երեկոյան վեցին։



Իսկ թե ում է այդ ժամին «քարոզում», նա պատասխանեց, որ ըստ էության դեռ քարոզչություն էլ չեն իրականացնում: Երիցյանը վստահեցրեց նաեւ, որ «թվեր» չի ապահովելու, սակայն այդպես էլ չկարողացավ նշել մի դրական օրինակ, որով պրոպագանդելու են նոր սահմանադրությունը։ «Ես, որպես իրավունքի մասնագետ, կարող եմ ասել՝ ինչի համար կարելի է «այո» ասել»,- չցանկացավ ծավալվել Արմեն Երիցյանը:



- Պարոն Երիցյան, քարոզարշավի կեսն արդեն անցել է, ի վերջո, ո՞րն է կոնկրետ Ձեր գործառույթը հանրաքվեի կենտրոնական շտաբում: Իշխող կուսակցությունը կարծես հակված չէ քարոզչության, կարծում եք ՀՀ քաղաքացիները քարոզչության կարիք չունեն եւ անհամբեր սպասում են սահմանադրական փոփոխությունների՞ն:



- Իհարկե, սահմանադրական փոփոխություններին ժողովուրդն սպասում է, թեպետ կան մարդիկ, որ ուզում են, կան մարդիկ, որ չեն ուզում, ժողովուրդն ինքը պետք է որոշի: Ի՞նչ է նշանակում գնանք-համոզենք՝ «այո» ասեք. այդպիսի բան չի լինելու:



- Այսինքն՝ քարոզարշավ չի՞ լինելու:



- Մենք կհանդիպենք, անշուշտ, ժողովրդին աշխատանքից հետո կամ շաբաթ-կիրակի, կգնանք հանդիպումների, մեր կարծիքը կասենք այդ բարեփոխումների մասին, եւ ովքեր կցանկանան ասել «այո», թող ասեն՝ «այո», ովքեր՝ ոչ, թող «ոչ» ասեն, ըտեղ վատ բան չկա, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այդպես ծանր տանում:



- Ի՞նչ եք պատրաստվում քարոզել, որ մարդիկ այո» ասեն, հարցումների համաձայն, նրանք բացարձակ հետաքրքրություն չունեն սահմանադրական փոփոխությունների նկատմամբ:



- Իհարկե, դա էլ կա, որ անտարբեր մասսա էլ կլինի, բայց, ընդհանուր առմամբ, ես կարող եմ ասել՝ մեր հանդիպումները քիչ կլինեն, թե շատ, ամեն դեպքում, արդյունավետ կլինեն:



- «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները հստակ հայտարարում են, թե ինչու պետք է դեմ քվեարկել նոր Սահմանադրությանը, մինչդեռ իշխանության դաշտից շաբաթներ շարունակ միայն նկատվում են ընտրական «ավանդական» շարժեր, մոբիլիզացնում եք թաղային ռեզերվը, հավաքում «տոկոս խփող» մեծամասնական պատգամավորներին, հանդիպում մարզպետների հետ, փաստորեն, ըստ էության, այս անգամ է՞լ է իշխանությունն ապավինելու «ավանդական» ձեւերին:



- Այդպիսի բան չկա, ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ ամեն ինչ կլինի արդար, եթե «այո» է՝ «այո» է, եթե «ոչ», ուրեմն՝ «ոչ», պետք չէ ոչ մի վատ բան տեսնել, ես վատ բան չեմ տեսնում, եթե մարդիկ «ոչ» ասեն, ամեն մեկն ինքը պետք է իր ընտրությունն անի, թող յուրաքանչյուրը որոշի, մենք, էլի եմ ասում, չենք համոզելու:



- Պարոն Երիցյան, հանրաքվեի շտաբի պետի տեղակալները հիմնականում Սերժ Սարգսյանի «հավատարիմներն» են, տեսակետ կա, որ որոշակի անվստահություն կա շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, եւ Ձեզ վերահսկող են կարգել, հիմա ո՞ւմ է պատկանելու հանրաքվեի հաղթանակը:



- Ինչ է, նա նախագահի թիմից չէ՞, այդպիսի բան չկա, Հովիկ Աբրահամյանն էլ նախագահի ընկերն է, մենք էլ իրա հետ միասին աշխատելու ենք թիմով:



- Իսկ որքա՞ն տոկոս է «այո»-ն լինելու՝ ըստ Ձեզ:



- Չեմ կարծում, բայց համոզված եմ, որ դրական է լինելու։