Էջմիածնի գանձերը՝ շապիկների վրա (լուսանկարներ)

Էջմիածնի գանձերը՝ շապիկների վրա (լուսանկարներ)

Դեկտեմբերի 5-ին՝ Անի Պլազա հյուրանոցում, առավոտյան ժամը 11.00-ից մինչեւ 20.00 գործելու է «Ամանորի շունչը մեզ հետ» ամանորյա ցուցահանդես վաճառք, որտեղ ի թիվս մի շարք ընկերությունների եւ անհատների, իր ինքնատիպ աշխատանքներն է ներկայացնելու նաեւ նկարչուհի Գայանե Գեղամյանը։



24 ամյա Գայանե Գեղամյանը ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժինը եւ արդեն 4-5 տարի զբաղվում է զարդերի պատրաստմամբ, կտորների վրա տարբեր նկարազարդումներ անելով։ Ասում է երկու դեպքում էլ փորձի համար է սկսել աշխատել, ստացվելուց հետո որոշել է ավելի բարդ գործեր անել։



Գայանեի աշխատանքները (համատեղ դիզայներ Լիլիթ Խաչատրյանի հետ) լինելու են շապիկներ նկարազարդված Էջմիածնի գանձերով՝ մասունքներ, խաչեր, սուրբ աջեր, կաթողիկոսի գլխարկներ: Ներկայացված շապիկների շարքը կոչվելու է հենց «Էջմիածնի գանձերը», որտեղ ներառված են լինելու 15 տարբեր շապիկներ։ Շապիկների հետ լինելու են նաեւ պիտակներ՝ օրիգինալ նկարով եւ 3 լեզվով նկարագրություն։ Գինը սկսվելու է 40 հազար դրամից։



Շապիկների վրա բացի նկարազարդումներից, որոնք արվում են թանկարժեք, էկոլոգիապես մաքուր գերմանական ներկերով, կան նաեւ տարբեր քարեր, հիմնականում՝ լեռնային բյուրեղապակի, սվարովսկի քարեր։ Գայանեն ասում է, որ ընկերուհու՝ Լիլիթի հետ որոշեցին թեկուզ այդ ձեւով, բայց վեր հանել ու ցույց տալ հայկական արվեստը. «Ունեմ նաեւ իկոնաներով զգեստներ, որոնց վրա աշխատանքը բավականին երկար է տեւում, բայց վերջում արդյունքը հաճելի է լինում։ Երբեմն զարմանում են, չեն հավատում, որ ձեռքով նկարած է, մի քանի շապիկներ ուղարկել եմ Իտալիա, Ամերիկա, Բելգիա, որտեղ էլի օտարազգիները մտածել են ձեռքով տպած է ու չեն հավատացել, որ ձեռքի աշխատանք է»։