Պատգամավորի հայրը՝ իր ձերբակալության մասին

Պատգամավորի հայրը՝ իր ձերբակալության մասին

Մի քանի ժամ առաջ տեղեկություն ստացանք, որ ձերբակալվել է ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Մուշեղ Պետոյանի հայրը: Ըստ տեղեկությունների՝ վերջինս հանցավոր համաձայնության գալով զինվորական զորամասերից մեկի աշխատակցի հետ, մեծ քանակությամբ բենզին է յուրացրել, որն էլ ցիստեռնով տեղափոխել է իր ընտանիքին պատկանող բենզալցակայան: Մենք փորձեցինք տեղեկատվության իսկությունը ճշտել իրավապահ մարմիններից եւ քաղաքային իշխանություններից:



Պատգամավոր Պետոյանը անհասանելի է արդեն մի քանի ժամ շարունակ, Արթիկի քննչական վարչության պետը պարզվեց արձակուրդում է, պետի տեղակալն էլ ծիծաղեց մեր ինֆորմացիայի առիթով, ասելով, որ քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը գողություն չի անի ու չի ձերբակալվի: Վերջապես Արթիկի քաղաքապետի օգնությամբ զրուցեցինք «գլխավոր հերոսի» Թուրինջ Պետոյանի հետ:



«Էս կյանքում ով կարա՞ ինձի ձերբակալի, ինչի՞ ձերբակալի» միանգամից գործի անցավ ողջ կենսագրությունը «դեմներս» դրեց.«Ես 14 տարի ավագանու անդամ եմ, չորս տարի լավություն կենեմ ժողովրդին, 28 հատ զոհվածների ընտանիքի փող կուդամ ամեն ամիս, ըդման լավ-լավ բաներ կանեմ, 50 տարի տուն եմ շինել, ոչ պապիրոս եմ քաշել կյանքիս մեջը, ոչ գումար եմ խաղացել, քրտնքովս 12 տարեկանից աշխատել եմ մինչեւ հմի 67 եմ, որ ձերբակալե՞ն»: Պատգամավորի հայրը մեկիկ-մեկիկ թվարկեց, որ ՍՊԸ-ներ ունի, ռեստորաններ, գազալցակայան, անգամ հանք.«Իմ կյանքում մարդ չեմ տրորել, ինձ ո՞վ կարա ձերբակալի»: Հետո մեր հարցերից Թուրինջ Պետոյանը բացվեց. «Իմ հանքիս ավտոն՝ Ուազը, տվել եմ ընկերոջ վարորդը գնացել համար սալյարկա է առել, եկել է չաստի կողքով է ճանապարհն անցել, կանգնացրել են վայենի ոստիկանությունը, թե բա զորամասից եք տարել էս վառելիքը: Եթե ես լինեի, ոչ մեկ իրավունք չէր ունենա մեքենան կանգնեցներ, շոֆեռն էլ չի վախեցել, գնացել են, պարզել, որ նման բան չկա, շփոթմունք է եղել»: Պետոյանն ասաց, որ գործ չի հարուցվել, ինքն էլ ոստիկանության հետ գործ չի ունեցել: Վստահեցրեց նաեւ, որ բենզինի լցակայան չունի:



Հ.Գ. Մինչ նյութը պատրաստում էինք, ինֆորմացիան հայտնվեց կայքերից մեկում, ինչը նշանակում է, որ ինչ որ բան, այնուամենայնիվ, եղել է: Իսկ քանի որ այս խավը ստելու հետ առանձնակի սեր ունի, ամեն ինչ էլ հնարավոր է: