Շիրխանյանին ձերբակալեցին․ ո՞վ է հաջորդը

Շիրխանյանին ձերբակալեցին․ ո՞վ է հաջորդը

Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին եւ հաջորդ օրերին վնասազերծված խմբի հետ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ նախկին անդամ, Վազգեն Սարգսյանի զինակից Վահան Շիրխանյանի առնչության մասին մեր հրապարակումից ընդամենը չորս օր հետո նրան ձերբակալեցին՝ ՀՀ ԱԱԾ-ն դեկտեմբերի 19-ին հաղորդեց Շիրխանյանի ձերբակալության մասին, որը կայացել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու կասկածանքով»:



Այն, որ Վահան Շիրխանյանի անունը շրջանառվում է այս գործի շրջանակներում, մեզ հայտնի էր դարձել ձերբակալությունից օրեր առաջ: Թեպետ մեզ հետ զրույցում՝ դեկտեմբերի 14-ին, Շիրխանյանը համառորեն հերքում էր խմբի ու իր կապի մասին: «Ես ընդամենը ճանաչում եմ վարդապետին, նա մեր եկեղեցու վարդապետ է, բայց ես այդ մասին կխոսեմ այն ժամանակ, երբ ավելի կոնկրետ բաներ կլինեն…»,- մեզ փոխանցել էր ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Հայր Անտոնիոյի հետ իր հանդիպումը կայացել է 1-2 ամիս առաջ՝ Մոսկվայում, իսկ Հայաստանում վերջին շրջանում նրանք չեն շփվել: Շիրխանյանն արմատներով ջավախահայ է, դավանանքով՝ կաթոլիկ եկեղեցու հետեւորդ: Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Հայր Անտոնիոն բնիկ հորդանանցի հայ է, երիտասարդ տարիքում ծնողների հետ գաղթել է Ավստրալիա:



Վերջին տարիներին նա եկել է Հայաստան, որտեղ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է ունեցել, որպես Շիրակի մարզի Փանիկ եւ Արեւիկ գյուղերի հոգեւոր հովիվ, որոշ ժամանակ Կարիդասի տնօրինությունն է ստանձնել։ Հայր Անտոնիոն Գյումրիի հայ կաթողիկե առաջնորդարանում էր ապրում, իսկ ավելի ուշ հիմնադրել է հոգեւոր-մշակութային «Մարիամ» ռադիոկայանը: Երեկ նաեւ տեղեկություն տարածվեց, թե Շիրխանյանն ուղիղ կապի մեջ է եղել պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ, եղել է նրա ստեղծած Պահեստազորի սպաների համահայկական միության անդամ: Ավետիսյանը, սակայն, լրատվամիջոցներին հերքեց միության անդամության մասին լուրը, չհերքելով, սակայն, որ վերջին շրջանում Շիրխանյանը մի քանի անգամ հանդիպել է իր հետ՝ քննարկելու միությանն առնչվող հարցեր: Վերջին անգամ Ավետիսյանը Շիրխանյանի հետ հանդիպել է կալանավորվելուց մի քանի օր առաջ: «Պարոն Շիրխանյանը ողջունում էր այդ կառույցի գործունեությունը, դերակատարությունը: Ընդամենը այդքանով ենք մենք պարոն Շիրխանյանի հետ հանդիպել»,- «Ազատությանը» փոխանցել է Ավետիսյանը:



Մենք փորձեցինք զրուցել պաշտպանության գերատեսչությունում Շիրխանյանի հետ աշխատած որոշ անձանց հետ։ Պաշտպանության նախկին փոխնախարար, Վ. Շիրխանյանի հետ աշխատած Անդրանիկ Քոչարյանը չցանկացավ խոսել այս թեմայի մասին, ոչ այնքան սերտ շփումների ընթացքում Շիրխանյանի մոտ նա որեւէ կասկածելի բան չի նկատել: «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը ձերբակալությունից մեկ ամիս առաջ է հեռախոսով զրուցել Շիրխանյանի հետ, բայց խիստ կասկածում է տեղի ունեցող գործընթացին. «Հռոմի պապն էլ է կաթոլիկ, թող իրեն էլ կալանավորեն»: Գիմիշյանի կարծիքով, իշխանությունը բոլոր ոլորտներում անկում է գրանցում, հանրաքվեն էլ չկայացավ, ու հիմա, նրա խոսքով, նման միջոցառումներով փորձում են շեղել հանրության ուշադրությունը: Հայաստանի անկախացումից ի վեր Վահան Շիրխանյանը մշտապես քաղաքական թատերաբեմում է եղել: Առաջին նախագահի օրոք նրան նույնիսկ գորշ կարդինալ էին համարում:



Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Վահան Շիրխանյանը հայտնվում է ԱԱԾ տեսադաշտում. 2007 թվականին փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամների՝ Շիրխանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ։ Շիրխանյանի բնակարանից 28 հազար դոլար էին հայտնաբերել։ Խուզարկություն էր կատարվել նաեւ Արզումանյանի բնակարանում, որն այդ գործի շրջանակներում նաեւ կալանավորվեց։ Այն ժամանակ լուրեր էին շրջում, որ գումարների աղբյուրը Լեւոն Մարկոսն է՝ Հայաստանում «քցված» գործարարը, որը որոշել է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Հետագայում քրգործը կարճվեց։