Մի «սպարտիվկայի» պատմություն

Մի «սպարտիվկայի» պատմություն

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության կայքում մի հաղորդագրություն հայտնվեց. «2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթում «ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել» վերնագրով հոդված է հրապարակվել, որը պարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներ: Վերոնշյալի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը) եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն»:



Առաջին տպավորությունն այս տեքստից այն էր, որ դատախազությունը, փաստորեն, հաստատել է մեր՝ հոկտեմբերի 23-ի լուրը։ Ոչ միայն հաստատել է, այլեւ որոշել է պարզել արտահոսքի աղբյուրը։ Փաստորեն, չի բավարարվել տարբեր եղանակներով մեր խմբագրությունից «աղբյուրը» ճշտելու փորձերով եւ որոշել է գործի դնել իրավական «լծակները»։ Ոչ ավել-ոչ պակաս՝ Ազգային անվտանգության ծառայությունն օգտագործել է նշված արտահոսքի մեղավորներին պարզելու եւ պատժելու համար։ Սա, փաստորեն, սկզբունքի հարց է դարձել երիտասարդ դատախազի համար։ Թերեւս մտածել է՝ այդ ո՞վ է, քանի՞ գլխանի է, որ ներսից ինֆորմացիա հանի, այ, հիմա որոշում կկայացնեմ եւ միանգամից մի քանի խնդիր կլուծեմ։



1. Կվախեցնեմ բոլոր քննիչ-դատախազների աչքը, ովքեր կհամարձակվեն իրենց հայտնի դարձած որեւէ տեղեկություն փոխանցել մեկ այլ անձի։ Սա շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ «սպարտիվկայի» գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, որի պետի՝ Վահրամ Շահինյանի հետ Գեւորգ Կոստանյանը լուրջ հակասություններ ունի։



2. Կվախեցնեմ լրագրողներին, որոնք համարձակվում են քիթները խոթել մեր խոհանոցը եւ նախաքննության մեջ գտնվող գործերի հետ կապված մանրամասներ հրապարակում։ Սա էլ պակաս կարեւոր չէ, եթե հաշվի առնենք, որ հրապարակումը եղել է «Հրապարակ» թերթում, որին «պատժելու» նախկին փորձերը կարծես ապարդյուն են անցել։



Սակայն ՀՀ գլխավոր դատախազը հաշվի չի առել մի քանի հանգամանք։ Նախ այն, որ որքան գոյություն ունի մարդկությունը, այնքան էլ հավերժ է մարդկային հետաքրքրասիրությունը, բամբասելու, գաղտնի տեղեկությունները միմյանց փոխանցելու, իրար ականջի փսփսալու սովորույթը։ Իսկ արգելված պտուղը, հայտնի է, որ միշտ քաղցր է։



Բնականաբար, միշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն վախենա տարբեր արգելքներից եւ լրագրողների հետ կկիսվեն։ Եվ երկրորդ հանգամանքը, որ մենք մեր աղբյուրները չենք բացահայտում՝ անգամ եթե մեզ դատական ատյաններով են քարշ տալիս եւ ծախու դատավորների միջոցով աղբյուրը բացահայտելու որոշումներ պարտադրում։ Իսկ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո ընդհանրապես որեւէ խնդիր չունենք. աղբյուրի բացահայտման պահանջի շրջանակներն այնքան են նեղացել, որ իրավապահները դա կարող են անել միայն նախապատրաստվող ծանր հանցագործությունը կանխելու եւ որեւէ անձի արդարացնելու նպատակով։ Կարծում ենք՝ «սպարտիվկայի» պատմությունը չի մտնում այդ տարբերակներից ոչ մեկի մեջ։
Սակայն եւս մի քանի նկատառում կուզենայինք հայտնել այս առումով։ Նախաքննական գաղտնիք չհրապարակելու օրենսդրական նորմի իմաստն այն է, որ եթե կան հանցագործությանը մասնակից այլ անձինք, ովքեր թաքնվում են նախաքննական մարմնից, տեղեկություններ չստանան եւ չխուսափեն պատժից, կամ այդ տվյալների հրապարակումը կարող են ոմանք օգտագործել եւ նոր հանցագործություն կատարել, դա կանխվի։ Ի՞նչ էական նշանակություն ունեն այս գործով նախաքննական տվյալները, որ դատախազությունը փորձում է թաքցնել հանրությունից։ Ի՞նչ իմաստ ունի, գործի բուն քննությունը թողած, ընկնել նախաքննական տվյալներ հրապարակած անձի կամ անձանց ետեւից։



Եթե կարելի էր ժամանակին Հանրային հեռուստատեսությամբ, ի լուր աշխարհի, հրապարակել, ասենք՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննական մանրամասները։ Եթե կարելի էր Սյունիքի մարզպետին առնչվող սպանության գործով հրապարակել նախաքննական գաղտնիքը, ապա ինչո՞ւ չի կարելի «Վարդաշենի» բերդի պետի 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» դեպքը հրապարակել։



Ինչո՞վ է մեր հրապարակումը վնասել նախաքննության ընթացքին։ Հիշեցնենք. խոսքն այն մասին է, որ գաղտնալսվել է խարդախության համար դատապարտված Արթուր Քանանյանի խոսակցությունն իր եղբոր հետ, որտեղ նա հրահանգում է 30 հազար դրամանոց «սպարտիվկա» տալ իրենց խանութից «Վարդաշեն» ՔԿՀ պետին։ Երբ պետը գնացել եւ ստացել է «սպարտիվկան», իրավապահներն այցելել են նրա տուն՝ առգրավել եւ մարզական հագուստը, եւ խանութից տեսաերիզը, որտեղ երեւում է, որ նա գումար չի վճարել։ Ահա այս հանցագործության զվարճալի պատմության հրապարակումն է հարուցել Գեւորգ Կոստանյանի զայրույթը։



«Հրապարակ»