Հուսանք, որ դեկտեմբերի 1-ը մեզ «մարտի 2» կբերի` առանց զոհերի

Հուսանք, որ դեկտեմբերի 1-ը մեզ «մարտի 2» կբերի` առանց զոհերի

Սահմանադրության փոփոխություններն ամեն գնով կյանքի կոչելու իշխանական դասի միասնականությունն այդպես էլ չնպաստեց 



ընդդիմադիր դաշտի միավորմանը: Գործընթացը մոտենում է եզրագծին, բայց «ոչ»-ի մի քանի ճակատները դեռեւս շփոթ են առաջացնում հանրության մոտ՝ Սահմանադրության դեմ ձեւավորված ճակատների միջեւ դնելով իրականի եւ անիրականի բաժանումը: Մի ճամբարում Հիմնադիր խորհրդարանը, «Ժառանգությունը» եւ քաղաքական այլ ուժեր ու ՀԿ-ներ են, մյուսում՝ ՀԱԿ-ՀԺԿ միասնական շտաբը: Երկու ճակատներից էլ շարունակում են վստահեցնել, որ սկզբունքային տարաձայնություններ չունեն, կա մարտավարական տարբերություն՝ ընդդիմության միասնական շտաբը ոչ միայն «ոչ»-ի կոչ է անում, այլեւ խոստանում կասեցնել գործընթացը, իսկ ՀԱԿ-ՀԺԿ շտաբը միայն ակտիվ «ոչ»-ի կոչեր է անում: Նրանք վստահեցնում են՝ դա չի խանգարի, որպեսզի իրականություն դառնա ընդհանուր նպատակը, տապալվի իշխանության նախաձեռնած բարեփոխումների գործընթացը:



«Մոտենում ենք եզրագծին: Առաջիկա օրերն արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար»,- երեկ ազդարարեց Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով մասնակցել այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում մեկնարկող համազգային հանրահավաքին: «Ի տարբերություն մյուս «ոչ» ասողների` մենք միայն չենք ասել, որ «ոչ» քվեարկեն, մենք քարոզել ենք, թե այս նոր Սահմանադրությունն ինչ վտանգներ է պարունակում իր մեջ, եւ պետք է կասեցնենք գործընթացը»,- մյուս ճամբարի հետ «տարբերության» մասին մեկ անգամ եւս հիշեցրեց նա:



Իսկ կասեցման համար Սեֆիլյանը մոբիլիզացիայի կոչ արեց։ «Դեկտեմբերի 1-ին սկսվող համաժողովրդական պայքարը հաստատ մինչեւ դեկտեմբերի 6 չի հասցնելու, ուստի մեր ժողովրդին կոչ եմ անում ակտիվ մասնակցել դեկտեմբերի 1-ի հանրահավաքին: Մենք նրանց հրավիրում ենք Ազատության հրապարակ` հստակ նպատակ ունենալով չվերադառնալու տուն, մինչեւ չձերբազատվենք այս կեղեքող, ոճրագործ համակարգից:



Պետք է այս ամենը նկատի ունենալ եւ համապատասխան հանդերձանքով ներկա լինել Ազատության հրապարակում: Ձմեռ է մեր դեմը, պատրաստ լինենք: Մեր քաղաքացիներից խնդրում ենք՝ ինչքան պատրաստված ներկա լինեն եւ հանդերձանքի իմաստով, եւ մի քանի օր՝ 1, 2, 3 օր, սնունդի հետ կապված՝ եթե կարողանան ինքնաբավ լինել, դրանով մեզ օգնած կլինեն կազմակերպական դերը մեր ուսերից մի քիչ պակասեցնելու: Սակայն այն քաղաքացիները, որ հնարավորություն չեն ունենա այդ ամբողջին, մեր շտաբն այդ պարտավորությունն իր վրա է վերցնում»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:



Ընդդիմության միասնական շտաբը պատրաստակամություն է վերցնում, որպեսզի մարդկանց Ազատության հրապարակ տեղափոխի:



Ընդդիմության միասնական շտաբի պետը ոստիկանությանը կոչ արեց գործել իր գործառույթների սահմաններում` հակառակ դեպքում ժողովուրդը կստիպի այդպես գործել:



«Ես լավատես եմ եկող օրերի հետ կապված եւ չեմ կարծում, որ մեր նպատակին հասնելու համար երկար օրեր պետք չեն: Մենք չենք պատրաստվում հերթական անգամ արյուն հեղելու, մենք դա տեսել ենք 2008 թվականի մարտի 1-ին, եւ ես դեկտեմբերի 1-ը նմանեցնում եմ մարտի 1-ին, որն այդպես էլ 2 չդարձավ, եւ ես վստահ եմ, որ դեկտեմբերի 1-ը վերջապես մեզ մարտի 2 կբերի` առանց զոհերի: Մեր ժողովրդից արդեն 10 կյանք է խլվել, եւ մինչեւ հիմա մեր ժողովուրդն այդ համակարգին համարժեք պատասխան չի տվել:



Այդ պահը եկել է, այն դեկտեմբերի 1-ն է»,- Սեֆիլյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ի հանրահավաքով ոչ միայն պետք է հեռացնել կեղեքող համակարգին, այլեւ պետք է պատժել մարտի 1-ի բոլոր մեղավորներին:



ՀԱԿ-ՀԺԿ միասնական շտաբը դեկտեմբերի 3-ին նույնպես հանրահավաքի իրազեկման հայտ է ներկայացրել, կրկին Ազատության հրապարակում: Կմասնակցե՞ն այսօրվա հանրահավաքին, մեր հարցին ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը հիշեցրեց դեկտեմբերի 3-ի երեկոյան 5-ին մեկնարկող իրենց հանրահավաքի մասին:



Իսկ ՀԱԿ-ՀԺԿ-ն է՞լ կմնան հրապարակում։ «Բա մենք որ մնանք, ո՞վ է պայքարելու ընտրատեղամասերում, ո՞վ է վերահսկելու»,-զարմացավ ՀԺԿ ներկայացուցիչը։ «Մեր մարտավարությունն էլ հենց դա է, որ ամբողջ ակտիվը կենտրոնացնել տեղամասերում»,- ասաց նա: ՀԱԿ-ՀԺԿ լիդերների մասնակցության մասին էլ Մինասյանը տեղեկացրեց. «Ես կարծում եմ, որ՝ այո, կմասնակցեմ»: