Հայաստանը Գվադալախարայի միջազգային փառատոնին ներկայացել է 180 անուն գրքերով

Հայաստանը Գվադալախարայի միջազգային փառատոնին ներկայացել է 180 անուն գրքերով

ՀՀ մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ, Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնին:



Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում:



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրել է Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:



Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնը, որն անց է կացվում 1987թ.-ից, համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն և աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդես-փառատոնը: Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն այս տարի գերազանցելու է 800 000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը: