Իսկ ինձ այս շոուն դուր է գալիս

Իսկ ինձ այս շոուն դուր է գալիս

Չէ, ինչ ուզում եք ասեք՝ ինձ այս շոուն շատ դուր եկավ: «Ռեալիթի» բառն է մարդկանց գցում շփոթության մեջ: Թե չէ ամեն ինչ լավ է: Բա դուք շոուն ինչպե՞ս եք պատկերացնում:



Մեջն անպայման Քիմ Քարդաշյա՞ն պիտի լինի, որ ասեք շոու է: Հրանտ Բագրատյանն ու Վարդան Այվազյանը 10 հատ Քիմ Քարդաշյան կտանեն ջուրն ու ծարավ հետ կբերեն: Եվ ապա՝ մեր գեղեցկուհինե՞րն ինչով են պակաս ձեր այդ Քիմ Քարդաշյանից: Մի տեսեք ոնց են լծվել Սերժ Սարգսյանի ու նրա զբաղեցրած պաշտոնի քննադատության գործին: Մի տեղ մոր պես, մի տեղ՝ քրոջ, խնդրում, աղաչում են «այո» ասել նախագահի տապալմանը:



Գրում են՝ «այո»-ի եւ «ոչ»-ի իրապատում: Սխալ ձեւակերպում է: Ավելի ճիշտ՝ բարդ: «Ռեալիթին» «Իրապատումը» չէ: Իրապատում կարող է լինել բանահյուսական կամ գրական ստեղծագործությունը: Պետք էր գրել՝ «Իսկական շոու»: Ահա ռեալիթի շոուի ճիշտ թարգմանությունը:



Գալուստ Սահակյանը, փորձված մարդն ուրիշ է, էլի, նկատել է, որ այս շոուն նպաստում է ժողովրդի ակտիվացմանը: Բնականաբար: Մեկ էլ ե՞րբ էին գյուղացիները նման բան տեսել, որ Երեւանից մարդիկ գային իրենց գյուղը, իրար գզեին ու գնային, իսկ իրենց գլուխներն էլ ավելորդ հիմարություններ չլցնեին: Այլապես գալիս էին, միտինգ էին անում, կլուբում էին հավաքում խեղճ գյուղացիներին, ելույթ ունենում, ծափ տալիս: Լիկբեզն արդեն զզվեցրել էր գյուղացուն: Այնպես որ, այս թեթեւ ժանրը նրանց սրտով է, ու եթե մեկն էլ լիկբեզ է անում այս շոուի ընթացքում, ապա այդ մեկը գյուղացին է, ոչ թե Երեւանից եկածները:



Ինչպես ամենահայտնի շոուները, մեր այս շոուն էլ որեւէ սցենար, գաղափարական ուղղվածություն, միտք եւ նման բաներ չունի: Այլ խոսքով՝ սա մի հրաշալի շոու է թե մարզերում մարդկանց ակտիվ հանգստի եւ թե ուրախ ժամանցի կազմակերպման առումով: Հիշում եմ, թե մենք որքան էինք ուրախանում, եւ մանավանդ ակտիվանում, երբ Վանաձոր էին բերում որեւէ շրջիկ գազանանոց կամ կրկես:



Ես տխրում եմ, երբ մեր շոուի մասնակիցները երբեմն-երբեմն հիշում են սահմանադրությունն ու հանրաքվեն: Սա նույնն է, թե ուրախ, հայկական հարսանիքի ժամանակ մեկը ոտքի կանգնի եւ առաջարկի խմել Քենեդու կենացը: Այսինքն՝ իրար հետ կապ չունեցող բաներ են շոուն եւ սահմանադրությունը: Եվ այնպիսի խոշոր սահմանադրագետներ, ինչպիսիք են Միքայել Մելքումյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը եւ ուրիշներ, պարզապես պարտավոր են տրվել շոուին եւ ավելորդ տեղը տրամադրություն չփչացնել:



Ի՞նչ երկարացնեմ, ինձ դուր է գալիս: Միայն թե մի մտավախություն ունեմ: Հանկարծ ժողովուրդը 2017-ի ընտրարշավն էլ շոուի տեղ չդնի: Բանն այն է, որ 2017-ի ընտրություններում լինելու են նաեւ այսօրվա շոուի ամենաակտիվ դերակատարներից շատերը, եւ կարող է գյուղացիներն ընկնեն թյուրիմացության մեջ՝ սա այն ուրախ շոուի երկրորդ սերիան չէ՞ արդյոք: