Սուրենյանցին նորից կալանավորեցին

Սուրենյանցին նորից կալանավորեցին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, նրան ոստիկաններն ուղեկցել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Սուրենյանը վեց ամսվա ազատազրկումից հետո ազատության մեջ հայտնվեց հոկտեմբերին 1մլն դրամ գրավի դիմաց, սակայն դատավարությունը շարունակվում էր: Ըստ Սուրենյանցի կնոջ՝ Արփիի, Սուրենյանցին դատարանը երեկ ազատազրկել է 4 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել 178 հոդվածի 2-րդ մասով՝ խարդախություն. «Խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը, բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին եւ վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս վերցրել է 30 հազար ՀՀ դրամ եւ 454 հազար 286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար եւ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484 հազար 286 ՀՀ դրամ գումար»: Բացի այդ, Սուրենյանցը «որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձեւակերպելու եւ Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին եւ վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել եւ 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400 հազար եւ 800 հազար ՀՀ դրամ գումար»: Ինչպես նաեւ՝ Սուրենյանցն «ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին եւ Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել եւ 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ եւ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»: Ահա նրա մեղադրանքի հիմքում ընկած էպիզոդները։



Դատական նիստին Սուրեն Սուրենյանցը երեկ հանդես է եկել պաշտպանական ճառով ու հայտարարել, որ դա կատարում է հանպատրաստից, քանի որ նախագահող դատավորը՝ Արմեն Բեկթաշյանը, միայն նիստի ժամանակ է զգուշացրել իրեն, որ ինքը պետք է հանդես գա պաշտպանական ճառով, եւ ինքը ժամանակ չի ունեցել պատրաստվելու: Դատավորը պնդել է, որ դեկտեմբերի 10-ի նիստին ինքն այդ մասին հայտարարել է, մինչդեռ Սուրենյանցն էլ իր հերթին է պնդել, որ դա վերաբերել է իր պաշտպանին: Մեղադրողն էլ հայտարարել է, թե ամբաստանյալ Սուրենյանցը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ հաջորդ նիստին վնասը պետք է վերականգնի, բայց դեռ չի վերականգնել:
Ըստ Սուրենյանցի կնոջ՝ ամուսնուն կալանավորելու որոշումը պայմանավորված է բացառապես դատավոր Բեկթաշյանի՝ իր ամուսնու հանդեպ տածած անձնական թշնամանքով։ «Այդ մարդը Սուրենի ուսանողական ընկերն է եղել, դաշնակցական է, միասին անգամ քաղմաս են ընկել, հետո հարաբերությունները փչացել են»,- ասաց Արփին։



Այդ դեպքում ինչո՞ւ բացարկ չեն հայտնել դատավորին։ «Որովհետեւ Սուրենի մտքով չէր անցնում, որ կալանքի որոշում կկայացվի: Նույնիսկ հաշվի չառան, որ անչափահաս՝ 5 ամսական երեխա կա նրա խնամքին, հազիվ մտել էր հունի մեջ, աշխատում էր, մի կերպ հոգում մեր ծախսերը»: Տիկնոջ խոսքով, Սուրենյանցի պաշտպանը լավ չի պաշտպանել իր վստահորդին․ «Անժելան, դատավճիռը դեռ չհրապարակած, գնաց մեկ այլ դատի, զանգեցի, ասաց, որ կբողոքարկենք վերաքննիչում»: