Հանրաքվե. Չարենցավանում «ամեն ինչ անող» Նորիկը եկել էր տաքանալու

Հանրաքվե. Չարենցավանում «ամեն ինչ անող» Նորիկը եկել էր տաքանալու

Չարենցավանի 26/12 տեղամասում, որտեղ քվեարկելու իրավունք ունի 1811 ընտրող, այս պահի դրությամբ քվեարկության է եկել ընդամենը 50-ը: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Սուսաննա Կոստանդյանը, ինչպես և 26/18 տեղամասում, Hraparak.am-ի թղթակցին այդ հանգամանքը բացատրեց առավոտյան ժամով:



Ի տարբերություն 26/18 տեղամասի՝ Չարենցավանի թիվ 6 դպրոցում տեղակայված 26/12 տեղամասում մեր թղթակիցը ականատես եղավ համեմատաբար աշխույժ տեսարանի, որի հիմնական մեղավորները ՀՀԿ-ի վստահված երկու անձինք էին, որոնք որոշել էին երկուսով միաժամանակ ներկա գտնվել, ինչը կանխվեց: Հանձնաժողովի նախագահը նրանց բացատրեց, որ կարող են գրանցվել երկուսով էլ, բայց ներկա կարող է գտնվել միայն մեկը:



Իսկ տեղամասում գտնվող մի տղամարդ էլ՝ Նորիկ Մալխասյան անունով, ով ո՛չ ընտրող էր, ո՛չ էլ որևէ կապ ուներ ընթացող հանրաքվեի հետ, մեր թղթակցին հարցին, թե ով է ինքը, բավականին կոշտ ձևով արձագանքեց, «թե ես ստեղի ամեն ինչ անողն եմ»։ Հետո էլ նշեց, թե պատասխանատուն է, հետո՝ տնտեսվարը, ապա պարզվեց՝ «պլիտա սարքողն» է, եկել էր պլիտան սարքեր, սարքելուց հետո էլ որոշել է մնալ ու տաքանալ։ 



Հետաքրքիր է, որ մեր թղթակցի խնդրանքին՝ ցույց տալ, թե որտե՞ղ է գրված, որ տեղամասում կարող են գտնվել ամեն ինչ անող, այդ թվում՝ պլիտա սարքող մարդիկ և արդյոք նա գրանցվե՞լ է մատյանում որպես այդպիսին, տեղամասի հանձնաժողովի նախագահը հաստատեց տղամարդու ասածները՝ այո, նա այս դպրոցի տնտեսվարն է, եկել էր պլիտան սարքելու, սարքելուց հետո էլ մնացել է՝ տաքանա։ Հետո խնդրեցին, որ ըմբռնումով մոտենանք իրենց պլիտան սարքած այդ մարդուն, առանց որի երևի իրենք ցրտից կսառչեին։



Ի վերջո, երբ այդպես էլ նրա գոյությունը՝ որպես հանձնաժողովի աշխատանքներին օրինական կարգով մաս կազմողի, չկարողացան բացատրել որևէ կերպ, «ամեն ինչ անող» Նորիկը դուրս եկավ տեղամասից։ Նշենք, որ հանրաքվեի ընթաքին այդ տեղամասում շարունակում հետևում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի վստահված անձինք: Ներկա են նաև «Ասպարեզ» ակումբի երկու լրագրող՝ Սևան քաղաքից։