Այնպես չէ, որ վաղը Սահմանադրություն փոխեցին, բոլորի վիճակը լավանալու է

Այնպես չէ, որ վաղը Սահմանադրություն փոխեցին, բոլորի վիճակը լավանալու է

Իշխանության համար անչափ կարեւոր «այո»-ի քարոզչությունից անմասն չի մնացել նաեւ կառավարության անկուսակցական նախարար Սերգո Կարապետյանը: «Իմ երկրի ապագայից ելնելով եմ ես գործընթացին ներգրավվել»,- ասում է նա: Գյուղնախարարն «աշխատանքից հետո, հերթական այցերի ընթացքում», լինում է համայնքներում ու բացատրական աշխատանքներ տանում մարդկանց շրջանում: 



- Պարոն Կարապետյան, սահմանադրական բարեփոխումների քարոզչությունն արդեն եռուն շրջանում է, հեռուստատեսային շոու է ընթանում, Դուք ներգրավվա՞ծ եք այս գործընթացում:



- Շոո՞ւ. ի՞նչ շոու, ես շոուների չեմ մասնակցում, իսկ գործընթացին ներգրավված եմ աշխատանքից հետո:



- Գյուղատնտեսական տարին արդյոք այնքան լա՞վն էր, որ կարելի է գյուղացիների շրջանում սահմանադրական քարոզչություն անել, ինչպե՞ս եք գնահատում գյուղատնտեսական տարին:



- Ոչ միայն ես եմ գնահատում, այլ բոլորն են գնահատում, որ տարին լավ տարի էր, բարեհաջող տարի էր, բերքառատ տարի էր, իհարկե, խնդիրներ էլ ունեցանք, բայց այդ խնդիրները հաղթահարեցինք:



- Տարին բերքառատ էր, բայց շատերը չկարողացան իրացնել իրենց բերքը, օրինակ՝ խաղողը չիրացվեց, մի մասն էլ բավական էժան իրացրեց նուռը, վարունգը եւ այլն:



- Բերք չի մնացել, բերքն ամբողջապես իրացվել է: Իհարկե, իրացման հարցում որոշակի խնդիրներ առաջացան, որոնք կարողացանք հաղթահարել: Այս տարի բերքառատ տարի էր, մթերողները ֆինանսական առումով խնդիրներ ունեին, իրենց ապրանքն ամբողջությամբ չէին իրացրել, բայց ըմբռնումով մոտեցան, եւ մարդկանց ամբողջ բերքն իրացվեց: Անցյալ տարվա համեմատ 32 հազար տոննա խաղող ավել է մթերվել եւ 48 հազար տոննա ավել արտադրվել:



- Ուզում եք ասել, որ բնությունը բարեհա՞ճ է գտնվել իշխանությունների համար, եւ գյուղատնտեսական հաջողակ տարին իր ազդեցությունը գործելու է «այո»-ի օգտին։



- Ոչ թե իշխանության, այլ ընդհանրապես մարդկանց հանդեպ, գյուղացու հանդեպ, մեր ազգաբնակչության հանդեպ, իհարկե:



- Մարդիկ այս տարի դրական էմոցիաներ ունեն եւ…



- Դե գիտեք, միշտ էլ դժգոհություններ կան, բացառվում է, որ դա չլինի, կլինեն նաեւ սրանից հետո: Հնարավոր չէ, որ ամբողջ գյուղացիները կամ քաղաքացիներն ամեն ինչից գոհ լինեն:



- Իսկ քարոզչության նպատակներով ո՞ր համայնքներում եք եղել, եւ ինչպիսի՞ տրամադրություններ կան իշխանության նախաձեռնած փոփոխությունների հարցում:



- Ես ընդհանրապես շարունակում եմ իմ հերթական այցերը, իհարկե՝ աշխատանքից հետո լինում ենք համայնքներում եւ աշխատում բացատրել գյուղացիներին եւ ընդհանրապես իմ շրջապատին նոր Սահմանադրության, փոփոխությունների վերաբերյալ:



- Եվ ինչպիսի՞ն են ընկալումները:



- Իրենք պետք է կարդան, որ ընկալեն տարբերությունները, ուղղակի կոչ անել, որ «այո» ասեն, այդպես չէ:



- Կարծում եք մարդիկ հետաքրքրվա՞ծ են այդքան:



- Իհարկե, յուրաքանչյուր մարդու էլ հետաքրքրում է իր երկրի ապագան, քեզ չի՞ հետաքրքրում:



- Իսկ նոր Սահմանադրությունը կբարելավի՞ մարդկանց եւ հատկապես գյուղացիների կյանքը, ի՞նչ կտա նրանց:



- Այնպես չէ, որ վաղը Սահմանադրություն փոխեցին, բոլորի վիճակը լավանալու է, այդպես չէ խնդիրը: Սահմանադրությունը մեկ տարվա, երկու տարվա համար չէ, կյանքն իր դինամիկ զարգացումներն է ապրում, այդ ընթացքում էլ շատ փոփոխություններ են կատարվում, այդ թվում՝ Սահմանադրության, իրավիճակներ են փոխվում, կյանքը զարգանում է, Սահմանադրության վերաբերյալ որոշակի ճշգրտումներ պետք է իրականացվեն, եւ կատարվում է:



- Եվ հե՞շտ է լինում հոգսաշատ գյուղացուն համոզել այս ամենը եւ քարոզել «այո»-ի օգտին: Մարդկանց քիչ է հետաքրքրում, թե ինչ Սահմանադրություն կլինի, նրանք մի քիչ նորմալ ապրել են ուզում:



- Մենք չենք համոզում, այլ բացատրում ենք նոր Սահմանադրության էությունը, իսկ որոշողն իրենք են: Բոլորն էլ ուզում են լավ ապրել, լավ, բերքառատ տարի լինի, շատ բերք ստանան, եկամուտ ստանան. բոլորի ձգտումը դա է: Բայց մենք մի բան էլ պիտի հաշվի առնենք՝ այսօրվա մեր երկրի իրավիճակը, արտաքին թշնամիները, այն խնդիրները, որոնք մեր առջեւ ծառացած են, կիսապատերազմական վիճակը. այս խնդիրները պետք է հաշվի առնենք, երբ որ գնահատական ենք տալիս: