Փտած երկիր ենք` վերջին բոլշեւիկով

Փտած երկիր ենք` վերջին բոլշեւիկով

Երբ նայում ես հայ չինովնիկների հանդեպ մեր պետության գորովալից վերաբերմունքին եւ այդ պետության համար հայ չինովնիկի արածին, ապշած ես մնում: Դրանց պետք է դատել, իսկ մենք դեռ խոսում ենք չինովնիկին ծառայողական մեքենա տալ-չտալու մասին, տվածը հետ վերցնելու կամ առավել ռացիոնալ օգտագործելու մասին:



Չգիտեմ ով էր, ասաց՝ եթե մեքենաները վերցնենք, չինովնիկների տեղափոխման կամ գործով տեղ-մեղ գնալու ծախսերը կկրկնապատկվեն: Ապուշություն: Դուք միայն պաշտոնը մի վերցրեք հայ չինովնիկի ձեռքից, եւ նա երթուղայինի մեջ ճխտված կգնա ուր ասեք: Իսկ ո՞վ է ասում վճարեք տաքսիով շրջագայությունների համար: Մի վճարեք ոչինչ, եւ թող տվյալ չինովնիկը վազ տա կառավարություն՝ իր հաշվին, ոչ թե պետության: Ասում եք ճիշտ չէ՞: Իսկ ճի՞շտ է, որ այդ չինովնիկն աշխատավարձ է ստանում, ոչինչ չի անում, եւ մի հատ էլ նրա հետույքը մեքենայով են ման տալիս:



Ուրիշ բան ասեմ ձեզ: Ենթադրենք՝ պետությանը պետք է, որ չինովնիկը մամուլի ասուլիս տա եւ ինչ-որ բաներ ասի: Պադավատը նրան տանում է մամուլի որեւէ ակումբ, իսկ տասնյակ լրագրողներ իրենց խղճուկ աշխատավարձից 200 դրամ են հատկացնում, որ գնան այդ ասուլիսին եւ վերադառնան խմբագրություն: Ինչո՞ւ պետությունը որոշակի գումար չի հատկացնում խմբագրություններին, այլ ամբողջը տալիս է չինովնիկին, որ նա պադավատով գա ասուլիսի, պադավատով գնա ասուլիսից:



Ասում են՝ ծախսերը պետք է կրճատել: Հրաշալի է: Հարց՝ ե՞րբ: Շուտով բյուջեի քննարկումները կավարտվեն, եւ դարձյալ կմոռանանք պադավատների մասին: Հիմա, ենթադրենք, այդ նպատակով ծախսերը Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի ջանքերի շնորհիվ մի քանի կոպեկ կրճատվեն: Արդյոք դա հարցի լուծո՞ւմ է: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել է, որ շատ են կրճատելու: Որքա՞ն է այդ շատը, եւ արդյոք միայն երեւացո՞ղ ծախսերն են կրճատվելու: Իսկ ինչպե՞ս են կրճատելու այն ծախսերը, որոնք պայմանավորված են այս կամ այն չինովնիկի անձնական մեքենաների օգտագործմամբ: Նույն Գագիկ Խաչատրյանի համար գաղտնիք չէ, որ հարկայինի ու մաքսայինի շատ ու շատ աշխատակիցներ գործի ժամանակ երթեւեկում են սեփական մեքենաներով՝ ոչ պակաս շքեղ, քան բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաներն են: Եթե այդ մեքենաների վրա, այնուամենայնիվ, նախարարությունը ոչինչ չի ծախսում (իսկ մենք խիստ կասկածում ենք, որ չի ծախսում), ապա հարց է առաջանում՝ որտեղի՞ց մեր հարկայինի աշխատողներին այնքան փող, որ համ մի քանի տասնյակ հազարանոց մեքենաներ են առնում, համ էլ դրանք օգտագործում պետության կարիքների համար:



Կարծում ենք՝ շատ խելք պետք չէ գլխի ընկնելու համար, թե որտեղից է գոյանում այդ փողը: Աչքիդ առաջ օրական մի նոր օբյեկտ է փակվում, տնտեսություն է ամայանում, երկրում գործարար չի մնում, եղածներն են թքում՝ հեռանում: Հարկային տեսուչներն այնքան են լկտիացել, որ գործարարներից նախ իրենց փայն են պահանջում, հետո միայն, այսպես կոչված, պետության հարկը: Հիմա սա ո՞ր օրենսգրքով պետք է կարգավորվի՝ «ԱԺ-ում ասել-խոսելո՞ւ», թե՞ քրեական:



Այսքանից հետո էլ ասում են, եթե Գագիկ Խաչատրյանը ոտքով գնա կառավարության նիստին, ծախսերն ավելի կշատանան: Չկա նման բան: Գագիկ Խաչատրյանը, եթե ճանապարհին պաղպաղակ էլ գնի եւ այդ ծախսն էլ մտցնի գնալ-գալու մեջ, դարձյալ այնքան չի կազմի, որքան հիմա է կազմում նրա տեղաշարժը:



Ֆիննախը, իհարկե, միակ նախարարությունը չէ, որ անտեսանելի օգտվում է բյուջետային եւ բյուջե չհասնող գումարներից: Քանի՞ ստուգող-պատժող կառույց կա Հայաստանում: Այդ կառույցների ղեկավարներից ու նրանց տեղակալներից վերցրեք պադավատները՝ տեսնենք որեւէ մեկը հրաժարական կտա՞: Լավ, մի վերցրեք, այլ շքեղ մեքենաները փոխարինեք պարզ փոխադրամիջոցներով՝ տեսնենք կհրաժարվե՞ն նստել:



Փտած երկիր ենք, սովետի մնացորդ, սա է պատճառը: Այլապես կա Դանիայի հստակ օրինակը, որ բերել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե ինչու է Դանիայում այդպես, թույլ տվեք շատ չխորանալ եւ ասել միայն՝ Դանիան պետություն է ժողովրդի համար, իսկ Հայաստանը՝ չինովնիկի:



Սխալ կլիներ այսքան բան գրելուց հետո երկու բառով սեփական առաջարկությունները չներկայացնել առ այն, թե ինչ անել, որ Հայաստանը պադավատապետությունից անցում կատարի կիսապադավատապետության:



Առաջին. պետք է գնալ եւ սահմանադրական բարեփոխումներին «այո» ասել: Զարմացա՞ք: Կարիք չկա: «Այո» ասելու պարագայում ԱԺ-ն է որոշելու այս կամ այն նախարարությանն այսքան կամ այնքան պադավատ հատկացնելու հարցը եւ ոչ թե վարչապետը, որ մի հատ էլ մուննաթ է գալիս կառավարության կարեւոր նիստը խանգարող նախարարների վրա, թե օրիորդ նախարարի պադավատները քիչ են, ու պետք է նորերն ավելացնել: Կառավարման նոր համակարգը հույս է ներշնչում, որ ԱԺ մեծամասնությունը, լինելով բյուջեի տերը, փող ծախսելիս մի փոքր ավելի շրջահայաց կգտնվի:



Երկրորդ. բոլոր պետական-ծառայողական մեքենաների վրա գազ դրեք եւ մեկընդմիշտ փակեք «բենզինի ծախս» տողը: Հաշվարկված է՝ 4 անգամ խնայողություն կապահովեք: Ճիշտ է, տարեկան մի քանի չինովնիկ կամ չինովնիկի զոքանչ հօդս կցնդի, բայց ի՞նչ արած, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Այդ ո՞ր երկրում չինովնիկների թվի կարգավորման տեխնոծին մեխանիզմներ չկան:



Եվ, վերջապես, երրորդ. քանի որ մեքենաները գազով կլինեն, երեկոյան ժամը 6-ից հետո դրանք տրամադրեք վարորդներին, որ նրանք տաքսու նշանը դնեն գլխին ու քշեն իրենց հիմնարկի համար՝ 50-50 պայմանով: Այդպես թե տվյալ մեքենայի վերանորոգման ծախսը կփակվի, թե տվյալ հիմնարկի տրանսպորտային մյուս ծախսերը: Կարելի է նաեւ տվյալ «տաքսու» մեջ, երեւացող տեղում, գրել՝ այս մեքենայով օրվա լույս ժամերին երթեւեկում է, օրինակ, Արմեն Աշոտյանը: Հաճախորդներն էլ լավ կզգան իրենց: Թե չէ Գալուստ Սահակյանը տրտնջում է, որ ԱԺ ավտոպարկի կեսը լոմի է վերածվել: Ինչո՞ւ եք պահել, 50-50-ով տվեք մարդկանց, թող նորոգեն` քշեն:



Ինչպես ասում են՝ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում: Մենք պետք է գնանք դրան, եթե հարկ լինի՝ նույնիսկ երկար բացատրական աշխատանք տանելով չինովնիկների կանանց, զոքանչների, բարեկամների, սիրուհիների եւ մյուսների հետ, ովքեր այս կամ այն կերպ կապված են տվյալ պադավատին: