Ամենաթույլ օղակը՝ ՀԱՊԿ

Ամենաթույլ օղակը՝ ՀԱՊԿ

Ռուսական Су-24 սավառնակի հետ տեղի ունեցածը ռուս-թուրքական հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարում երկրների դիրքորոշումների, միջազգային հանրության կեցվածքների խորքերը բացահայտելուց զատ, նաեւ առիթ դարձավ, որպեսզի Ռուսաստանն ընկալի դաշնակիցների հետ իր փոխհարաբերությունները, հասկանա՝ կենսունա՞կ են արդյոք այն կառույցները, որոնք ինքը հիմնել է ոչ այն է՝ սեփական անվտանգությունից ելնելով, ոչ այն է՝ դաշնակիցներին շուրջը պահելու, նրանց վրա իր ազդեցությունը չկորցնելու հույսով:



Տրամաբանությունը հուշում է, որ Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումն առաջին հերթին պետք է «զորաշարժի» ենթարկեր ՀԱՊԿ-ն, բայց ամենապասիվն այս իրավիճակում հենց ՀԱՊԿ-ն գտնվեց: Դա դժվար չէ տեսնել, եթե մի հայացք նետենք Թուրքիայի գործողություններին: Օդահենության ակտից րոպեներ անց Թուրքիան արդեն դիմել էր ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը, պարզվեց՝ դիմելու տեղ չունի, չնայած Կրեմլի պաշտոնական տեսակետին, որ Су-24-ի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա: Եթե դա հարձակում է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, ապա, ըստ այդ կառույցի կանոնադրության, մյուսները պետք է դա համարեին հարձակում իրենց վրա եւ հանդես գային Թուրքիայի դեմ հայտարարությամբ՝ կանգնեին Ռուսաստանի պաշտպանության դիրքերում: Բայց դա տեղի չունեցավ: ՀԱՊԿ անդամներից մի քանիսն ընդհանրապես լռեցին, իսկ մի քանիսն էլ ավելի լավ կանեին, եթե լռեին:



Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, օրինակ, չեղյալ հայտարարեց իր այցը Մոսկվա, որտեղ պետք է հանդիպեր Պուտինի հետ: Թվում էր՝ դրան հետեւելու է Բելառուսի հակաթուրքական հայտարարությունը, բայց Լուկաշենկոյի ադմինիստրացիան այցի հետաձգումը բացատրեց երկու նախագահների զբաղվածությամբ, ինչից ավելի ծիծաղելի բան դժվար էր պատկերացնելը:



Ղազախստանի հայտարարությունը, որ տարածեց այդ երկրի ԱԳՆ-ն, դիվանագիտական լպրծուն ձեւակերպումներից այն կողմ ոչինչ չի պարունակում: Իսկ հայտարարության վերջում Ղազախստանը դիմում է երկու երկրներին (Թուրքիա, Ռուսաստան)՝ հորդորելով չխորացնել հակասությունները:



Նույն ոգով էին միջադեպին արձագանքում նաեւ Ղրղզստանի ԶԼՄ-ները, իսկ պաշտոնական Բիշքեքն ընդհանրապես լռեց, ինչը, վստահաբար, ՀԱՊԿ-ի ամրության մասին չի խոսում: Ինքը՝ նախագահ Ալմազբեկ Աթամբեւը, որը համարվում է պրոռուսական քաղաքական գործիչ (նրա երկիրն այս տարի միացավ ԵԱՏՄ-ին), հասցրել է մասնակցել նույնիսկ Էրդողանի նախընտրական արշավին եւ ելույթ ունենալ նրա հանրահավաքում: Այստեղ են ասել՝ առանց մեկնաբանությունների:



Ռուսաստանին չէր կարող բավարարել նաեւ նրա ամենամերձավոր դաշնակից Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ «Բկլիկ ձկնիկը» խրատական բանաստեղծության հայտնի տեղը. «Իջիր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: Լրագրողների հարցին, թե ինչ կձեռնարկի Հայաստանը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության մեծացման դեպքում, Սեյրան Օհանյանն առաջարկել էր. «Սպասել եւ հետեւել իրադարձությունների զարգացմանը»: Սեյրան Օհանյանի զգուշավորությունը, անշուշտ, իր բացատրությունն ունի: Լինելով Թուրքիայի եւ Ադրբեջանի անմիջական հարեւանը, իր տարածքում ունենալով 102-րդ ռուսական ռազմաբազան՝ Հայաստանը չէր էլ կարող ճակատային գրոհի նետվել Թուրքիայի դեմ: Բայց այս բացատրությունն ընդամենը մի պարզ հարց է առաջ բերում՝ իսկ ինչո՞ւ Հայաստանն ավելի կտրուկ հայտարարություն չի անում, չէ՞ որ իր թիկունքում ՀԱՊԿ ունի:



Այստեղ արժե երեւի հիշել ՀԱՊԿ գագաթնաժողովներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քանիցս բարձրացրած հարցը, որ կառույցի անդամները միջազգային զանազան հարթակներում ոչ միայն չեն գործում միասնաբար, ոչ միայն չեն աջակցում միմյանց, այլեւ միմյանց դեմ քվեարկություններ են անում: Թե ինչքանով են Պուտինը եւ Բորդյուժան լրջորեն վերաբերվել այդ հարցին, երեւում է այսօր: Ռուսաստանը, փաստորեն, չի կարողանում համախմբել իր դաշնակիցներին գոնե իր օգտին համապատասխան քարոզչություն իրականացնելու համար: Եվ, կարելի է ասել, արդեն պանիկայի մեջ, ՌԴ Պետդուման զանազան պատգամավորների ելույթներով եւ օրակարգ մտցված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծով փորձ է անում ոգեւորել Հայաստանին եւ Թուրքիայի դեմ գոնե որոշակի ճակատ ձեւավորել՝ հիմքում դնելով Հայկական հարցը: Մենք, իհարկե, չուշացանք ոգեւորվել եւ փորձեցինք ռուս-թուրքական կռվին խառնվել ահաբեկչության դեմ պայքարի ճակատից՝ Երեւանում ահաբեկչական խումբ բացահայտելով, բայց համաշխարհային լիդերների եւ կառույցների հայտարարություններից հետո, ըստ երեւույթին, ինքնաթիռի կորստից Մոսկվայի առաջին շոկն անցավ, եւ Կրեմլում սկսեցին այլ ակնոցով նայել Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական տապալման հետեւանքներին:



Երբ գրվում էր այս հոդվածը, Սանկտ Պետերբուրգում ընթանում էր ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Օրակարգում, այլ հարցերից զատ, նաեւ ահաբեկչության դեմ պայքարին, այդ թվում եւ Սիրիայում Ռուսաստանի գործողություններին վերաբերող հարցերն են: Այդ նիստում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը, արդեն սեփական մաշկի վրա զգալով ՀԱՊԿ-ի ինչ-որ տեղ ձեւական լինելը, իր դաշնակիցներին որոշակի մեսիջներ կհաղորդի այն մասին, որ կառույցում կան խնդիրներ, որոնք շատ արագ պետք է վերանայման ենթարկվեն: