Այդ ո՜ւր առանց Շմայս, Լիսկա, Թոխմախի Մհեր

Այդ ո՜ւր առանց Շմայս, Լիսկա, Թոխմախի Մհեր

Տարեվերջյան բանկետներից հետո նախագահ Սերժ Սարգսյանը, հավատարիմ մնալով բրեժնեւյան ոճին, պարգեւների ու մեդալների շքահանդես կազմակերպեց «կոլխոզում»: Տասնյակ հանրապետականների ու մի շարք հասարակական գործիչների նախագահը պարգեւատրեց մեդալներով ու տարբեր կոչումներով: Համացանցում մեդալների այս հեղեղը բացասաբար ընկալվեց, շատերն էլ փորձում էին կռահել, կապ գտնել՝ հանուն ինչի էր նրանց շնորհվել «Մխիթար Գոշ» մեդալ, կամ հայրենիքին մատուցած ո՞ր ծառայության համար է այս աննախադեպ երախտագիտությունը, մանավանդ որ պարգեւատրումը ոչ թե ապրիլի 1-ին էր, այլ նոր տարվա շեմին: Մենք որոշեցինք «չար ու նախանձ» չգտնվել եւ ոչ թե հարցադրում անել, թե ինչու են, ասենք՝ Էդուարդ Շարմազանովը կամ Կարեն Ավագյանն արժանացել նման բարձր պետական պարգեւի, այլ բողոքել, թե ինչու են Սերժ Սարգսյանի ուշադրությունից դուրս մնացել բազում «արժանավորներ»: 



Ասենք, ինչո՞վ է Շարմազանովից պակաս Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, որն անցնող տարում ոչ պակաս մասնակցություն ունեցավ «օրինաստեղծ» աշխատանքներին, խիզախորեն մարտնչեց բոլոր ընդդիմադիրների դեմ, կենաց-մահու անհավասար պայքար մղեց Զարուհի Փոստանջյանի դեմ, սրբորեն պահեց ու պահպանեց ՀՀԿ-ի թասիբը խորհրդարանում, անգամ պաշտպանության նախարարին ծառայություններ մատուցեց ու հայտնվեց ոչ պակաս սեքս-սկանդալում, քան ԱԺ փոխխոսնակը, որին թիմը ջրից չոր դուրս բերեց, իսկ Շմայս «բռնաբարն» արժանացավ էթիկայի հանձնաժողովի «ահեղ» դատաստանին ու պարտավորվեց ներողություն խնդրել իր «կգլխատեմ-կբռնաբարեմ» արտահայտության համար:



Կամ՝ ի՞նչ պակաս «մեդալացուներ» են օրենսդիր-գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը, ամեն նիստին իրենց ծանր տեղը «թեթեւացնում» ու պարտաճանաչ ԱԺ են գալիս՝ մականունավորներին կառավարելու, անհրաժեշտ պահերին էլ Գալուստ Գրիգորիչի պատգամավորահավաքության գործն իրենց ուսերին են վերցնում ու քվեարկություններին «խրամատները» դատարկ չեն թողնում:



Բայց Սերժ Սարգսյանն «ականավորներին» անտեսել ու ջահել-ջուհուլ կարիերիստներին է գնահատել: Նույն «Մխիթար Գոշին» է արժանացել նաեւ հավերժ երիտասարդ, ընդդիմության դեմ աշխատող հաստիքային «պորտատեղադրիչ» Կարեն Ավագյանը: Նույն մեդալով, բայց այս անգամ «Օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» էլ պարգեւ է հանձնվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Գառնիկիչին: Եվ, որպեսզի մամուլը «գաղջ» մթնոլորտն էլ ավելի չծանրացնի ու մութ սենյակում կատու չորոնի, Սերժ Սարգսյանը մի մեդալ էլ գլխավոր դատախազ, Գառնիկիչի երիտասարդ մրցակից Գեւորգ Կոստանյանի դոշին է փակցրել՝ անտեսելով, օրինակ, մեծն Լիսկային, որը մի ամբողջ մարզի արդարադատության համակարգի հիմնադիրն է՝ սեփական օրենքներով ու դատաստանագրքով: Սերժ Սարգսյանը չի մոռացել նաեւ նախարարաց դասին: Այստեղ մի ամբողջ խումբ նախարարներ են, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, որոնք պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Սակայն ցանկը դարձյալ ամբողջական չէ՝ Արմեն Աշոտյան, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան։ Իսկ ինչո՞ւմ են թերացել մնացյալները, ի՞նչ ծառայություն չեն մատուցել Սերժ Սարգսյանին, ներողություն՝ հայրենիքին, որ դուրս են մնացել նախագահի տեսադաշտից, դժվար է ասել: Ասենք, անցնող տարում հայրենիքին «մատուցած» ամենամեծ ծառայությունն է անտեսվել՝ Գորիկ Հակոբյանի ու Վովա Գասպարյանի մատուցած ծառայությունները:



Ի դեպ, պարգեւատրվածների խմբում է նաեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որի վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում մեր պատմության մեջ եզակի՝ դրամ-դոլար տատանումները գրանցվեցին, իսկ հայաստանցիներից շատերն էլ դարձան բանկերի գերին ու, կորցնելով վերջին ունեցածը, արտագաղթեցին երկրից:



Առաջին աստիճանի մեդալ է ստացել նաեւ Էդվարդ Նալբանդյանը: Իսկ արտաքին քաղաքական «ֆրոնտում» մարտնչող ԱԺ կանայք ինչո՞վ են պակաս՝ Հերմինե Նաղդալյան, Նաիրա Կարապետյան, Նաիրա Զոհրաբյան։ Եթե ԵԽԽՎ երկու հակահայկական բանաձեւերի հարցում Նալբանդյանը մեղք չունի, ապա ո՞րն է այս կանանց մեղքը։