Հրճվանքներ՝ ըստ Սերժ Սարգսյանի

Հրճվանքներ՝ ըստ Սերժ Սարգսյանի

Երեկ եթերով երեւի բոլորդ տեսել եք Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսը՝ կապուտակ, խնամված ստուդիայում, նույնքան տրամաբանված, անխոտոր մոնտաժով, ուր կողք կողքի նստած էին հայ լրագրության ներկայացուցիչները՝ լվացված ու կոկիկ, իսկ տղամարդիկ՝ մի քանի տակ սափրված, ինչպես ասում են՝ նախագահի համար կազմուպատրաստ: Եվ պասիվ կամ ակտիվ դիմախաղով սեր խնդրելը, այն էլ՝ նախագահից, ասուլիսի հիմնանյութերից էր դառնալու: Առհասարակ, սերը թեւածելու էր այստեղ: Սակայն սեր փնտրող-խնդրողներն ասուլիսի հենց սկզբից արդեն իսկ նոր կարգավիճակ ունեին՝ պոդիումից անթերի երեւացողին պարզապես նայելու (տես «Սիվիլնեթում» Մհեր Արշակյանի հոդվածը): 



Բայց լավ, վերջապես ո՞վ կարող է հստակորեն ասել, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանը նախաձեռնել ու կազմակերպել մամլո ասուլիսը, այն էլ առանց մի փոքր սեղան գցելու (գոնե մարդկանց, որոնց հարազատորեն անուններով էր դիմում, գինի ու միրգ հյուրասիրեր): Արդյոք Հայաստանում ապրող դեռեւս սթափ գիտակցություն ունեցող յուրաքանչյուր մարդու պարզ չէ՞ր նախագահի մտքինը: Սերժ Սարգսյանն այս ասուլիսը, ըստ երեւույթին, ավելի շատ կազմակերպել էր իր թիմակիցների համար՝ ցույց տալով, թե որքան վճռականություն ու կորով կա իր մեջ: Եվ, իսկապես, ե՞րբ էինք վերջին անգամ Ս. Սարգսյանին այսքան ոգեւորված, այսքան հրճվանքով լի տեսել: Այնքան չէինք տեսել, որ մեկ-մեկ տպավորություն էր, թե այս մարդն առողջության հետ կապված խնդիրներ ունի:



Ինքնաասուլիսն ուրիշ բան ցույց տվեց: Նախագահը կարծես նոր ծնված լիներ, կենսասիրության ու խանդավառության մեծ հոսանքներ կլանած, որ գիտի ամեն ինչ, պատրաստ է ամեն ինչի: Արտերկրներում, տարատեսակ հանդիպումների ընթացքում սսկված, մի անկյունում կուչ եկած դառնաղի դեմքով մարդուց հետք անգամ չէր մնացել:



Պարզ է՝ մոտալուտ վերածննդից առաջ արյան շրջանառությունն արագանում է, նոր հույսերն ու ապագայի լուսավոր տեսիլքները կարող են վերակենդանացնել հոգու ու մարմնի նույնիսկ մեռած բեկորները: Ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը ոչինչ չասելով՝ ամեն ինչ ասում էր, նրա հնչեցրած նախադասություններից եւ ոչ մեկում ՀՀ նախագահ գոյություն չուներ՝ գոյություն ուներ միայն ինքը: Ինքն իր շարունակության, իր լինելու տենչանքը գրեց ցուցանակի վրա ու փակցրեց ամենաբարձր աշտարակի գմբեթին, որ եւս մեկ անգամ տեսնենք, տեսնենք ու համոզվենք, որ ինքն իրենն է անելու, ինքն իր ստեղծած ժառանգությունն է պահելու, ինքն իր կյանքն է երկարացնելու, ինքն իր սարքած խրախճանքի մեներգիչն ու նավավարն է լինելու: