Դեկտեմբերի 6-ին «այո»-ն կբեռնաթափվի

Դեկտեմբերի 6-ին «այո»-ն կբեռնաթափվի

Առաջիկա սահմանադրական բարեփոխումների մասին օրվա իշխանությունն այնքան շատ է գովազդում, որ մի պահ ցանկանում ես մտածել, որ կարո՞ղ է իրոք ինչ-որ բան ինչ-որ տեղ բարեփոխվի, եւ իշխանությունը չվերարտադրվի: 



Սակայն, տեսնելով նրանցից շատերի անբռնազբոսիկ պահվածքը եւ լսելով առավել անհեթեթ մեկնաբանությունները, գալիս ես այն եզրակացության, որ սրանք բարեփոխվող պտուղ չեն… եւ վերջ:



Նրանցից շատերն անցած տարիներին այնպիսի կապիտալ են կուտակել, որ դժվար թե կարողանան պետականամետ մտածելակերպով գործունեություն ծավալել եւ բարեփոխումներ իրականացնել ի շահ համաքաղաքացիների, ինչու չէ՝ նաեւ առանց խաղեր տալու գնալ «վաստակաշատ» հանգստի։



Մթնոլորտը ողողված է «այո»-ի քարոզով, բնականաբար, այն կամաց-կամաց դառնում է ամենօրյա բեռ սոցիալապես բեւեռացված երկրի աղքատ եւ գործազուրկ քաղաքացիների համար:



Մարդիկ ցանկանում են ոչ թե «այո» լսել, այլ հասկանալ՝ մինչեւ ե՞րբ կարելի է օրվա իշխանավորներից մտավոր ոչ պակաս ունակություններով քաղաքացիներին քաղաքական լաբիրինթում պտտեցնել:



Ինչպե՞ս կարող է աշխատուժի 20% գործազուրկների բանակում «այո» հնչել։
Ինչպե՞ս կարող է 35% աղքատ բնակչությունն «այո» ասել։



Մի՞թե կարող են արտագաղթի տրամադրություն ունեցող քաղաքացիներն «այո» ասել:
Բանկերի վարկառուները եւ տոկոսով հացի խնդիր լուծողներն ինչպե՞ս ասեն «այո»:
Պարոնա՛յք իշխանավորներ, շրջեք հանրապետության անմարդաբնակ գյուղերով եւ «այո» պահանջեք:



Հանդիպե՛ք այն մարդկանց, որոնք ձեզ կասեն, որ նախորդ բոլոր «այո»-ները դուք գցել եք ջուրը:



Ներկայացված նախագիծը սահմանադրական բարեփոխում չէ, այլ պարզապես պարտադիր հոգեթերապիա է, որի բուժման կուրսով փորձում են անցկացնել համաքաղաքացիներին:



Այսօր անհրաժեշտ է բեռնաթափվել դեկտեմբերի 6-ի «այո»-ից։



Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար