Շատ թանկ վիդեոկոնֆերանսներ ՊՆ-ում

Շատ թանկ վիդեոկոնֆերանսներ ՊՆ-ում

Շաբաթներ առաջ մենք տեղեկություն էինք հրապարակել, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը «գործուն աջակցություն» է ցուցաբերել ՊՆ-ին առնչվող մի քրեական հանցագործության մեջ: Խոսքը նախարարության խոշոր մատակարարներից մեկի` գործարար Աշոտ Սարգսյանի կալանավորմանն է վերաբերում, որը տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերին։ Աշոտ Սարգսյանը ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնն ապահովել էր վիդեոկոնֆերանսների համար սրահների տեխնիկայով, որը ձեռք էր բերվել տարբեր երկրներից: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով, որ ՊՆ-ին ուռճացված գներ են ներկայացվել, հաշիվ-ապրանքագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ՝ այնպես, որ 500 հազար դոլարից ավելի գումար է յուրացվել։ Աշոտ Սարգսյանն «Էյ Ար Այ Սի Թի» ընկերության տնօրենն է, որը գործում է 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ է մատուցել պետական եւ հանրային կառույցներին, նրանց շենքերը կահավորել է համապատասխան սարքավորումներով: 



Աշոտ Սարգսյանին այս հարցում աջակցել է իր համերկրացին՝ Կոմիտաս Մուրադյանը, որը վերեւներում միջնորդել է, որ Սարգսյանի ընկերությունը մրցույթը շահի։ Նաեւ, ըստ լուրերի, իր «փայն» է պահանջել գործարքից: Ուշագրավ է, որ Մուրադյանն այս շաբաթների ընթացքում չարձագանքեց մեր հրապարակումներին, սակայն փորձել է հարցին «լուծում» տալ: Ըստ մեր տեղեկությունների, նա կալանավորված Աշոտ Սարգսյանի ընտանիքին է փոխանցել 10 հազար դոլար եւ առաջարկել իր թեման փակել, ասելով, որ իր «փայը» հենց այդքան էր, հիմա պարտք-պահանջ չկա, ու իր անունը չպետք է շոշափվի: Երեկ փորձեցինք զրուցել Աշոտ Սարգսյանի եղբոր՝ փաստաբան Արթուր Սարգսյանի հետ, որն իր եղբորն է պաշտպանում այս գործում, բայց նա, լսելով, որ իրեն թերթից են անհանգստացնում, անմիջապես անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Ավելի ուշ մեզ ասացին, որ փաստաբանը նիստի է, եւ մինչեւ ուշ երեկո չազատվեց: Փորձեցինք խոսել նաեւ Կոմիտաս Մուրադյանի հետ: Դրական պատասխան ստանալով, որ զանգահարել ենք պարոն Մուրադյանին, ներկայացանք ու նրա կարծիքը փորձեցինք լսել Աշոտ Սարգսյանի կալանավորման մասին։ Հենց այդ պահին մեզ հետ զրուցող անձը հայտարարեց, որ սխալ ենք զանգել, սխալ հասցեով ենք դիմել, ու այլեւս չպատասխանեց մեր զանգերին: