Արտաքին լուսավորությամբ է ապահովվել սահմանամերձ Գոմքը

Արտաքին լուսավորությամբ է ապահովվել սահմանամերձ Գոմքը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ավարտել են ընթացիկ տարում համատեղ իրականացվող արդեն 10-րդ նախագիծը: Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում տեղակայվել է 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ:



Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը եւ համայնքի բնակիչներ:



Նախիջեւանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ունի մոտ 300 բնակիչ: Այստեղ իրենց գործունեությամբ հատկապես աչքի են ընկնում երիտասարդները: Տարբեր խմբերի ջանքերով Գոմքում կառուցվել են խաղահրապարակ, մշակութային տուն, գործում է երեխաների զարգացման կենտրոն, կանանց կոոպերատիվ՝ ներգրավված ջերմոցային, սառնարանային տնտեսություններում, սերմերի եւ սածիլների արտադրությունում:



ԽՍՀՄ փլուզումից ի վեր համայնքի կարեւոր հիմնախնդիրներից մեկն է եղել արտաքին լուսավորության ենթակառուցվածքի բացակայությունը: Գոմքում իրականացված աշխատանքների շնորհիվ գործարկվել է արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգը, որը կլուսավորի գյուղի գրեթե 60%-ը՝ 1,300 մ տարածությամբ:



«Ընթացիկ տարում սա մեր այցելած արդեն տասներորդ համայնքն է: Այս ծրագրի հիմքում կա սոցիալական աջակցության տարրը: Բուն նպատակը, սակայն, ավելի կարեւոր է. ձեր աչքերում տեսնել հույս եւ լավատեսություն վաղվա օրվա հանդեպ: Լուսավորվել է Գոմքի տարածքի կեսից ավելին: Եթե յուրաքանչյուրիդ մեջ դրա կիսով չափ ավելանա լավատեսությունը, կարող ենք ծրագիրը հաջողված համարել: Միշտ հիշեք, որ դուք մենակ չեք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-01:00-ն, իսկ ձմռանը՝ 18:30- 00:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման: