Եթե ձու է, պետք է թանկանա

Եթե ձու է, պետք է թանկանա

Հավանաբար շատերը գիտեն, որ մեր՝ սպառողներիս շահերն ու իրավունքները պաշտպանող զանազան պետական ու ոչ պետական կառույցներ, կազմակերպություններ կան: Ենթադրում եմ, որ դրանցից մեկն էլ «Հայաստանի սպառողների միություն» կոչվող կազմակերպությունն է, որի նախագահը Արմեն Պողոսյանն է: Ո՞վ է այս մարդը, որտեղի՞ց հայտնվեց, ո՞վ նրան նշանակեց կամ ինչպե՞ս նա դարձավ «Հայաստանի սպառողների միության» նախագահ: Կա՞ մեկը, որ նրան ընտրել է, որպեսզի իր շահերը պաշտպանի: Դիցուք, ես այդ մարդուն նույնիսկ չեմ ճանաչում: Ավելին ասեմ՝ այնպիսի զգացում ունեմ, որ Արմեն Պողոսյանը գների գծով Ահարոն Ադիբեկյանն է, մի տարբերությամբ, որ Ադիբեկյանը խոսում է ընտրություններից առաջ, իսկ ինքը՝ թանկացումներից հետո:



Եթե ժամանակ ունեք, լսեք Պողոսյանին. ‹‹Դա (ձվի թանկացումը, Էդ.Ա.) սպասելի էր, սակայն ոչ այսքան շուտ: Միշտ էլ բարձրացնում են ձվի գները, այս անգամ շուտ են սկսել գործընթացը: Հիմնականում միշտ գնաճ նկատվում էր Ամանորի նախաշեմին: Ուզում եմ հիշեցնել, որ թռչնաֆաբրիկանները հրապարակային խոստացել էին, որ ձվերի գների բարձրացում չի լինի, բայց էլեկտրաէներգիայի թանկացումը դրան նպաստեց››: Պողոսյանը, փաստորեն, մեզ՝ սպառողներիս ասում է՝ իբր ի՞նչ մի զարմանալու բան է ձվի թանկացումը, ինչ է, էլեկտրաէներգիայի պատճառով մի փոքր շուտ են թանկացրել, խառնվել եք իրար: Բայց ինչպե՞ս մարդիկ չխառնվեն իրար, երբ պարզ չէ՝ մինչև Ամանոր ձվարտադրողները ևս մեկ անգամ չե՞ն բարձրացնի գները: Պողոսյանը դրա պատասխանն էլ ունի. ‹‹Պրակտիկորեն հնարավոր է: Դժվար է կանխատեսել, թե ինչքանով կբարձրանա, բայց երևույթը միշտ եղել է››:



Մեզ, իհարկե, Արմեն Պողոսյանի այս լղոզված կանխատեսումները չեն հետաքրքրում, որովհետև դրաննց հետևում, ինչպես նաև Հայաստանի հետևում, ոչ մի տնտեսական հաշվարկ գոյություն չունի: Հայաստանում վաղուց բոլոր թանկացումներն էլ աչքաչափով են արվում, կամ ըստ ախորժակի: Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է այս մարդը, այսքան ջանադրաբար չարչարվում, որ մարդիկ, այսինքն սպառողները, համակերպվեն թանկացումների հետ և դրանք ընդունեն որպես առօրյա բան: Նա, փաստորեն, հանրությանը հոգեբանական տեռորի է ենթարկում՝ չունենալով դրա ոչ պետության կողմից տրված իրավունքը, ոչ էլ, մանավանդ, հատուկ մանդատ հանրության կողմից:



Գալով հոդվածի սկզբին՝ ուզում եմ կրկնել՝ ինձ ‹‹Հյաստանի սպառողների միություն›› բառակապակցությունը ոչինչ չի ասում և ես կցանկանայի իմանալ՝ այդ ի՞նչ միություն է, որ իմ անունից հանդես գալով, ինձ բացատրում է՝ եթե ձու է, որեմն պետք է թանկանա: Հուսամ՝ նաև ընթերցողներին հետաքրքրեց Արմեն Պողոսյանի՝ ընդհանրապես գործունեությունը:



Էդիկ Անդրեասյան