Վարչապետի խոսքը շորո՞վ, թե՞ անշոր օրենք է

Վարչապետի խոսքը շորո՞վ, թե՞ անշոր օրենք է

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը չի կարծում, որ Սահմանադրության փոփոխությունների «Այո»-ի շտաբը վարչական ռեսուրսն օգտագործում է հօգուտ փոփոխությունների․ նա հակադարձեց Hraparak.am-ի դիտարկմանը, որ հանրաքվեի կենտրոնական շտաբի ղեկավարի պաշտոնում նշանակված Հովիկ Աբրահամյանը նաեւ ՀՀ վարչապետն է եւ նրա խոսքը այսպես, թե այնպես կատարում են բյուջետային աշխատողները, ինչպես նաեւ իշխանության վերահսկողության տակ գտնվող կրթական հաստատություններում․



«Հենց որ մի տեղից լսեք, որ վարչապետն այդպիսի հրահանգ է տվել՝  ի պաշտոնե, նոր կասեք, որ վարչական ռեսուրսը օգտագործվում է, մինչդեռ հավատացեք, որ այդ ժամանակներն անցել են երկրում եւ յուրաքանչյուրն իր կարծիքն ազատ արտահայտում է, առանց վախենալու»։ Հարությունյանը առավել «համոզիչ» գտնվելու համար պատկերավոր է բացատրել․«Կարող եք ուսումնասիրել մի քանի երկրի օրինակը, օրինակ ԱՄՆ-ի փորձը, եթե քաղաքական պայքարում շերիֆը հանդես է գալիս իր շորերով, համարվում է, որ նա օգտագործում է վարչական ռեսուրսը, եթե շերիֆը հանում է իր վրայից իր շորերը եւ չի ասում, որ ես շերիֆ եմ, համարվում է, որ դա վարչական ռեսուրս չէ, նույն մոտեցումը որդեգրվել է նաեւ մեր երկրում»։



Դիտարկմանը, որ ՀՀ-ում վարչապետը տարբերակիչ համազգեստ չունի, որ իմանան որ շորերով է քարոզչություն իրականացնում, Հարությունյանն արձագանքել է․«Ոչ մի երկրում վարչապետը նման համազգեստ չունի»։ Չեք կարծում, որ, այնուամենայնիվ անհավասար մրցակցություն կա Այո-ի եւ ՈՉ-ի ճակատների միջեւ, մեր հաջորդ հարցին Հարությունյանը պատասխանեց․«Ոչ, իհարկե՝ ոչ, անհավասար կլիներ, եթե լրատվամիջոցներն անհավասար լուսաբանեին եւ առանձնահատուկ տեղ հատկացնեին Այո-ի քարոզչությանը»։